Ընտրակաշառք տալուն էլ ձեւ կա
Thu, 26 Feb 2026 17:45:39 +0400
Այս տարի ընտրակաշառքները կբաժանեն օրենքով սահմանված կարգով: Գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային քարտերին, որ «տասովչիկները», հանկարծ, դրա մեջ փող չաշխատեն: Այս նորարարությունն առաջինը կփորձարկվի թոշակառուների վրա: Ապրիլի 1-ից հետո, այսինքն՝ ապրիլի 3-ին կամ 4-ին, նրանք հաճելիորեն կզարմանան, երբ իրենց քարտին նստի մի քիչ ավելի մեծ գումար, քան իրենց խղճուկ կենսաթոշակն է: Այս մասին վարչապետը հստակ է արտահայտվել՝ ասելով, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան: Նա, իհարկե, որեւէ կերպ չի ակնարկել, որ ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելու նոր ձեւ են գտել, բայց մենք էլ հո հավ չե՞նք ու այնքան խելք ունենք, որ հասկանում ենք, թե ինչ է նշանակում ընտրություններից առաջ թոշակների բարձրացումը: Ի դեպ՝ ինչքանո՞վ են բարձրանալու թոշակները, 10, 20, 30 հազարով… Ինքն ասում էր, որ թոշակառուն չի իմանա՝ ինչպես ծախսել հավելյալ 10 հազարը: Մի՞թե հիմա, երբ ընտրությունների շեմին ենք եւ, ի դեմս թոշակառուների, ունենք օդից կախված 600 հազարի չափ քվե, 10 հազարից քիչ են «բարձրացնելու»:
Մեր հարեւան Շմավոնը, օրինակ, մտածում է, որ բարձրացումը կկազմի 10 հազար դրամ, մի այդքան էլ «քեշբեքով» հետ կգա: Այսինքն՝ 20 հազարի հույս ունի եւ ՔՊ-ին քվե չի տա, եթե «բազառը» կանգ առնի 20 հազարից ներքեւ: Չգիտեմ, կապրենք՝ կտեսնենք: Անձամբ ես Շմավոնի չափ լավատես չեմ ու չեմ կարծում, որ «քեշբեքի» տոկոսն ավելացնելուց բացի, հավելյալ 10 հազար դրամ էլ կնստեցնեն քարտիս: Հենց թեկուզ այն, որ համաշխարհային ստախոսը հայտարարել է «ընտրակաշառքով» համեմված թոշակները ապրիլի 1-ից տալու մասին, իմ մեջ լուրջ կասկածներ են առաջացրել: Ինչո՞ւ հատկապես «խաբելու» օրվանից:
Բայց չընկնենք դավադրությունների տեսության բաղերը եւ փորձենք հասկանալ, թե ՀՀ վարչապետը որտեղից է փող ճարել՝ թոշակները բարձրացնելու համար: Մեր բյուջեն այդ հնարավորությունը չունի, պարտքերը խեղդում են՝ տոկոսը հազիվ ենք տալիս, հարկահավաքների շրջանում համատարած կոռուպցիան է մոլեգնում, ներդրումները՝ 0, տնտեսությունը՝ 0, արտահանումը՝ 0, մի կերպ պարգեւավճարներ են բաժանում…Բյուջեն էլ անցած տարվա վերջին է հաստատվել` տնտեսագետներն ասում են, որ թոշակների բարձրացում 2026 թվին նախատեսված չէ: Ու հանկարծ՝ թոշակների բարձրացում: Այստեղ է, որ սկսում ես հասկանալ, թե սա ինչ բարձրացում է, թե ով կարող է այդ փողը տված լինել եւ, ամենակարեւորը` ինչ նպատակով:
Նարեկ Կարապետյանը նկատում է, որ ՀՀ իշխանություններն այս քայլին գնացել են «Ուժեղ Հայաստանի»՝ թոշակները բարձրացնելու նախընտրական խոստումներից դրդված կամ վախեցած: Բան չունեմ ասելու, դա էլ կա, բայց եթե փող չլիներ, ՀՀ իշխանությունները, ինչ է` իրենց մսի՞ց էին պոկելու այդ հավելյալ գումարները: Ուրեմն մի տեղից եկել է, չէ՞, տվել են, չէ՞… Պարզ չէ՞, միթե, որ գնացել, իր «բարեկամների» մոտ ուզվորություն է արել, բացատրել, որ եթե «ընտրակաշառքի» համար փող չտան, ինքը չի կարող վերընտրվել: Դե, նրանք էլ «քցել-բռնել» են, որ էդ փողը պետք է տրվի, քանի որ իրենց համար ավելի ընդունելի ղեկավար, քան Հայաստանի գործող վարչապետն է, չեն գտնելու: Հազիվ թե դա Թրամփը եղած լինի, քանի որ նա այսպիսի մանր-մունր հարցերով չի զբաղվում: Փոխարենը՝ Էրդողանը կամ Ալիեւը սիրով կընդառաջեին… Բա էլ ո՞ր օրվա քիրվաներն են, որ այդ գումարը չտային մի մարդու, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար ավելի շատ բան է արել, քան հենց իրենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գործող նախագահները:
Հայաստանում կա մոտ 600 հազար թոշակառու: Համարենք, որ նրանցից ընտրության կգնա կեսը՝ 300 հազարը: Այդ թիվը, անշուշտ, բավարար չէ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ստանալու համար: Հետեւաբար, փող է պետք՝ նաեւ թոշակ չստացողներին շահագրգռելու համար: Ուսուցիչներ, բժիշկներ, զինծառայողներ, ուսանողություն… Այս մարդիկ հո ապուշ չե՞ն, որ առանց հավելյալ աշխատավարձ ու կրթաթոշակ ստանալու ձայն տան ՔՊ-ին: Եվ, ուրեմն, պետք է սպասել, որ վարչապետը նրանց եւս մի գեղեցիկ օր կուրախացնի՝ քարտերին հավելյալ գումարներ նստեցնելով: Դա կարող է լինել «քաղաքացու օրը» կամ, ասենք, մայիսի մեջ մի օր՝ 7-ին, 8-ին՝ ԱԺ-ով իր վարչապետ դառնալու կապակցությամբ: Դեռ ինչե՜ր ենք տեսնելու…