Չորեքշաբթի , 30 Ապրիլի 2025

Երեկ օրը թումանյանական էր, մասնակցում էինք Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնում Թումանյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպված միջոցառմանը


Երեկ օրը թումանյանական էր, մասնակցում էինք Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնում Թումանյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Ինձ հետաքրքրում էր այն «Ոսկե դարանը», որը պարզվեց` շտեմարան է Թումանյանի հեքիաթների և բանահյուսական արժեքների տարածման համար` աուդիո տարբերակով։

Նախապես տեղեկացա, որ այդ ձայնադարանում 22 հեքիաթ է` տաղանդավոր դերասանների և մտավորականների ընթերցմամբ, երաժշտական ձևավորմամբ։ Այն շատ տեղին էր բնութագրված, որ «Ոսկե դարանը» թումանյանական պատուհան է դեպի մեծ աշխարհ։
Թանգարանն իր դռները բացել էր հյուրերի առջև` մասնակցելու «Ոսկե դարան» բջջային հավելվածի շնորհանդեսին։ Եվ որքա՜ն գեղեցիկ էր ձևակերպված միտքը, որ
Ո Ս Կ Ե Դ Ա Ր Ա Ն Ը Թումանյանի հեքիաթների խորը, անծայր, հարուստ ու շքեղ աշխարհի ոսկե բանալին է։
Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանի խոսքը շատ իմաստալից էր, նորօրյա, որ թանգարանների պահանջները փոխվել են ու ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ` անհրաժեշտություն է դառնում նորովի մատուցել Թումանյանին, ով մի յուրօրինակ կամուրջ է դառնում Արևմուտքի և Արևելքի միջև։

Տեսանյութով նույնպես լսելի ու տեսանելի էին թանգարանի մասնագետները։ Ամբողջական գաղափար տրվեց ձայնադարանի բջջային հավելվածի մասին։
Հետաքրքիր էին ելույթները արվեստի տարբեր ոլորտների` դերասան, ասմունքող, նկարիչ, թարգմանիչ, երաժիշտ, երբ յուրաքանչյուրը յուրովի իր մասնակցությունն է ունեցել Ոսկեդարանի ստեղծմանը։ Ինչպիսի խոր վերլուծություն Թումանյանի հեքիաթների, որ նոր օրերի լույսի տակ ներկայացվեց, և որքան արդիական հնչողություն ուներ ամեն մի հեքիաթ։

Դպրոցականները Արցախի բարբառով կարդացին «Սուտասան» հեքիաթը։ Փոքրիկ նվերները տնօրենի կողմից ուշադրություն էր արժանվույնս։

Ոսկեդարանը հնարավորություն է տալիս տարբեր լեզուներով և բարբառներով ամենուր լսելի դարձնել Թումանյանի հեքիաթները, որը դեռ համալրվելու շարունակականություն ուներ։ Այդ բջջային հավելվածի իրականացմանը բարեսիրտ մարդիկ են ներդրում կատարել, հավատացել այդ գաղափարը կյանքի կոչելուն։ Շնորհակալագրերով և մեդալով նրանց պարգևատրությունը Լուսինե Ղարախանյանի կողմից երախտագիտության արտահայտություն էր։
Միջոցառման ավարտը մտերմիկ ու հյուրընկալ միջավայրում էր` ստացած տպավորություններով, հետաքրքիր զրույցներով, շնորհակալական խոսքերով…
Տարիների հեռվից Ամենայն հայոց բանաստեղծն իր շուրջն էր համախմբել թումանյանասերների` նորովի ընկալելի դարձնելու իր ուղերձները` շարունակելով մնալ սիրված մեծերի թե փոքրերի կողմից։
Ինչպիսի՜ ստեղծագործական աշխատանք` նորովի ու հետաքրքիր, շատ խորը և տարածական, որ նախաձեռնել էր Թումանյանի տուն-թանգարանը։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, ինչպես հայտնի է, դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն …