Հինգշաբթի , 3 Հոկտեմբերի 2024

Սուրեն Պապիկյանը կշարունակի քայքայել բանակը. դա պարզ էր դեռ 2018-ից

Մինչ ՀՀ ԶՈւ-ն սկսել է իր շարքերն ընդունել թերուս, մտավոր հետամնացություն, կիստաներ և գիշերամիզություն ունեցողներին՝ Կառավարության կողմից ապրիլի 18-ին կայացված որոշման հիմքով՝ կրճատելու այն հիվանդությունների թիվը, որոնցով ոչ պիտանի են համարվում զորակոչի ենթակա քաղաքացիները, ինչը, իր հերթին, հարուցել է փորձագետների ու ազգաբնակչության տարակուսանքը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել հերթական բոցաշունչ ելույթով՝ հայտարարելով՝ սպայական խավը համալրելու և ՀՀ պաշտպանությանը զինվորագրվելու պատիվը պիտի գայթակղիչ լինի հայ պատանիների համար:

Պապիկյանը հունիսի 28-ին ներկա էր գտնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: «Պիտի խոստովանենք,-ասել է Պապիկյանը,-որ ռազմական ակադեմիայի բոլոր ձեռքբերումները կդառնան ապարդյուն, եթե մենք չտեսնենք դրանց արձագանքներն ամեն տարի ընդունելության քննությունների ժամանակ՝ արձանագրելով դիմորդների թվի շոշափելի ավելացում»: Որպես գրավիչ հանգամանք, Պապիկյանը մատնանշել է նաև այն, որ պետությունը ռազմական բուհի շրջանավարտ սպային ապահովում է երեքսենյականոց բնակարանով՝ իր հայեցողությամբ տնօրինելու, իսկ 20 տարի ծառայելուց հետո նաև սեփականաշնորհելու իրավունքով:
Հայաստանի վիճակն օրհասական է. պատերազմից հետո երկու անգամ մեծացած հայ-ադրբեջանական սահմանը հսկելու պրոբլեմ կա, քանի որ Հայաստանի բանակի թվաքանակը թույլ չի տալիս պատշաճորեն իրականացնել այդ գործառույթը: Բացը լրացնելու համար ՊՆ-ն ռազմական հավաքներ է իրականացնում՝ մասնակիցներին գործուղելով հայ-ադրբեջանական սահման՝ այն հսկելու:
Պատերազմից հետո Հայաստանի բանակն էապես քայքայվել է, և դեռ երկար ժամանակ ու միջոցներ են պահանջվելու՝ այն նախապատերազմական վիճակին բերելու, և այս իմաստով, այո՛, չափազանց կարևոր է զինվորական գործի գրավչության բարձրացումը, ինչը, սակայն, այս իշխանությունների պարագայում պրակտիկորեն անիրագործելի է:
Հարցը բնավ սոցիալական ոլորտին չի առնչվում՝ չնայած, անկասկած, այդ հանգամանքն էլ կա: Այսօր բանակը հայտնվել է մի իրավիճակում, երբ իր պարտականությունն իրականացնող զինվորին դատում են, իր դեմ իրեն սպանելու եկող թուրքին կրակելու կամ սանձելու համար դատապարտում, իսկ կարմիրբերետավորների աշխատավարձերն ու պարգևավճարները մի քանի անգամ գերազանցում են սահմանը հսկող պայմանագրայինների ստացած աշխատավարձերին: Ասել կուզի՝ այս իշխանությունները պրակտիկորեն ոչինչ չեն արել՝ վերականգնելու հայոց բանակի երբեմնի բարի համբավը, ապացուցելու, որ ոչ թե խոսքերով, այլ գործերով են արժևորում հայ սպայի վաստակը:
Սա բնական է. 2018-ից ի վեր էր պարզ, թե ինչ կարգի իշխանություների հետ ենք գործ ունենալու: Մի իշխանություն, որն իր երկրի հերոս գեներալի վրա գործ է «կարում» ու շոու սարքում՝ նրան զինվորի բաժին գողացող ներկայացնելով, չէր կարող բանակի հանդեպ այլ վերաբերմունք դրսևորել, չէր կարող ուսադիր հարգել: Այսօր ՔՊ-ական իշխանությունը միայն ոստիկանական ուսադիրների առաջ է ծնկի գալիս, իսկ բանակայիններին համարում է ավելորդ բեռ, և եթե ձեռքին ճար լիներ, բանակն առհասարակ կցրեին՝ փոխարենը պահելով ոստիկանական սահմանափակ զորքեր, այսինքն՝ կանեին այն, ինչ որ ցանկանում է թշնամին:
Եթե չհաջողվի այս իշխանություններին հեռացնել, այդ օրն էլ է գալու, և բոլոր զինվորականները ստիպված «միլիցա» են դառնալու,որ կարողանան ինչ-որ ձև ընտանիք պահել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Զարեհ Սինանյանը չի ցանկացել խոստովանել, որ հենց իրենք են խզել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները

Նկատառմանը, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստան-Սփյուռք կապն էապես խզված է, ինչպես նաև վերացել է Սփյուռքը …