Երկուշաբթի , 27 Հունիսի 2022

ՊԵԿ նախագահի տեղակալի աթոռը չազատված՝ արդեն թեժ մրցակցություն է սկսվել այդ պաշտոնի համար. «Հրապարակ օրաթերթ»

Այսօր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Այդ պաշտոնում նա համակարգում էր մաքսային ոլորտը։ Պատճառը, ըստ տարածված տեղեկությունների, նրա և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի միջև եղած կոնֆլիկտն է եղել: Նրանց հարաբերությունների լարվածության և մոտալուտ ազատման մասին մենք պարբերաբար լուրեր էինք ստանում, սակայն Շուշանիկ Ներսիսյանը համառորեն հերքում էր դրանք։ Մեզ ասում էին, որ նրան Փաշինյանի կինը՝ Շուշանիկի ընկերուհի Աննա Հակոբյանն է պահում պաշտոնին։ 
Ու դեռ ՊԵԿ նախագահի տեղակալի աթոռը չազատված՝ արդեն թեժ մրցակցություն է սկսվել այդ պաշտոնի համար։ Մեզ ասացին, որ թեկնածուները մի քանիսն են, ամեն մեկը ցանկանում է իր ուզած մարդուն բրթել առաջ ու նստեցնել Շուշանիկի տեղը, քանի որ ՊԵԿ նախագահի՝ մաքսային ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը ամենայուղոտ պաշտոններից է, և չի կարելի այդ շանսը ձեռքից բաց թողնել։ 
Մեզ ասացին, որ այս պաշտոնի վրա աչք ունեն ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, նախկինում ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Անրի Վարդանյանը, որը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, և որի համար հենց աներն է փորձում բարեխոսել Փաշինյանի մոտ, նախկինում իմքայլական պատգամավոր, այժմ ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանը, նախկինում ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 6 բաժնի պետի տեղակալ, այժմ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի անունն էլ է քննարկվում, որը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, նաև մի անհայտ դեմքի անուն է շրջանառվում՝ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Շավարշ Գրիգորյանի, որը 2021 թ․ հոկտեմբերին նշանակվել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խորհրդականի պաշտոնում։ Նրան էլ, հավանաբար, Բադասյանն է ուզում առաջ բրթել։
Մեզ ասացին, սակայն, որ հիմնական պայքարը Երջանիկ Հակոբյանի և Սուրեն Ղամբարյանի միջև է։
Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ ՊԵԿ մաքսային տերմինալների ավելի քան 50 աշխատակիցներ բողոք-նամակ էին հղել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի դեմ՝ պահանջելով հերքել կամ ներողություն խնդրել դրանից առաջ «Հրապարակին» տված հարցազրույցում իր արած մի շարք հայտարարությունների համար՝ իբրև թե տերմինալներով կոռուպցիոն երևույթներ կան մնացած՝ 5-10 հազար դրամի չափով «շնորհակալություն» հայտնելու տեսքով։ Մեզ ասացին, որ մաքսայինի աշխատակիցներին հենց Շուշանիկ Ներսիսյանն էր ուղղորդել Բադասյանի դեմ։ Թերևս դա էլ է նպաստել իրենց միջև առկա կոնֆլիկտի խորացմանը, որից, փաստորեն, հաղթող դուրս եկավ Բադասյանը։ 
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ընդդիմության դիլեման. հիմա կամ երբեք

Տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ներկա գտնվել ընդդիմության հրավիրած ապրիլհինգյան հանրահավաքին: Փաստն ինքնին ոչ միայն խոստումնալից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով