Հրաժարվել է կաթոլիկությունից, դարձել առաքելական եկեղեցու հետեւորդ
Fri, 27 Feb 2026 21:00:14 +0400
Հայ առաքելական եկեղեցու պատմությունն ուսումնասիրելիս անհնար է չառնչվել հայ աստվածաբանական մտքի 19-20-րդ դարերի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի անձին։ Նրա հեղինակած՝ առաքելական եկեղեցու պատմության «Ազգապատում» աշխատություններն առայսօր անգերազանցելի են եւ համարվում են դասական գործեր, առանց որոնց հնարավոր չէ եկեղեցական պատմության ուսումնասիրությունը։
Օրմանյանը ծնվել է 1841 թ․ փետրվարի 23-ին, Կոստանդնուպոլսում՝ հայ կաթոլիկ ընտանիքում: Վաղ տարիքից նա հետաքրքրություն է ցուցաբերել հոգեւոր եւ գիտական գիտելիքների հանդեպ, ինչն էլ կանխորոշել է նրա հետագա ուղին: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա՝ 1851-ին, Պողոս Օրմանյանը (այդպես էր պատրիարքի աշխարհիկ անունը) մեկնել է Հռոմ, որտեղ ուսանել է Անտոնյան հայ կաթոլիկ միաբանության Սբ Գրիգոր վանքում։ Կրթությունը շարունակել է Վատիկանում, ստացել փիլիսոփայության, աստվածաբանության եւ եկեղեցական իրավունքի մագիստրոսի աստիճան, դարձել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ եւ հայոց լեզու դասավանդել Հավատի քարոզչության կոլեգիայում: 1869-1870 թթ., որպես կաթոլիկ աստվածաբան, մասնակցել է Վատիկանի առաջին Մեծ ժողովին: 1876-ին վերջնականապես որոշել է խզել կապերը Վատիկանի հետ եւ հրաժարվել կաթոլիկությունից՝ դառնալ առաքելական եկեղեցու հետեւորդ։ 1879-ին ստացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան։ 1880-ին դարձել է Էրզրումի հայերի առաջնորդը, իսկ ավելի ուշ՝ գլխավորել Արմաշի դպրեվանքը, որտեղ կրթել է հոգեւոր գործիչների մի ամբողջ սերունդ: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Օրմանյանը Ներսես Վարժապետյանի հետ գործուն մասնակցություն է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի մասին փաստաթղթերի պատրաստմանը եւ հայկական հարցի հայեցակարգի մշակմանը: Դա կարեւոր ավանդ էր 19-րդ դարի վերջի հայ ժողովրդի քաղաքական եւ հասարակական մտքի ձեւավորման գործում: 1896 թ․ նոյեմբերի 6-ին Օրմանյանն ընտրվել է Կոստանդնուպոլսի պատրիարք եւ այդ պաշտոնը զբաղեցրել մինչեւ 1908 թվականի հուլիսը: Նրա պատրիարքությունը համընկել է պատմական բարդ ժամանակաշրջանի հետ, երբ Օսմանյան կայսրությունում հայ համայնքը բախվում էր քաղաքական եւ սոցիալական լուրջ մարտահրավերների, եւ արդեն զգացվում էր, որ Օսմանյան կայսրությունը մոտենում է իր մայրամուտին։ Դա առաջացնում էր թուրք-օսմանական իշխանությունների անկարող կատաղությունը, որը թափվում էր հատկապես կայսրության տարածքում բնակվող քրիստոնյա ժողովուրդների վրա: Չնայած դժվարություններին՝ նրան հաջողվել է ամրապնդել Հայ եկեղեցու հոգեւոր կյանքը եւ կրթական հաստատությունները: Նրան, ըստ ժամանակակիցների, կոչել են Գազանազուսպ, քանի որ, լինելով ճկուն դիվանագետ, կարողացել է հարյուրավոր հայորդիների ազատել սուլթանական պատժիչ յաթաղանից ու մեղմել Աբդուլ Համիդ 2-րդ Արյունոտ սուլթանի վերաբերմունքը հայերի հանդեպ։
Այսօրվա լույսի ներքո՝ Օրմանյանը հավատքի եւ գիտության, պահպանողականության եւ քաղաքական հավասարակշիռ մտածողության, դիվանագիտական ճկունության եւ լուրջ կառավարչական կարողություններով անձ էր։ Օրմանյան պատրիարքի քաղաքական մտածողությունը դրսեւորվում է դեռ 1870-ականների կեսերին իտալական ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջուզեպե Գարիբալդիի հետ հանդիպման եւ իտալացի ու հայ ժողովուրդների ազգային ազատագրությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։ Նույն տարում Օրմանյանն ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ եւ ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, բայց հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը։ Պատրիարքությունը թողնելուց հետո, կյանքի վերջին տարիներին նա ապրել է Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքում, այնտեղ վարել պաշտոններ, դասավանդել տեղի ճեմարանում։ 1918-ին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ եւ վախճանվել է։