Ուրբաթ , 12 Օգոստոսի 2022

Սփյուռքահայերի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կարգը կխստացվի

Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

Նախագծում ասվում է, որ Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակություն հաստատելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, սակայն «Քաղա­քա­ցիու­­թյան մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համար­վում Հայաստանում բնակություն հաստատած:
«Մասնավորապես, ՀՀ քաղաքա­ցիու­թյուն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ Հայաստանում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրա­վունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու հա­մար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հա­յաս­տանում: Սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը, որի խնամակալը ՀՀ քաղաքացի է, կարող է ստա­նալ քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջ­նե­րի պահպանման: ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում օրենքն առա­­վել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ»,- ասված է հիմնավորման մեջ։
Գործող օրենքի նկատակը, ըստ ԱԱԾ-ի՝ հայ­րե­­նադարձությունը խթանելն է, սակայն ծառայության կողմից վերջին տարիներին կատարված ուսումնասիրություն­նե­րի արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար զանգվածը, հատկապես Մերձավոր Արևելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ․ «Իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով և, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն։ Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»։
ԱԱԾ-ն հանգել է այն եզրակացության, որ ազգությամբ հայերի համար սահմանված խրախուսող նորմերը փաստացի ոչ ամբողջապես են ապահովում օրենքում ներդրված նպատակների իրականացումը:
«Ակնհայտ է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լար­վա­ծության և ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակ ռե­սուրս­ներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կեն­սագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժա­նահա­վա­տության անհրաժեշտ խորը և բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ ան­ի­րատեսական է դառնում»,- նշված է հիմնավորման մեջ։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԴԱՏԱԽԱԶԸ ՎԱՐՈՒՅԹԻՑ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԵՒ ԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՄԲԻՆ . «Հրապարակ օրաթերթ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` գլխավոր դատախազությունը վարույթից հեռացրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա թիկնազորի նախկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով