Հինգշաբթի , 25 Ապրիլի 2024

Ու երբվանի՞ց որոշվեց ցեղասպանել մեզ

Հոգեվարքի մեջ գտնվող հիվանդին եթե ամեն անգամ ներարկեն նույն խոսքը, որ շուտով մեռնելու է, կարծում եմ` նա երկար կյանք չի ունենա։ Բայց արցախցիներին տարբեր եթերներով հասկացվում է, որ ցեղասպանվելու են, ու զարմանալիորեն կյանքը շարունակվում է, կարծես թռուցիկ ասված խոսք է, որ վաղուց այդ մասին գիտենք ու տեղ չենք տալիս տարբեր հարթակներից հնչող այդ մահաբեր գույժին։

Իմացա, որ ֆրանսիացի փաստաբաններ են այցելել Սյունիք, տեղեկացել իրավիճակին ու եկել հետևության, որ Սյունիքի ժողովրդին էլ սպասվում է ցեղասպանություն։
Բառի գործածությունը ցեղասպանվողներիս համար սարսափազդու է, բայց անհաշտ ենք գործածության հետ, երբ գիտենք, որ հայոց ցեղը չի վերանալու արցախցիների ու սյունեցիների բնաջնջումով։
Ու երբվանի՞ց որոշվեց ցեղասպանել մեզ։
Ըստ լրատվական աղբյուրների` անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրագայում ստորագրված փաստաթղթի համաձայն` Արցախը և Սյունիքի մոտ 73 բնակավայր հանձնվում է Ադրբեջանին։
Ստացվում է, որ այս ամիսների ընթացքում մեզ հարմարեցրին «ցեղասպանվելու» չարաղետ բառին, որից զերծ չմնաց «հայաթափվելը», որը պակաս սարսռազդու չէ մեզ համար, որ պիտի տուն֊տեղ, հայրենիք թողնենք, հեռանանք…
Գնալով օղակը սեղմում է թշնամին, նոր ադրբեջանական անցակետ է դրվել «միջանցքում» ու հասկացնում են, որ ցեղասպանվելու կամ հայաթափության համար մեզ ժամանակ է տրված` մինչև մայիսի 10֊ը, ոմանք 14 են նշում` հնարավորություն տալով 4 օր էլ ավելի ապրել։
Արցախում մեր ողբերգական վերջաբանի օրերը չենք հաշվում, քանի դեռ բանջարեղենի նոր սածիլներ են դրվում հողում, կարտոֆիլ են ցանում, շինարարի մուրճի ձայնն է լսվում, տուն է վերանորոգվում, սպասում են նորածին մանկան ծննդին, պատրաստվում են դպրոցական «Վերջին զանգին», նախապատրաստվում դպրոցական և բուհական քննությունների…
Դասականի խոսքն եմ հիշում` Ես երգելով կուզիմ մեռնիլ…Ու նա դարձավ եղեռնի զոհ այն մեկուկես միլիոնից անբաժան…
Ես փորձում եմ հակադարձել նրան, որ մենք երգելով կուզենք ապրել…Երգելով այգի մշակենք, երգելով սերմը հողին հանձնենք, երգելով դիմավորենք մանկան աշխարհ գալը, դպրոցին երգելով հրաժեշտ տան շրջանավարտները…Ու այսպես կյանքը շարունակվի…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com