Երեքշաբթի , 5 Մարտի 2024

Ատում եմ նրանց` բառիս իսկական իմաստով, որ հարամել են մեր կյանքը, անգամ դասերս, որին այսօր առերեսվեցի..


Ճառ ասող և զանգ կախող ունենք, ով, լրագրողների պարզ ու մատչելի հարցերի պատասխանները խեղաթյուրելով, խուսափում էր ասել, որ մի ստորագրությամբ Արցախը վաղուց է հանձնել Ադրբեջանին, հիմա էլ հերթը Հայաստանինն է։
Չեմ կարողանում լսել մեկին, ով մեզ զրկում է տունուտեղից` հասկացնելով, որ հակառակ դեպքում` կառերեսվենք ցեղասպանության։ Անհնար է լսել մեկին, ով, կառչած պաշտոնից, վաղուց պիտի հրաժարական տար, որ ապրեր երկիրը։ Հնարավոր չէ տանել մեկին, ով արդարացում է փնտրում իր գործած բոլոր չարիքների համար…
Հայտնվել ենք մեր ներսի հակադրությունների երկու բևեռում, երբ արցախատյաց տերերը երկիր են հանձնում, իսկ արցախցիներս սեղմած ատամներով ձգտում ենք պահել երկիրը։ Ատում եմ նրանց` բառիս իսկական իմաստով, որ հարամել են մեր կյանքը, անգամ դասերս, որին այսօր առերեսվեցի…
Երկրորդ հերթին 6֊րդ դասաժամով 8֊րդ դասարան մտա։ Աշակերտները, մեկը մյուսից առաջ ընկնելով, ուզում էին հարցեր ուղղել ինձ։ Սկզբում չկողմնորոշվեցի` մտածելով, որ գրականության դասանյութի` Մեծ եղեռնի զոհ դարձած գրողի` Զոհրապի մասին է։
Հարցերը շատ էին, ուղղակի դառնությամբ լսում էի նրանց։
–Ճի՞շտ է, ասում են` մեզանից մոտիկ թշնամու զորքի կուտակումներ կան։
–Ասում են` թշնամիների հետ պիտի ապրենք, բայց ինչպե՞ս, դա անհնար է։
–Մեզ այստեղ կոչնչացնե՞ն, թե՞ թույլ կտան դուրս գալ Արցախից։
–Ինչու՞ են Արցախը տեսնում Ադրբեջանի կազմում, թող մեր կարծիքը հարցնեն։
–Կարո՞ղ է պատերազմ լինի, մենք ինչպե՞ս պիտի փրկվենք…
————————————————–
Զայրույթով էր լցված սիրտս, թե ինչու՞ էի լռել, չգիտեմ… Պիտի խոսեի, բայց չէր ստացվում, երբ կոկորդս խեղդում էին շարունակվող բազմաթիվ հարցերի պատասխանները…
Լռելն անհնար էր…Վերջապես ես խոսեցի, այն էլ` ամբողջ դասաժամին։ Խոսում էի` խնայելով նրանց, խոսում էի հանգիստ, որ ավելի շատ չպղտորեմ նրանց մաքուր հոգիները, երբ ստիպված էին լսել նաև իրենց ուսուցչուհու կողմից դատապարտող խոսքեր…
Չգիտեմ` նրանք ինչպե՞ս կքնեն այս գիշեր, բայց առաջարկեցի դաս սովորել, որ վաղը նորից դպրոցում հանդիպենք։
Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բոլորը՝ 32-ի դիմաց. վատ գործա՞րք, թե՞ մարդասիրություն

Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը որոշել է ազատ արձակել 32 հայ զինծառայողի, ինչի դիմաց հայկական …