Երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անեին. Թամամյանի պաշտպան

Երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անեին. Թամամյանի պաշտպան

Fri, 27 Feb 2026 22:15:15 +0400


2008թ․ մարտի 1-ի իրադարձություններից 18 տարի անց՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հանձնարարություն տալու մեղադրանքով ձերբակալված Հովհաննես Թամամյանին դատարանը չկալանավորեց` մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին նախօրեին հայտնել էին Քնչական կոմիտեից՝ նշելով, որ Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական հին օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ Ըստ մեղադրանքի՝ Թամամյանը 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Թամամյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց՝ Է․Ա-ն Էդուարդ Ասատրյանն է, որն էլ ցուցմունք է տվել Թամամյանի դեմ․ «Միայն ինքն է, այլ անձ չկա։ Նա եղել է դեպքերի վայրում, թե չի եղել, դա չեմ կարող ասել, մեզ համար դա հասկանալի չէ։ Բացի իր խոսքից, ուրիշ այլ ապացույց գոյություն չկա, որեւէ այլ ապացույց։ Կիսատ-պռատ բաներ է հայտնում, ինչպես ուզում է` այդպես է ասում»։

Ըստ պաշտպանի՝ ոստիկանության այն ծառայողները, որոնց ենթադրաբար հանձնարարություն է տվել Թամամյանը, չկան․ «Ոչ մեկը չկա, ինքնությունները պարզ չեն ծառայողների։ Ասում են՝ ոստիկաններ, տուժող, բայց ոչ մեկը չկա, տուժողին էլ չէին կարողանա պարզել, եթե տուժող կոչվածն ինքը չգնար եւ նման հաղորդում ու ցուցմունք չտար` ինքնակամ գնացել ցուցմունք է տվել։ 2008-ից շատ հետո` վերջերս գնացել եւ ցուցմունք է տվել»։

– Մարտի 1-ի հետ կապված գործը արդեն քանի տարի է՝ դատարանում քննվում է, նախաքննություն է եղել, տեւական պրոցես է եղել, ինչո՞ւ է հիմա հայտնում տուժողը, որ իրեն ծեծի են ենթարկել։

-Իհարկե, երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անել։ Այն ժամանակ ինչ նյութ ունեին, ինչ-որ հարուցումներ արեցին, այն ժամանակ դա շրջանառության մեջ դրեցին, իսկ հիմա հերթը հասավ այդ մեկին, կարծում եմ՝ հաջորդ մարտի 1-ին մեկ ուրիշին հերթ կհասնի, եւ այսպես շարունակ։

-Քննիչը հարցրե՞լ է՝ ինչո՞ւ է այսքան ժամանակ լռել, այսինքն՝ հանցա՞նք է թաքցրել։

-Քննիչն անգամ չի հարցրել՝ դու Թամամյանին ճանաչո՞ւմ ես, կարո՞ղ ես նկարագրել, թե ով է ինքը, ուր մնաց այդ հարցերը տար։

-Իսկ Թամամյանն Ասատրյանին ճանաչո՞ւմ է։

-Բացարձակ, տեղեկություն էլ չունի՝ այդպիսի անձ գոյություն ունեցել է, թե ոչ։

-Ձեր պաշտպանյալը նախաքննության ընթացքում հարցաքննվե՞լ է այս գործով։

-Հարցաքննվել է եւ ցուցմունք չի տվել եւ հիմա էլ չի տվել։ Մի բանից եթե տեղեկություն չունի` ի՞նչ ասի։

-Ինքն իրադարձությունների վայրում չի՞ եղել։

-Իրադարձությունների վայրում եղել է, բայց ոչ այն վայրում, որը մատնաշում է տուժող կոչվածը։

-Ո՞ր վայրն է մատնանշում։

-Չեմ կարող ասել, երևի աղմկահարույց վիճակ ստեղծելու ինչ-որ նպատակ հետապնդել է, որ ի վերջո այդ գործը ծնվել է։

-Նախկինում ե՞րբ է հարցաքննվել այս գործով։

-2018-ից հետո, ինչպես մյուս ծառայողների, այդ թվում Թամամյանին հրավիրել են եւ որոշակի հարցեր են տվել, ստացել են համապատասխան պատասխանները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայացք կողքից

Հայացք կողքից Fri, 19 Jun 2026 09:00:23 +0400 Միանգամայն հասկանալի է հանրային դժգոհությունը ընդդիմադիր թեկնածուներից…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար

«Հրապարակ»․ Երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար Fri, 19 Jun…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում

«Հրապարակ»․ Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում Fri, 19 Jun 2026 08:20:44 +0400 ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին Fri, 19 Jun 2026 08:15:49 +0400 Իշխանական թիմում…

1 ժամ ago

«Հրապարակ»․ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ

«Հրապարակ»․ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ Fri, 19 Jun 2026 08:10:34 +0400 Շաբաթներ առաջ հրապարակում էինք…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել Fri, 19 Jun 2026 08:05:14 +0400 «Միասնության թեւեր» կուսակցության…

1 ժամ ago