Չորեքշաբթի , 13 Նոյեմբերի 2024

Ընդդիմությունն անում է այն, ինչի համար դատապարտում էր իշխանությանը


Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ երկրորդ և երրորդ նախագահներն իրենց թիմերով պետք է դուրս գան քաղաքականությունից, ու որևիցե ազդեցություն չունենան «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման վրա՝ չխափանելու դրա հաջողոթյունը, պատճառ է դարձել, որ նրան սկսեն թիրախավորել այս անգամ արդեն ընդդիմությունից:
Այսպիսով՝ մի կողմից՝ Բագրատ սրբազանն է հայտնվել քաղաքական իշխանությունների թիրախում, մյուս կողմից՝ արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդդիմության:
Ընդ որում՝ նկատենք, որ ընդդիմության կողմից նույնպես հնչում են չափազանց սուր, հաճախ անթույլատրելի արտահայտություններ ու որակումներ Շիրակի թեմի առաջնորդի հասցեին, ինչը, իհարկե, խոսում է շատ կոնկրետ բաների մասին:
Լավ բանի մասին, իհարկե, չի խոսում ու վկայում է այն մասին, որ ինչպես իշխանություններն, այնպես էլ ներկայիս ընդդիմությունը կամ առնվազը դրա որոշ ներկայացուցիչներ չունեն տարրական հանդուրժողականություն ու պատրաստ են կրծել ցանկացածի կոկորդը՝ սեփական քաղաքական շահերին դեմ գնացող:
Հարց է առաջանում՝ որքանո՞վ է ընդդիմության ներկայիս պահվածքը նպաստում դրա ժողովրդականության աճին, եթե հաշվի առնենք այն, որ ընդամենն օրեր առաջ նույն ընդդիմությունն էր քարկոծում ՔՊ-ական իշխանությանն այն նույն բանի համար, ինչ որ ինքն է հիմա անում:
Ընդ որում՝ հանուն արդարության հարկ է արձանագրել, որ արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից հնչեցված միտքը չափազանց պոպուլյար է Հայաստանում, և կոնկրետ Շիրակի մարզում, որի ներկաայցուցիչն է արքեպիսկոպոսը, ազգաբնակչության ջախջախիչ մեծամասնությունը հենց այդպես է մտածում: Այսինքն՝ հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկն ընդամենը բարձրաձայնել է իր թեմի բնակիչների մեծամասնության կարծիքն ու հայտնվել թիրախում:
Մի բան հստակ է՝ եթե ընդդիմությունն իսկապես ցանկանում է երկրում վերցնել իշխանություն, ապա պետք է ապացուցի, որ որակապես այլ մակարդակի վրա է գտնվում ու շահեկանորեն տարբեվում ՔՊ-ական իշխանություններից: Այլընտրանքային կարծիք լսելու ունակությունն է, որ հայաստանյան քաղաքական դաշտում վաղուց դարձել է դեֆիցիտ, ինչը, իր հերթին, ոչ մի կերպ չի նպաստում հանրային իմունիտետի բարձրացմանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ընդդիմադիր շարժման դեմքը կարող է փոխվել. ո՞վ կկարողանա կրկնել Բագրատ սրբազանի սխրանքը

Մինչ իշխանական ողջ քարոզչական դաշտը քննարկում է Ոստիկանապետի ու Բագրատ սրբազանի միջև տեղի ունեցած լեզվակռվի …