Արտառոց դեպք՝ Հայաստանում. ովքե՞ր են պարեկներն իրականում


Աշտարակի Կարբի գյուղում բավական արտառոց դեպք է գրանցվել. պարեկը փորձել է բնակարաններ ներխուժել ու թալանել, բայց բնակիչները կանխել են ներխուժումն ու ծեծի ենթարկել նրան, ինչի հետևանքով պարեկը հայտնվել է հիվանդանոցում: Ավելին՝ նույնիսկ կա տեղեկություն, որ բնակիչները 2-րդ հարկից ցած են նետել պարեկին։
Թե ով է եղել պարեկը, ինչ անուն-ազգանունով, կարծես թե դեռևս հայտնի չէ, բայց, անկասկած, էականը պարեկի ոչ թե անուն-ազգանունն է, այլ՝ նրա կերպարը, որը ծնում է չափազանց ակտուալ հարցեր՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի արագությամբ են Հայաստանում բուծվում պարեկները, որոնք դարձել են հայրենի իրավապահների յուրատեսակ դեմքը, և որոնց աշխատանքի որակի շնորհիվ է, որ շարքային քաղաքացիները կարծիք են կազմում Ոստիկանության մասին:
Բանն այն է, որ Հայաստանում այս ծառայության ներդրման գաղափարը դրսից ներշնչված իդեա է, որի գովազդով ժամանակին ու թերևս հիմա էլ զբաղվում են սորոսական գրանտներով սնվող որոշ անհատներ՝ համարելով, որ այս ինստիտուտի ներդրմամբ Հայաստանը դառնում է քաղաքակիրթ աշխարհի մասնիկ:
Բայց խնդիրն այն է, որ պարեկային ծառայություն ընդունվելու համար անհրաժեշտ պահանջները, մեղմ ասած, հեռու են միջազգային ստանդարտներից, քանի որ պրակտիկորեն ցանկացածը, ով ունի զինվորական գրքույկ, կարող է դառնալ պարեկ: Այս առումով իրավիճակն առավելապես մտահոգիչ է մարզերում ծառայող պարեկների պահով:
Վերոհիշյալ դեպքը բաձրացնում է ամենակարևոր հարցադրումը՝ ո՞ւմ է ՀՀ քաղաքացին կամ Հայաստանի պետությունը վստահում իր ներքին անվտանգությունը, ինչպիսի՞ նկարագրի տեր մարդիկ են պարեկային ծառայությունում ներգրավվածները, կամ արդյոք այս դեպքից հետո չե՞ն վերանայվի այն չափորոշիչները, որոնց համապատասխանելու պարագայում է միայն, որ թույլ է տրվում այս կամ այն քաղաքացուն անցնել ծառայության:
Որքան էլ պարեկների գոյությունը քաղաքականապես ձեռնտու լինի, առաջնային պլան պետք է մղվեն նրանց մատուցած ծառայությունների որակին ու անձնական հատկանիշներին առնչվող խնդիրները: Առանց այն էլ երկրում վխտում են հանցագործները, ուստի դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հիմա էլ նրանց շարքերը համալրեն պարեկները:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանը գերագնահատել է Պարեկային ոստիկանության դերը՝ փորձելով արդարացնել տասնյակ միլիարդների մսխումը

Արտաշատում մասնակցելով Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը՝ Նիկոլ Փաշինյանը ականջ …