Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Ինչի՞ մասին էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որի ընթացքում հնչել է հարցերի բավական լայն շրջանակ, ևս մեկ առիթ դարձավ՝ համոզվելու, որ ի դեմս երկրորդ նախագահի, Հայաստանն իսկապես ունի իրական այլընտրանք: Քոչարյանը ոչ միայն մատնանշել է առկա խնդիրներն ու ճշգրիտ կերպով նկարագրել ներկայիս վիճակը, այլև, ըստ էության, ցույց է տվել այն ճանապարհը, որը կարող է դառնալ ելք՝ երկիրը դուրս բերելու փակ շրջանից:

Հատկանշական է, որ հակառակ իշխանական ստահոդ քարոզչության կամ տարածված թյուր կարծիքի, թե իբր Քոչարյանը սեփական անձից անդին ուրիշ ոչինչ չի տեսնում՝ ամենից առավել կարևորելով սեփական քաղաքական շահերը, երկրորդ նախագահի ասուլիսից պարզ դարձավ, որ ցանկացած նմանօրինակ պնդում ոչ միայն մերկապարանոց է, այլև՝ անբարոյական:
Քոչարյանը պատրաստ է կանգնել ցանկացած մեկի կողքին, աջակցել նրան, ով իսկապես կկարողանա մատնանշել այն ուղին, այն գործիքակազմերը, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը՝ Հայաստանի անունից բանակցողի անձի փոփոխությանը, որը գուցե ոչ բավարար, բայց միանգամայն կենսական անհրաժեշտություն է՝ երկիրն անվերապահ կապիտուլյացիայի գորշ հեռանկարից փրկելու համար:
Քոչարյանի խոսքը, հնչեցրած հայտարարություններն ու հարցերին տված պատասխանները միանգամայն պրագմատիկ, ավելորդ կաղապարներից դուրս գտնվող ելույթ էր: Սա ակնհայտ էր նաև նրա՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի ունեցած ռեսուրսների, պոտնեցիալ դաշնակիցների մասին խոսքից:
Քոչարյանը կարևորում է արտաքին գործընկերների ու դաշնակիցների գործոնը, բայց այն բնավ չի ֆետիշացնում՝ որպես իրավիճակից միակ հաստատուն ելք մատնանշելով Հայաստանի ունեցած ռեսուրսների համախմբումը:
Պետք է նախ ինքդ պայքարի դրոշը բարձրացնես՝ մի կողմ դնելով «խաղաղության օրակարգի» մասին կեղծ թեզերով ինքդ քեզ սնելը, ու այդ դեպքում միայն ի հայտ կգան դաշնակիցներ:
Պետք է համախմբվել ոչ թե հանձնվելու, այլ պայքարի օրակարգի շուրջ, որը միակ առհավատչյան է Հայաստանի հետագա գոյատևման:
Եթե չկան ազգային իղձեր, չկա Արցախի համար պայքարի շարունակականություն, ապա չկա և Հայաստան, իսկ եթե չկա Հայաստան, ապա չկա նաև հայություն:
Ինչ վերաբերում է նախագահների վերջին հանդիպմանը՝ Էջմիածնում ու այդ հանդիպումից ունեցած ակնկալիքներին, ապա Քոչարյանը հստակորեն հասկացրել է, որ մեծ սպասելիքներ առանձապես չունի, քանի որ բացառում է, որ նախագահները կհամաձայնվեն համախմբվել կապիտուլյացիոն փաստաթղթի շուրջ, որքան էլ ոմանք դա համարեն անայլընտրանքային:
Մնում է հուսալ, որ ամենամոտ ապագայում, հնարավորինս շուտ իսկապես կգտնվեն այն ուղիներն ու միջոցները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ծանրագույն վիճակից: Դրա համար կա բավարար կամք, կա անկոտրում ոգի ու անցած հաղթական ճանապարհ, որի կրողներն այսօր էլ պատրաստ են կրկնել անցյալի սխրանքն ու հարություն տալ հայոց մեռնող պետականությանը:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ կտա Հայաստանին ֆրանսիայի Սենատի բանաձևը

Ֆրանսիայի Սենատի կողմից հայանպաստ բանաձևի ընդունումը, որը փաստացի Ադրբեջանի պարտությունը պետք է համարել, անկասկած, նշանակալի …