Չորեքշաբթի , 25 Մայիսի 2022

Մեկ օր ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում


Մեկ օր ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

2022 թ․-ի ապրիլի 9-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանում հերթական անակնկալն էր կազմակերպվել։ Դպրոց էր այցելել հայրենիքից հյուրաբար մեր գաղութում գտնվող, ռազմահայրենասիրական երգերի անզուգական կատարող, ազատամարտիկ Մկրտիչ (Մակիչ) Մկրտչյանը։ Կրթօջախն իր ազգապահպանության ուխտին հավատարիմ՝ դպրոցական օրը վերածեց յուրօրինակ դասի, որի ընթացքում աշակերտները մտովի տեղափոխվեցին հայրենիք։ Մկրտիչ Մկրտչյանն աշակերտներին պատմեց Արցախյան հերոսամարտի փառապանծ դրվագների մասին։ Դպրոցականներին հատկապես հիացրեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին վկայությունները՝ համեմված գեղեցիկ երգերով։ Վերջում Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսչության և գիտակրթական հանձնախմբի անունից հյուրին շնորհակալագիր հանձնեց դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։

Ուսուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև հայտնի մանկավարժ, դոկտ․ Էլլի Անդրեասյանը, օրվա հյուրը ներկայացրեց իր տիկնոջ՝ Արուսյակ Սիմոնյանի «Ամպի չափ» վերտառությամբ մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ Այն աչքի էր ընկնում նրանով, որ յուրաքանչյուր ստեղծագործություն, նույն էջի վրա ուներ իր արևմտահայերեն և արևելահայերեն տարբերակը։ Նմանօրինակ գործերը գալիս են լրացնելու այն բացը, որ այսօր գոյություն ունի սփյուռքում, այն է մեր մայրենի լեզվի երկու ճյուղերի համադրությամբ՝ պահպանել ու տարածել ոսկեղենիկ հայոց լեզուն։ Գրքի առանձնահատկություններից մեկն էլ իր հետաքրքրական պատկերազարդումներն էին։
Օրն ավարտվեց առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի հետ հանդիպմամբ և Սրբազան հոր օրհնությամբ։

Դիվան առաջնորդարանի
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com