«Հրապարակ»․ Մեկ անձը, անգամ եթե նա վարչապետ է, չի կարող իր հայտարարությամբ թոշակ բարձրացնել

«Հրապարակ»․ Մեկ անձը, անգամ եթե նա վարչապետ է, չի կարող իր հայտարարությամբ թոշակ բարձրացնել

Fri, 27 Feb 2026 10:15:20 +0400


«Հրապարակի» զրուցակիցը նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանն է:

– Օրերս Նիկոլ Փաշինյանն անսպասելի հայտարարություն արեց՝ չնայած ընդամենը 1-2 ամիս առաջ ասում էին, որ 2026-ին կենսաթոշակների բարձրացում չեն նախատեսում, եւ 10 հազար դրամով թոշակի ավելացումը ոչինչ չի տալու թոշակառուներին, սակայն հանկարծ որոշեցին, որ տալիս է, եւ ապրիլի 1-ից թոշակները 5-10 հազար դրամով կավելանան։ ՔՊ-ական բոլոր ուսապարկերը սկսեցին, իրենց հերթ չտալով, խոսել այդ մասին, այնպիսի տպավորություն է, որ խոսքը ոչ թե 10 հազար դրամի, այլ 10 հազար դոլարի մասին է: Համացանցում մարդիկ անգամ կատակներ են հորինել՝ 10 հազար դրամ թոշակի բարձրացման մասին, գրում են, որ նույնիսկ Բիլ Գեյթսն է ուզում Հայաստան գալ՝ թոշակ ստանալու, եւ այլն: Բացի այդ, 10 հազարով ավելանում է ընդամենը 70 հազար մարդու կենսաթոշակը, իսկ թոշակառուների քանակը մեզանում 600 հազար է։ Ի՞նչ կարծիք ունեք թոշակների բարձրացման մասին՝ որպես նախկին սոցապնախարար:

– Ընդհանրապես, կենսաթոշակները սովորաբար առանձին հիմնադրամներով էին բաշխվում, հիմա, որքան հասկանում եմ, այն բյուջետային է: Սակայն դա սխալ է: Որպես կանոն, պետության պահուստային ֆոնդից թոշակ չեն տալիս, այն չնախատեսված դեպքերի համար է, իսկ թոշակը չի կարող լինել չնախատեսված դեպք, դա ի՞նչ բան է: Հետեւաբար, այս բարձրացումը չի կարող լինել չնախատեսված: Ուրեմն բավարար չէ, որ մեկ անձը, անգամ եթե նա վարչապետն է, իր հայտարարությամբ թոշակ կարող է բարձրացնել: Այս խնդիրը պարտադիր պետք է գնա Ազգային ժողով, պետք է քննարկվի բյուջետային օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը, եւ նոր միայն տեղի ունենա բարձրացումը: Առանց Ազգային ժողովի քննարկման նման որոշում կայացնել՝ նշանակում է արհամարհել Ազգային ժողովը, արհամարհել օրենքներն ու գործընթացները՝ առաջացնելով անորոշություններ: Բայց քանի որ այս մարդկանց մոտ վաղուց չկա, չգիտեմ էլ, թե ինչ ասեմ, ապա կարող են ամեն քայլի էլ դիմել: Առանց օրենքների էլ կարող են աշխատել, սակայն ես չեմ հասկանում մի բան` մեծամասնություն են կազմում իրենք, ի՞նչն է խնդիրը, որ այսպես օրենքներ են խախտում: Բյուջետային օրենքում հարկավոր են փոփոխություններ, թոշակը չի կարող բարձրանալ ինչ-որ մեկի ցանկությամբ: Պետք է օրինական ճանապարհով առաջնորդվել, սա ի՞նչ բան է, ստացվում է՝ ողորմություն են տալիս, բայց սա պետություն է, այդպես չի կարելի: Ես շնորհավորում եմ մեր թոշակառուներին, նրանք անտարբեր չեղան այս հարցում եւ կարողացան գոնե չնչին փոփոխությունների հասնել: Ես շատ տպավորված եմ, որ մեր թոշակառուները պայքարեցին եւ, ի տարբերություն շատերի, անտարբեր չեղան: Ուզում եմ նաեւ անդրադառնալ իշխանությունների պարգեւավճարներին: Դրանք եւս պետք է բերել օրենքի դաշտ ու կանոնակարգել, որպեսզի չլինի սուբյեկտիվ: Ես գիտեմ դեպքեր, որ հիմնարկի ղեկավարն ինքն է իր անձնական մոտեցմամբ որոշում՝ ում որքան պարգեւատրի: Բնական է, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ: Օրենքով եթե այս հարցը չկարգավորվի, ապա պետականությունն աղճատվելու է: Խնդիրները պետք է լուծվեն օրենքով, չի կարելի վարչապետին ու այլ պաշտոնյաների թույլ տալ, որ ինչպես ուզեն, վարվեն: Սրանք նախադեպեր են, որոնք հետագայում խիստ բացասական են ազդելու պետության վրա: Չեմ պատկերացնում, թե ինչ է անելու հաջորդ իշխանությունը, որ այս իշխանությունների հեռանալուց հետո քիչ թե շատ օրենքը հարգվի` պաշտոնյաների կողմից:

– Թոշակների հետ կապված՝ մի խնդիր էլ է առաջացել: Քիչ թոշակ ստացողների թոշակն ավելի շատ է բարձրանալու, քան բարձր ստացողներինը։ Ստացվում է՝ կյանքում մեկ օր չաշխատած մարդն այնքան թոշակ է ստանալու, որքան 40 տարվա աշխատանքային փորձ ունեցողը: Մարդիկ տարակուսում են, ասում են, որ սա մեծ անարդարություն է, չի կարելի այսպես վարվել:

– Երբ խնդիրը ոչ թե օրինական ճանապարհներով են փորձում լուծել, այլ` քաղաքական ճանապարհներով ու նպատակահարմարությամբ, ամեն բան իր տեղն է ընկնում: Պարգեւավճարների ահռելի թվերից հետո առաջացավ ժողովրդական շարժում, մարդիկ հայտարարեցին, որ թոշակները պետք է բարձրացվեն, իսկ իշխանավորները պնդեցին, որ թոշակառուն անգամ 10 հազար դրամ ավելի չի կարող ծախսել, ծախսելու տեղ չկա…. Արդյունքում թոշակները բարձրացվեցին ոչ թե արդարությունը վերականգնելու համար, այլ` քաղաքական նպատակներով, ընտրությունները մոտենում են, այդքան բան: Եթե այս պրոցեսը չմտավ Ազգային ժողով, եւ գոնե պատշաճ քննարկում չեղավ, ապա դա նշանակում է, որ գործ ունենք սովորական ընտրակաշառքի հետ:

– Իսկ, ի՞նչ եք կարծում` թոշակառու ընտրողը հանուն այդ 10 հազար դրամի Նիկոլ Փաշինյանին կընտրի՞:

– Բարդ հարց է: Ցավոք, ընտրությունների մեխանիզմներն այլ են: Ես՝ ինքս, ընտրությունների բազմիցս մասնակցել եմ` հատկապես գյուղական միջավայրերում, պետք է ասեմ, որ գյուղերում այլ մեխանիզմներ են գործում, որտեղ չկան վեհ գաղափարներ: Ազգակցական, արյունակցական կապերն են գերակշռում, մարդիկ առաջնորդվում են մանր շահերով: Ընտրողների համար` գյուղական շրջաններում կարեւորն այն է, թե ում հետ գործ ունեն: Ոչ թե կարեւորն առաջին դեմքն է, այլ՝ այն միջնորդը, արդյո՞ք միջնորդը հարց լուծող է, թե՞ ոչ: Գյուղացուն սա է հետաքրքրում, ուրիշ ոչինչ: Ով կլինի, ով չի լինի, դա էական չէ, մարդկանց հետաքրքրում են հարց լուծողները, որքան էլ որ դժգոհ են, գիտակցում են, որ չի կարելի, որ վտանգված է մեր ինքնությունը, հայկականությունը, Մաշտոցին են Այբուբենից հանել, Վիկտոր Համբարձումյանի անվան ամբիոնն են համալսարանում փակում, Հայոց պատմությունն են խմբագրում: Բայց, ցավոք, ընտրությունները գյուղական համայնքներում լինում են այլ սկզբունքներով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է Fri, 27 Feb 2026 16:30:07 +0400…

5 րոպե ago

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք Fri, 27 Feb 2026…

9 րոպե ago

Հե՜յ, Հիպոկրատին հիշող կա՞

Հե՜յ, Հիպոկրատին հիշող կա՞ Fri, 27 Feb 2026 16:15:01 +0400 Բաց նամակ առողջապահության նախարար Ա․…

20 րոպե ago

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․ Fri, 27 Feb 2026 16:00:54 +0400 Առավոտ կանուխ մարդ…

34 րոպե ago

Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը հող է պատրաստում մի խումբ հայերի հետապնդելու համար. Նահապետյան

Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը հող է պատրաստում մի խումբ հայերի հետապնդելու համար. Նահապետյան Fri, 27…

53 րոպե ago

Հայտնի են 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

Հայտնի են 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները Fri, 27 Feb 2026 15:40:04 +0400 Նիոն քաղաքում կայացավ…

55 րոպե ago