Շաբաթ , 18 Հունվարի 2025

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտ Խլղաթյանի բացառիկությունը

Գլենդելում գտնվող «Ռենեսանս» շքեղ ռեստորանային համալիրում դեկտեմբերի 23-ին նշվեց դեղագործ, երգահան, սիրված երգչուհի, Մարգարիտ Խլղաթյանի տարեդարձը, որին իրենց մասնակցությունն էին բերել ամերիկահայ համայնքի բազմաթիվ սիրված ու ականավոր դեմքեր՝ արվեստագետներ, բժիշկներ, վաստակաշատ մտավորականներ, պաշտոնյաներ և այլք: Ի դեպ՝ նշվում էր ոչ միայն սիրված երգչուհու տարեդարձը, այլև ստեղծագործական գործունեության 15-ամյակը, որ, անկասկած, չափազանց բեղուն է ստացվել՝ հարստացնելով հայկական երգարվեստի, մշակույթի գանձարանը:

Այդ օրը լեփ-լեցուն, շքեղ ձևավորված դահլիճում 400-ից ավել հյուրի ներկայությամբ տեղի ունեցավ երկու երգի պրեմիերա՝ «Իմ Սուրբ Յոթվերք» ու «Օրոր»՝ հաղորդելով միջոցառմանը յուրահատուկ մթնոլորտ, ինչպես նաև այդ ընթացքում ցուցադրվեց հոբելյարի մասին պատմող տեսանյութ: Մարգարիտ Խլղաթյանը, որպես հյուրընկալ, միջոցառման ողջ ընթացքում ուշադրություն էր դրսևորում յուրաքանչյուր հյուրի հանդեպ՝ ամեն մեկին ցուցաբերելով անձնական մոտեցում:
Նշենք, որ Մարգարիտ Խլղաթյանը, որպես հյուրընկալ, միջոցառման ողջ ընթացքում ուշադրւթյուն էր դրսևորում յուրաքանչյուր հյուրի հանդեպ՝ ամեն մեկին ցուցաբերելով անձնական մոտեցում:
Միջոցառման բացումը վերապահված էր համայնքում սիրված հաղորդավար, լրագրող Արա Ղազարյանին, ինչն արդեն երաշխավորում էր միջոցառման հաջողությունն ու շքեղությունը. նրա գրագետ ու ազդեցիկ խոսքը զարդարում է ցանկացած միջոցառում, և այս մեկը ևս բացառություն չդարձավ: Մի քանի րոպե տևած բացման խոսքից հետո ցուցադրվեց Մարգարիտ Խլղաթյանի մասին պատմող տեսանյութը, որ ակամա արթնացրեց հետաքրքիր խոհեր:
Երբ դիտում էի հոլովակները, ինքս իմ մեջ համեմատական զուգահեռներ էի անցկացնում առաջին հայացքից իրար հակասող երևույթների միջև: Բիզնեսում չես կարող նուրբ, արտիստիկ մնալ, լինել փխրուն, քանի որ բիզնեսը սիրում է ուժ ու առաջնորդի հմտություններ, հստակություն ու հույժ նպատակասլացություն է պահանջում: Մինչդեռ արվեստում լիովին հակառակ օրենքներն են գործում: Այս իմաստով պետք է արձանագրել, որ Մարգարիտ Խլղթայանի մեջ ներդաշնակորեն համադրվել է այս բոլորը, ինչի շնորհիվ նա կարողացել է մեծ անուն ու համբավ վաստակել բիզնեսում ու մշակույթի ասպարեզում, ինչը բավական հազվադեպ հանդիպող երևույթ է:
Մասնավորապես՝ բիզնեսում մեծ հաջողություններ գրանցելու հարցում սիրված երչգուհուն օգնել է երկու գործոն. նախ՝ ձեռք է բերել դեղագործի լիցենզիա՝ մասնագիտանալով համապատասխան ոլորտում, ապա՝ օժանդակել է նաև ամուսինը՝ պարոն Սպարտակը: Մարգարիտ Խլղաթյանը, բացի այս ամենից, իհարկե, նաև հրաշալի մայր է ու տատիկ՝ունենալով երեք զավակ և ութ թոռնիկ:

Միջոցառմանը իրենց ներկայությամբ զարդարել էին հաղորդավար Վրույր Թադևոսյանը, երգիչ Հովհաննես Շահբազյանը, ով տիկին Խլղաթյանին հանձնեց Ռուբեն Մաթևոսյանից կողմից ուղարկված ոսկե մեդալը, ժողովրդական երգերի անզուգական երգչուհի Անահիտ Սահակյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Եվա Եգանյանը, Հովհաննես Բաբախանյանը, Գագիկ Բադալյանը, Հովհաննես Բալյանը, «Չուկոն», Հարութ Հակոբյանը, Սուրոն, Լիա Կուռոյանը, Արմինկան և այլք:
Երեկոյի ընթացքում Մարգարիտ Խլղաթյանը արժանացավ մի շարք պատվոգրերի, ինչպես նաև ամերիկյան սենատորներից մեկի կողմից բարձրագույն պարգևի, որը նրան հանձնեց համայնքում սիրված դոկտոր Մարատ Հայրապետյանը, ով նույնպես հանդես եկավ գեղեցիկ կատարմամբ՝ յուրատեսակ նվեր մատուցելով հոբելյարին:
«USArmenianews.com» լրատվական-վերլուծական կայքը ևս շնորհավորում է սիրված երգչուհի Մարգարիտ Խլղաթյանին՝ մաղթելով նրան նոր բարձունքներ ու երջանկություն: Միշտ էլ առանձնակի հաճույք է հաճելի մարդկանց ներկայացնելը, սակայն կոնկրետ այս դեպքն այն բացառիկներից է, երբ չես կողմնորոշվում՝ որպես բիզնես լեդի՞ ներկայացնել մարդուն, թե՞ սիրված ու վաստակաշատ երգահան, երգչուհի: Բոլոր դեպքերում մի բան հստակ է՝ Մարգարիտ Խլղաթյանի տաղանդները նրան տրվել են ի վերուստ, որոնք նա բազմապատկել է ու դարձրել արգասաբեր:
Երգն ու երաժշտությունը մարդու հոգուց բխած երևույթներ են, իսկ նրանք, ովքեր իրենց կյանքը կապել են արվեստի հետ, ի բնե երբեք չեն կարող վատը լինել, և Մարգարիտ Խլղաթյանն այս ճշմարտության մարմնացումն է:
Գայանե Մանուկյան


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով