«Միամիտ» լոռեցու մտորումներ՝ մայրաքաղաքի քրեածին սարսափների մասին

«Միամիտ» լոռեցու մտորումներ՝ մայրաքաղաքի քրեածին սարսափների մասին

Thu, 26 Feb 2026 18:45:37 +0400


Երեւանում՝ Հայոց մայրաքաղաքում, որը պետք է բարոյականության ու կարգուկանոնի օրինակ ծառայի երկրի բոլոր ոստանների համար, օրը ցերեկով, խիտ բնակեցված Աջափնյակ թաղամասում հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել։ Դարձյալ հայ մարդու արյուն է հեղվել։ Ընդհարումներ եղել են միշտ, բայց այս մեկը վեր էր ամեն պատկերացումից` դանակահարությամբ, կրակոցներով, մոտ 40 մասնակցով` ամենալկտի ձեւով։

Առաջներում գոնե բնակելի թաղամասերից հեռու, ծածուկ վայրերում էին իրար սպանում, հիմա` մարդաշատ փողոցում։ Եվ սա եզակի դեպք չէ։ Կրակոցներով, մահերով ու վիրավորումներով ավարտվող դեպքերի թիվը տարեցտարի ավելանում է։ Անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ, նման հանցագործությունների աճը շուրջ 40 տոկոս է եղել, 2024-ին եւս, 2023-ի համեմատ, նշանակալի աճ է արձանագրվել։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Հիշենք՝ ով էր բարձր ամբիոններից ահաբեկում մարդկանց՝ «ասֆալտին կփռեմ, պատերով կտամ» բառապաշարով։ Երբ երկրի առաջին դեմքը խոսում է բռնության լեզվով, ինչո՞ւ պիտի հետ մնան նրան հետեւող քաղաքացիները, հատկապես՝ նրանք, որոնց կենսակերպն արդեն իսկ կրիմինալ է։ Նրանք էլ իրենց հերթին են «ասֆալտին փռում» (երբեմն՝ փռվում), «պատերով տալիս»։ Տեսնես, եթե թշնամին հարձակվի, նույն եռանդով դուրս կգա՞ն նրա դեմ։ Կասկածում եմ։

Իրավապահ համակարգը հաճախ պահպանում է խոր լռություն։ Ակտիվանում են, երբ արդեն ուշ է, երբ մնում է արձանագրություն կազմելը։ Մինչդեռ մարդիկ տեսնում են, որ վերջին տարիներին ոստիկանական շարքերը կրկնապատկվել, գուցե եռապատկվել են։ Բայց ի՞նչ են անում նրանք։ Կանխարգելո՞ւմ են հանցագործությունները։ Հեռուստակադրերում տեսանք, թե ինչպես էր առնական տղամարդկանց ոհմակն իրար վրա հարձակվում, իսկ նույն պահին մոտակայքում պարեկային 9 ծառայող այլ հարցով էին զբաղված։ Աղմուկին, կրակոցներին՝ զրո արձագանք։ Տպավորություն էր, թե քրեական Չիկագոյի մասին ֆիլմ ենք դիտում։ Միեւնույն ժամանակ, ոստիկանական ահռելի ուժեր անդուլ հսկում են վարչապետին՝ անգամ խաղաղ պատարագների ժամանակ։ Պաշտպանում են նրան ժողովրդից։ Բայց դժբախտությունը միայն իրավապահ համակարգը չէ։ Եկեք մի հայացք գցենք մեր մայրաքաղաքին։ Ո՞ւր է մեր նախկին չքնաղ Երեւանը։ Ամենուր անձրեւից հետո սնկերի պես աճած անճաշակ, խառնիճաղանճ շինություններ, իրար գլխի կիտված խանութներ, կրպակներ, աններդաշնակ կառույցներ` բարձր ու ցածր, մեծուփոքր, գունազարդ, անգույն։ Մայթերին՝ գետնատարած առեւտուր։ Ամենուր ժխոր, փոշի, ծուխ։ Չես հասկանում՝ այստեղ մարդիկ ապրո՞ւմ են, թե՞ «ինքզինքն» ինքնասպանվում։

Այսօր մայրաքաղաքի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության մոտ 60-65 տոկոսը։ Այս ո՞ւր ես գնում, իմ չքնաղ քաղաք։ Քաղաք-պետությո՞ւն ես ուզում դառնալ, ինչպես հին հունական պոլիսները։ Պատմությունը հուշում է՝ երբ պոլիսներում բնակչությունը չափազանց աճում էր, մարդիկ ստիպված լքում էին իրենց հայրենի քաղաքը, հեռանում հազարավոր կիլոմետրեր եւ նոր գաղութներ հիմնում։ Սեւ, Ազովի, Միջերկրական ծովերի ափերին հարյուրավոր քաղաքներ այդպես են առաջացել՝ Օդեսայից մինչեւ Սիրակուզա, իսպանական Սագունդ ու ֆրանսիական Մարսել։ Մենք հակառակ ճանապարհով ենք գնում․ ծայրագավառներից առվակ առ առվակ հոսում ենք դեպի մայրաքաղաք։ Քանի՞ նոր բազմահարկ է վեր խոյանում Երեւանում։ Ո՞ւմ համար են դրանք։ Մեր գյուղերի ու փոքր քաղաքների բնակիչների համա՞ր։ Իսկ մեր գյուղերն ո՞վ պիտի պահի։

Մի հարեւան ունեի` ընտանիքով տեղափոխվեց Երեւան։ Շուկայում առեւտրով էր զբաղվում, երեք երեխա մեծացնում։ Ասաց՝ այստեղ ապրել հնարավոր չէ։ Երեւանում, մի շուկայում տեղ վերցրեց, տուն գնեց։ Իսկ գյուղի տունը… փլվում է։ Մյուս ընկերս տաքսիստ էր։ Լոռուց ուղեւորներ տարավ Երեւան եւ այլեւս չվերադարձավ։ Պատահաբար հանդիպեցի։ Ասաց՝ «Ռայոնում բան չկա, փողերը Երեւանում են ֆռռում, ընտանիքս էլ բերել եմ, տուն կառնեմ»։ Միայն լոռեցիները չեն։ Տաքսիստներ, շինարարներ, առեւտրականներ, սպասարկման ոլորտի աշխատողներ՝ բոլոր մարզերից հոսում են դեպի մայրաքաղաք։ Բայց ինչպե՞ս պիտի կերակրի Երեւանն այդքան մարդու, երբ նրա ասֆալտապատ տարածքներում ո՛չ վարունգ, ո՛չ լոլիկ է աճում։ Չէ՞ որ գյուղերն են կերակրում քաղաքները։ Եթե գյուղը դատարկվի, ո՞վ է կերակրելու մայրաքաղաքին։ ԱԺ պատգամավորներն էլ են նույն հոսքի մեջ։ Կարո՞ղ եք նշել մարզերից ընտրված մի պատգամավորի, որ մանդատի ժամկետի ավարտից հետո վերադարձել է մարզ` չեն վերադարձել, չեն էլ վերադառնա։
Մինչդեռ պաշտոնապես հայտարարվում է մարզերի համաչափ զարգացման մասին։ Բայց իրականությունը հակառակն է` դպրոցներ են փակվում գյուղերում։ Իսկ դպրոց փակելը նույնն է, ինչ գյուղ փակելը։

Վանաձորի «Լոռի» մարզադաշտից վեր, անտառեզրի 70-ամյա սոճուտում մի քանի տարի առաջ մի քանի եղեւնի կտրեցին։ Հանդես եկա մամուլում։ Կարծես թե դադարեցրին։ Այսօր նոր հնարք են գտել` բունը սղոցում են, ծառը մնում է կանգուն, շնչում է, բայց… հազիվ։ Բավական է մի թույլ քամի, որ շառաչյունով տապալվի։ Հետո ասում են՝ մարդը մեղք չունի, ինքն իրեն ընկավ։ Պուրակում արդեն շինանյութ է թափված։ Նոր կառույցների նախերգանքն է հնչում։ Կընկնեն եղեւնիները։ Կընկնի քաղաքի շունչը։

Մեր նյարդերը նույնպես սղոցում են՝ «տապալելու» համար: Մեր երկրի «գլխավոր սղոցողները» սղոցում են, իսկ մենք թույլ ենք տալիս։ Երբ բունը ներսից կիսված է, բավական է մի թույլ քամի` տապալումը չի ուշանա։ Գուցե տարբեր թեմաներ շոշափեցի` մեկը մյուսին չառնչվող, բայց կապ կա, կապը մեկն է` երբ մայրաքաղաքը դառնում է ուժի, բռնության կենտրոնացման եւ անճաշակության խորհրդանիշ, երբ մարզերը դատարկվում են, երբ եղեւնիները ներսից են սղոցվում, մենք՝ բոլորս ենք ներսից սղոցվում։ Հետո զարմանում ենք, թե ինչու են ծառերը տապալվում։ Քամի՞ն է մեղավոր, թե՞ մարդը։ Թե՞ երկուսը միասին։

Լոռեցին գուցե միամիտ է։ Բայց տեսնում է, բարձրաձայնում է։ Մնում է՝ լսող լինի:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է Wed, 29 Apr 2026 23:00:53…

12 րոպե ago

Արտակարգ․ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք

Արտակարգ․ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք Wed, 29 Apr 2026…

27 րոպե ago

Կարևոր պայմանավորվածության են հասել

Կարևոր պայմանավորվածության են հասել Wed, 29 Apr 2026 22:30:40 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց…

43 րոպե ago

Վազգեն Առաջինի նշանավոր աշակերտը

Վազգեն Առաջինի նշանավոր աշակերտը Wed, 29 Apr 2026 22:15:00 +0400 20-րդ դարի հայ նշանավոր հայագետ,…

58 րոպե ago

Նորից հարաբերությունները լարվել են

Նորից հարաբերությունները լարվել են Wed, 29 Apr 2026 22:00:23 +0400 ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ…

1 ժամ ago

Հետախուզվող 46-ամյա տղամարդը կալանավորվել է

Հետախուզվող 46-ամյա տղամարդը կալանավորվել է Wed, 29 Apr 2026 21:45:03 +0400 Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը…

1 ժամ ago