Երկուշաբթի , 27 Հունիսի 2022

Պիպոն դիրքավորվելու է հասարակական-քաղաքական դաշտում, դառնալո՞ւ է մի նոր հեղափոխական, թե՞ տակից թելելու է իշխանությունների թելը

Հայաստանից ՔՊ-ական իշխանության օրոք փաստացի վտարված «Դոն Պիպոն», որի՝ քաղմաս բերման ենթարկման կադրերը շատերի հիշողությունում անջնջելի հետք են թողել, չափազանց հնչեղ անվամբ նոր շարժում է ստեղծել՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժում»:
Իր ուղերձում, մասնավորապես, «Պիպո Դոնը» հայտնել է, որ պատրաստվում է բարձր պահել հայ տղամարդու արժանապատվությունը, առաջնորդվել հայկական ընտանիքների շահերով: Համոզմունք հայտնելով, որ միլիոնավոր հայեր սպասել են «այս արդար շարժմանը»՝ «Դոնը» հայտարարել է, թե պատրաստվում է շենացնել հայրենիքը:
«Պիպոյի» այս հայտարարությունը կարելի է իսկական անակնկալ համարել հանրության համար՝ հաշվի առնելով հատկապես «նոր» Հայաստանում նրան բաժին հասած ճակատագիրը: Բանն այն է, որ մի անգամ կարծես թե Պիպոն փորձել էր որոշակի դերակատարում ստանձնել հեղափոխությունից հետո, բայց, փաստորեն, ձախովել էր ու արժանանալով իշխանությունների հակակրանքին՝ փաստացի փախել երկրից:
Ի՞նչն է ստիպել Պիպոյին դառնալ «ասպետ» ու բարձրաձայնել այնպիսի արժեքների մասին, որոնք, թվում է, ոչ մի ընդհանուր բան չեն կարող ունենալ մաֆիոզ մեկի հետ:
Ըստ երևույթին գործ ունենք ինչ-որ խաղի հետ՝ գեղեցիկ բեմադրված ու բարեհունչ անվամբ, որի նպատակը ներհայաստանյան հասարակական-քաղաքական պրոցեսներին մասնակից դառնալն է: Պիպոն երևի որոշել է առայժմ ձեռնպահ մնալ կուսակցություն ստեղծելուց, բայց որպես առաջին քայլ ինքնաարտահայտվել է հենց այսպես: Այս իմաստով հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Պիպոն դիրքավորվելու հասարակական-քաղաքական դաշտում, դառնալո՞ւ է մի նոր հեղափոխական, թե՞ տակից թելելու է իշխանությունների թելը՝ ասենք դառնալով տրոյական ձիու պես մի բան:
Բոլոր դեպքերում արձանագրենք, որ հնչեղ, գեղեցիկ անվանումներով ՀԿ-ներ կամ շարժումներ ստեղծելը չի կարող ջրել դրանք բացողների անցյալին ու ներկային բնորոշ կեղտը: «Պիպոն» ի՞նչ գործ ունի վերամբարձ բաների հետ, եթե նրա արժեհամակարգն ու ապրածը հակառակ է մարդասիրությանն ու տարրական բարոյականությանը:
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վստահության ճգնաժամ. ինչո՞ւ են կասկածում իշխանություններին

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր տարակուսանքն է հայտնել՝ կապված «Զանգեզուրի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով