Երեքշաբթի , 5 Մարտի 2024

Ճշմարտության ու կեղծիքի միջև…

Ճշմարտության ու կեղծիքի միջև…

Տարբեր իրավիճակների նկատմամբ շրջապատի վերաբերմունքը մտածելու տեղիք է տալիս։ Այս օրերին զոհվածի մոր հանդեպ վերաբերմունքը դարձել է սևերի ու սպիտակների պայքար։ Շատերին հասու չի սգավոր ծնողների անդառնալի վիշտը, այնպես, ինչպես Արցախի հանձնումը…Հարց է` իշխանությունը մի օր կփոխվի, բայց նրանք կփոխվե՞ն, թե՞ կշարունակեն ոտնատակ տալ բոլոր արժեքները…
Խոսքս ամենևին միամիտ մասսայի մասին չէ, այլ կան հայրենիք հանձնողներին պաշտամունքի աստիճանի վեր բարձրացնողներ, ովքեր ուզում են «հանգիստ» ապրել։ Նրանց համար կարևորը իրենց տերն է, ով հանցանք էլ գործած լինի, նրա արարքով է չափվում «ճշմարտությունը»։
Պաշտոնական տվյալներով` հունվարի 13֊ին մեկ տոննա թմրանյութ է մտել Հայաստան։ Հունվարի 16֊ին առգրավել են մոտ երեք տոննա թմրանյութ Իտալիայում, որը պիտի ներկրվեր Հայաստան։ Մեկ շաբաթվա ընթացքում միջազգայնորեն տեսանելի հանցագործություն, որը պիտի մեկ միլիարդ հարյուր միլիոն եվրոյի շահույթ բերեր թմրանյութերի տերերին։
Եվ այս խայտառակ պատկերի ֆոնին` զոհվածի մոր հետ տեղի ունեցած դեպք` պատահական թե ոչ պատահական, չի կարևորվում, երբ թմրանյութերի բիզնեսով հարբածները ողջ-առողջ շրջում են, զոհվածի մայրը կալանավորված է։
Եվ ինչո՞վ են փորձում ծածկել այդ ամենը`
Տավուշում «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարով, որին մասնակցում է երկրի պատասխանատուն իր ընտանիքով։ Այն էլ` ուրախ ու գոհ, կարծես ոչինչ չի եղել։
Եփեսոսի բնակիչ, ազգությամբ հույն Հերոստրատը դարեր առաջ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող Արտեմիսի տաճարը վառեց, որ իր անունը հիշվի։ Մնում է ասել` դարերին մնացած մերօրյա չարագործների տխրահռչակ անունները թող «փառավորվեն» «Հող հանձնողի գավաթով»։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com