Օտար ափերում կարոտն ուրիշ գույն ունի: Ու այդ հոգեմաշ զգացումն է, որ էլ ավելի է պարտավորեցնում մեզ` հայրենի հողից շատ հեռու գտնվողներիս: Մեր բնօրրանի յուրաքանչյուր ցավն ու
կորուստը խուլ հառաչով հասնում է յուրաքանչյուրիս` թելադրելով իր հրամայականը` չհանձնվել, զինվելգիտությամբ ու ծառայել հայրենիքին: Մեր զենքն այլ է․ հայ մնալը կենսական խնդիր է ու կարևորագույն նախապայման:
Հայապահպահպանության, լեզվի ուսուցման և հայեցի դաստիարակության խնդիրներն իր մշտական հոգածության կենտրոնում է պահում ԱՄՆ Արևմտյան թեմը` գլխավորությամբ թեմակալ իմաստուն առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Այդ սիրո, խնամքի ներքո «Փոքրիկ
հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը գրեթե 25 տարի իր շուրջն է համախմբում հարյուրավոր հայ մանուկների:
Սեպտեմբերի 28-ի առավոտն այլ էր եկեղեցում. աշակերտները գալիս էին ծաղիկներով, գալիս էին փոքրիկ հայերը, գալիս էին վաղվա մեծ հայերը, ովքեր արդեն չորս տարի շարունակ հիշում և խոնարհվում են 2020թ-ի քառասունչորսօրյա պատերազմի հերոսների հիշատակի առաջ:
Օրն աղոթքով սկսելուց առաջ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ, հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը ներկաներին հիշեցրեց, որ այսօր հետաքրքիր պատահականությամբ սուրբ Գևորգ զորավարի տոնն է: Ապա օրվա խորհուրդը միահյուսեց հայրենիքի պաշտպանների և հերոս նահատակների խորհրդի հետ՝ հիշելով 44-օրյա պատերազմի մարտիրոսներին։
Հերոսներ, որոնք խիզախորեն պայքարեցին հանուն հայրենիքի ազատության և ընկան պատերազմում՝ հետևելով նժդեհյան գաղափարախոսությանը. «Մեռի՛ր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»:
Ապա եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանի և դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո աշակերտները շարժվեցին դեպի 44-օրյա պատերազմի նահատակների խաչքարը՝ իրենց հարգանքի
տուրքը մատուցելու մերօրյա հերոսներին:
Ազգային ոգու պահպանության, սխրագործության, հայրենիքի և եկեղեցու նկատմամբ անսակարկ սիրո մասին զրույցները շարունակվեցին դասարաններում։
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցն իրեն բնորոշ ձեռագիրն ունի օտար ափերում գտնվող հայ մանուկներին կրթելու գործում: Երեխաները ոչ միայն սովորում են մայրենին, այլ նաև ստանում են
ազգային, հոգեմտավոր դաստիարակություն, տիրապետում են հայ քրիստոնյա լինելու վեհ զգացողությանն ու այդ նույն ոգով ապրելու արվեստին, որովհետև հստակ է մեկ բան․ վաղվա Հայաստանը կերտելու են այսօրվա փոքրիկ հրեշտակները:
Լյուբա Ավագյան
Source: USAArmenia