Իսկ դուք կո՞ղմ եք ադրբեջանական ցանկացած պահանջի բավարարմանը

Իսկ դուք կո՞ղմ եք ադրբեջանական ցանկացած պահանջի բավարարմանը

Fri, 27 Feb 2026 18:15:25 +0400


Ասեք, ասեք, որ դուք գաք իշխանության, կնքելո՞ւ եք խաղաղության պայմանագիր, թե՞ ասելու եք՝ քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից, քանի դեռ Բաքվի բանտերում հայ գերիներ կան, խաղաղություն չի լինելու. սա է փաշինյանական քարոզչության հիմնական թեզ-հարցը՝ ուղղված ընդդիմությանը: Նման հարցադրումներով փորձում են ընդդիմությանը, ընդդիմադիր գործիչներին թակարդը գցել, դնել անելանելի դրության մեջ, թվում է՝ ինչ էլ պատասխանես, միեւնույն է, ընդունելու ես պարտությունդ: Ասես, որ, իհարկե, չենք ստորագրելու, քանի դեռ այդ խնդիրները չեն լուծվել, ասելու են՝ տեսեք, սրանք չեն ուզում խաղաղության պայմանագիր, ուզում են Ադրբեջանին սադրեն նոր պատերազմի ու նոր զոհերի, նոր տարածքային կորուստների։ Պատասխանեն, որ, այո՝ ստորագրելու ենք խաղաղության պայմանագիր՝ ներկա պայմաններով, կնշանակի ընդունել, որ իշխանությունն ամեն ինչ ճիշտ է անում, եթե իշխանության գան, նույնն են անելու, եւ իրենց պայքարը ոչ թե իշխանության կողմից իրականացվող սխալ քաղաքականությունը փոխելու համար է, այլ ուզում են իրենք վայելեն իշխանությունը, դրանից հասարակությանն ի՞նչ:

Նախ, անգամ այն դեպքում, երբ Հայաստանի գործող իշխանությունն ընդունել է տարածքային կորուստների փաստը, չի պահանջում՝ սկզբում դուրս գալ այդ տարածքներից եւ նոր միայն ստորագրել խաղաղության պայմանագիր, համաձայն է խաղաղության պայմանագիր ստորագրել անգամ այն պայմաններում, որ Բաքվի բանտերում ապօրինի պահվում են հայ գերիներ, որոնք մեղադրվում են այնպիսի հանցանքներում, որպիսիք կարելի է վերագրել ցանկացած ՀՀ քաղաքացու, անգամ՝ Արցախն ուրացած եւ այն Ադրբեջանի մաս ճանաչած ՀՀ վարչախմբի ներկայացուցիչներին, որը համաձայնել է Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհ տրամադրել՝ Նախիջեւանին եւ Թուրքիային կապվելու համար, միեւնույն է՝ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիր: Նշանակում է, որ գործող իշխանությունը եւս չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը, խաղաղությունը երաշխավորված չէ:

Ադրբեջանի պահանջները Հայաստանից անհամեմատ ավելի ընդարձակ են. այս պահին Ադրբեջանը, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, առաջ է քաշում Սահմանադրության փոփոխությունը: Պահանջում են, որ Հայաստանը, հայ հասարակությունն իրենց հավաքական քվեարկությամբ հրաժարվեն Անկախության հռչակագրից, ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արարատով զինանշանից: Փաշինյանը եւ նրա հպատակները համաձայնել են կատարել Ալիեւի այս մի քանի պահանջները եւս, կատարել Սահմանադրության փոփոխություն` խորհրդարանական ընտրություններից հետո, եթե, իհարկե, իրենց հաջողվի վերարտադրվել: Բայց Ալիեւն ասում է, որ միայն հրապարակային համաձայնությունը բավարար չէ, իրենք պահանջում են այդ պահանջի ինստիտուցիոնալ իրականացում, ՀՀ քաղաքացիները գնան եւ քվեարկեն իր ներկայացրած Սահմանադրության օգտին, ինչը կնշանակի ադրբեջանական պահանջների հանրային ընդունում, հանրային հպատակեցում:

Բայց նույնիսկ այդ պահանջներն ընդունելուց հետո ՔՊ-ն եւ ՔՊ-ական քարոզիչները չեն կարող երաշխավորել, որ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր, այսինքն՝ կհրաժարվի Հայաստանի նկատմամբ ագրեսիայից եւ նոր պահանջներ չի առաջադրի: Իսկ պահանջների ցանկն անվերջ է եւ հաջորդ՝ 300 կամ գուցե 500 հազար ադրբեջանցիների վերադարձի` Հայաստանում ապրելու իրավունքն ամրագրում է՝ նրանց կորցրած սեփականության իրավունքը վերականգնելով: Բնականաբար, այդ ադրբեջանցիները, ապրելով Հայաստանի Հանրապետությունում, ստանալու են ՀՀ քաղաքացիություն, ունենալու են ընտրական իրավունք, ընդ որում` ոչ միայն ընտրելու, այլեւ՝ ընտրվելու: Ադրբեջանցիները պահանջելու են նոր սահմանադրական փոփոխություններ, որով ադրբեջաներենը հետագայում կճանաչվի երկրորդ պետական լեզու եւ այլն:

Եթե ՔՊ-ն ինչ-որ ձեւով կարողանա վերարտադրվել, առաջիկա 5 տարիները լինելու են Հայաստանի ադրբեջանականացման տարիներ, հաջորդ ընտրությունների ժամանակ ադրբեջանցի ընտրողների թիվն էականորեն գերազանցելու է հայ ընտրողներին, քանի որ ադրբեջանցիների գալուն զուգահեռ, կրճատվելու է նաեւ ազգությամբ հայ բնակչության թիվը: Հաջորդ խորհրդարանում հայերը լինելու են ոչ միայն էթնիկ փոքրամասնություն, այլեւ՝ ընդդիմություն, քանի որ իշխանությունը ձեւավորելու են հենց ադրբեջանցիները:

Այնպես որ՝ երբ իշխանության քարոզիչներ Պետրոս Ղազարյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք հարցնում են՝ իսկ դուք դե՞մ եք խաղաղության պայմանագրին, իշխանության գալով՝ հրաժարվելո՞ւ եք խաղաղության պայմանագիր ստորագրելուց, նրանց ուղղակի պետք է հարցնել՝ իսկ դուք կո՞ղմ եք Ադրբեջանի ցանկացած պահանջի ընդունմանը, հանուն այդ փաստաթղթի ստորագրման, կո՞ղմ եք Հայաստանի ադրբեջանականացմանը, պետականության ոչնչացմանը, որի դեպքում է միայն հնարավոր կատարյալ խաղաղություն: Վստահ եմ՝ նրանք միանգամից դրական պատասխան են տալու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք կզարգացնենք և կխթանենք արտադրությունը Հայաստանում՝ հզոր տնտեսություն կառուցելու համար

Մենք կզարգացնենք և կխթանենք արտադրությունը Հայաստանում՝ հզոր տնտեսություն կառուցելու համար Fri, 27 Feb 2026 23:15:10…

16 րոպե ago

Ձնածածկույթի բարձրությունը հասել է 240 սմ-ի․ Լեւոն Ազիզյան

Ձնածածկույթի բարձրությունը հասել է 240 սմ-ի․ Լեւոն Ազիզյան Fri, 27 Feb 2026 23:00:12 +0400 ՇՄՆ…

31 րոպե ago

Ախուրյանցի Անո, սա քո շանսն է, կանաչ լույս է,  գազ տուր, ազիզ

Ախուրյանցի Անո, սա քո շանսն է, կանաչ լույս է,  գազ տուր, ազիզ Fri, 27 Feb…

47 րոպե ago

«Սիրեք կյանքը»․ Մարիամ Փաշինյանի հերթական հրապարակումը՝ ծնողների ամուսնալուծության ֆոնին

«Սիրեք կյանքը»․ Մարիամ Փաշինյանի հերթական հրապարակումը՝ ծնողների ամուսնալուծության ֆոնին Fri, 27 Feb 2026 22:30:42 +0400…

1 ժամ ago

Երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անեին. Թամամյանի պաշտպան

Երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անեին. Թամամյանի պաշտպան Fri, 27 Feb…

1 ժամ ago

Ամերիկահայ նկարչուհին կներկայացնի իր առաջին վեպը

Ամերիկահայ նկարչուհին կներկայացնի իր առաջին վեպը Fri, 27 Feb 2026 22:00:29 +0400 Ամերիկահայ նկարչուհի Նադին…

2 ժամ ago