«Հրապարակ». Պատասխանատուն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, իսկ ՀԾԿՀ-ն ավելորդ կառույց է
Sat, 28 Feb 2026 09:15:01 +0400
«Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ մայիսից մինչեւ սեպտեմբեր 17-ժամյա ջրամատակարարման գրաֆիկի անցնելու մասին, սառը ցնցուղ էր բնակչության համար: Քաղաքացիների բուռն դժգոհության ալիքը՝ ընտրությունից 3 ամիս առաջ, հավանաբար, վախեցրեց ՀՀ կառավարությանը: Գործադիրը կրծքով փակեց ֆրանսիական ընկերությանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 25-ին սոցցանցի իր էջում գրեց, որ ջրամատակարարման ժամանակացույցը «խնդրահարույց է գնահատվել», եւ կառավարությունն օպերատիվ ձեւով հրավիրել է խորհրդակցություն՝ բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ «Տեղի է ունեցել քննարկում, եւ որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը»,- նշել է նա։ ՏԿԵ նախարարը նաեւ ասել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվելու են ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի նախկինի համեմատ ավելի «լավարկված ժամանակացույց»։
«Ցանկացած բանական մարդ, բնականաբար, սա դիտարկում է նախընտրական տրամաբանության շրջանակում ու հասկանում է, որ չեն ցանկացել լարել իրավիճակը, իսկ ի՞նչ է իրականում տեղի ունենալու, վստա՞հ եք արդյոք, որ ձեր լավարկված գրաֆիկը «Վեոլիա ջուր» ընկերությունն իրականացնելու է»,- արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր «լայվում» հարցնում է նախարար Խուդաթյանին եւ նրա փոխարեն պատասխանում՝ ոչ, 24-ժամյա ջրամատակարարում չենք ունենալու, որովհետեւ այս ընկերության գործելաոճն է՝ կա՛մ գրվածից քիչ ջուր մատակարարել, կա՛մ ավելի վատ գրաֆիկ հաստատել իրավական ճանապարհով, իսկ մի քանի միլիոնի տուգանքը միլիարդների շահույթ ունեցող ընկերությանը չի վախեցնի: Արփինե Հովհաննիսյանն անցյալ տարվա հոկտեմբերից մոտ 1000 էջ՝ 50-ից ավելի պայմանագրեր է կարդացել, 2018 թ. դեկտեմբերից կնքված, եւ աղաղակող փաստեր է հայտնաբերել, այդ թվում` դեպքեր, երբ այս ընկերության պարտքերը Ջրային կոմիտեն վերցրել է իր վրա: «Գնացել եք, ասել, թե պետությունը ներդրում չի անում, պետությունն էլ հավատացել է, որովհետեւ վերահսկողություն չկա»,- ասում է Արփինեն իր «լայվում»: Ասում են՝ այդ պայմանագրերում անգամ կա դեպք, երբ վատ կառավարման համար աուդիտորը տուգանել է ֆրանսիական ընկերությանը, իսկ Ջրային կոմիտեն, փաստացի` ՏԿԵ նախարարությունը, նրա փոխարեն մուծել է տուգանքը, որպեսզի «Վեոլիայի» միջազգային ռեյտինգը չտուժի:
Այլ կերպ ասած՝ ֆրանսիական ընկերությունը Հայաստանում արել ու անում է այն, ինչ կամեցել է, բայց ո՛չ նախարարությունը, ո՛չ Ջրային կոմիտեն, ո՛չ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի վերահսկում այս կառույցի գործունեությունը: «Յուրաքանչյուր տարի «Վեոլիա ջուր»-ը մինչեւ սեպտեմբերի 1-ը ջրամատակարարման գրաֆիկն ուղարկում է ՀԾԿՀ, եւ այնտեղ, բնականաբար, որեւէ պահանջ չեն ներկայացնում, ասում են՝ եղավ, եւ հաստատում են»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը, եւ նրա «լայվը» 2 մլն-ից ավելի դիտումներ է հավաքում:
«Վեոլիա ջուր» ընկերությունից, ի պատասխան «Հրապարակին», արդարանում են։ «Մենք գրաֆիկներ չենք հաստատում: Մինչեւ 24 թիվը մեր հանձնաժողովը համաձայնություն էր տալիս: 2024 թվականից այդ կետն ուժը կորցրած է ճանաչվել, եւ հիմա դա մեր մասով դուրս է եկել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է Հանձնաժողովի խոսնակ Լիանա Ազիզյանը: Ըստ խոսնակի, ՀԾԿՀ-ն ոչ թե հաստատում է, այլ՝ իրազեկում: Բայց արդարացումները չեն փրկում Հանձնաժողովին: Բանն այն է, որ նախկինում էլ՝ մինչեւ 2024 թվականը, երբ ջրամատակարարման ժամանակացույցը համաձայնեցվում էր ՀԾԿՀ-ի հետ, եղել են դեպքեր, երբ հանձնաժողով են ներկայացվել, ասենք, 18-ժամյա գրաֆիկներ, եւ Հանձնաժողովը դեմ չի եղել:
Այսինքն, իրենք կուզեն՝ ընդամենը 5 ժամ ջուր կտան, ու դուք ոչինչ չե՞ք անի՝ հարցնում ենք ՀԾԿՀ խոսնակին: «Ոչ: Նվազագույն պահանջը, որը նախատեսված է ջրամատակարարման եւ ջրօգտագործման կանոններով, 6 ժամ է, բայց, ըստ պայմանագրի, «Վեոլիա ջուր» ընկերությունը պետք է ջրամատակարարման շարունակական կատարելագործում իրականացնի: Այսինքն՝ ընկերությունը 6 ժամից պակաս իրավունք չունի ջրամատակարարում իրականացնել»,- պատասխանում է ՀԾԿՀ խոսնակը: Իսկ եթե ընկերությունը 6 ժամից քիչ ջուր մատակարարի, այդ դեպքում Հանձնաժողովը կարող է տույժ-տուգանք կիրառել, դա Արփինե Հովհաննիսյանի նշած «մի քանի կոպեկ» տուգանքն է, որը ֆրանսիական ընկերության համար ոչինչ է:
Թե որն է նման կառույցի դերն այս դեպքում, հասկանալի չէ: Այս հարցին խոսնակը պատասխանում է. «Կանոններով նախատեսված է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը պետք է ամեն տարի գրաֆիկները բաժանորդներին ներկայացնի, ծանուցի, կայքում հրապարակի: Հիմա ընկերությունը հերթական անգամ հրապարակել է, մեծ դժգոհություն առաջացավ, եւ կառավարությունը կասեցրեց դա: Նշված է, որ երկշաբաթյա ժամկետում նոր գրաֆիկներ կսահմանվեն, եւ ճիշտ կլինի սպասենք, որ այդ երկշաբաթյա գրաֆիկը լրանա»:
Նկատենք, որ ֆրանսիական ընկերությունը ոչինչ չի ասել 17-ժամյա գրաֆիկը չեղարկելու մասին: Ընկերությունը «քննարկում» է նոր գրաֆիկ, ոչ թե արդեն հրապարակվածի չեղարկում: Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ 2024 թվականից այլեւս չեն համաձայնեցվում ջրամատակարարման ժամանակացույցները, եւ այն ընդամենը իրազեկվում է հանրությանը, ապա ինչպե՞ս է իրականացնելու սպառողների շահերը պաշտպանելու իր գործառույթը:
Հարցն ուղղեցինք Արփինե Հովհաննիսյանին: «Իսկապես, 2024 թվականից համաձայնեցման պրոցեսը վերափոխվել է իրազեկման գործառույթի, բայց նախ պնդենք, որ մինչ այդ «Վեոլիա ջուրը» սպառողների շահերը ոտնահարող գրաֆիկը համաձայնեցրել է ՀԾԿՀ-ի հետ: Սա պատմություն չէ անձերի մասին, սա պատմություն է սպառողների շահերի համակարգային ոտնահարման մասին: Հետեւաբար, մինչեւ 2024 թվականի փոփոխությունը, համաձայնեցման համար պատասխանատվությունը եւ բազմաթիվ համայնքներում 17-ժամյա գրաֆիկին լռելյայն համաձայնելու, մարզերում էլ` 6, 8 ժամ գրաֆիկներին համաձայնելու պատասխանատվությունը կրում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ինչ վերաբերում է դրանից հետո կատարված փոփոխությանը, այո, ՀԾԿՀ-ն, եւ ես դա նշել եմ իմ տեսանյութում, ոչ մի իրավասություն չունի, եւ եթե սպառողի շահի ոտնահարման խնդիր ենք բարձրացնում, պետք է գնանք այլ հասցեատիրոջ մոտ, որը, իմ համոզմամբ, Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն է։ Պարզապես այստեղ ուրիշ հարց է ծագում՝ այդ դեպքում ո՞րն է, առհասարակ, ՀԾԿՀ առաքելությունը»:
Ի դեպ, հիշեցնենք․ այսօր էլ մարզեր կան, որտեղ 6-8 ժամ է ջուր տրվում կամ դրանից էլ քիչ: Անգամ չեղարկված 17-ժամյա ջրամատակարարումն այդ մարզերի ու գյուղերի համար պարզապես երազանք է: