Կարող են խնդիրներ առաջանալ արտահանման, ներմուծման հետ

Կարող են խնդիրներ առաջանալ արտահանման, ներմուծման հետ

Sat, 28 Feb 2026 16:30:45 +0400


Մոտ 7 հրթիռային հարված է գրանցվել Թեհրանի այն շրջաններում, որտեղ գտնվում են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի նստավայրը և նախագահական պալատը։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը: «Reuters»-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն օդային և ծովային հարվածներ է հասցնում Իրանին: Նույն լրատվամիջոցը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին, հայտնում է, որ Իրանը պատրաստվում է «ջախջախիչ» պատասխան հարվածի։ Իսրայելի առողջապահության նախարարությունը հանձնարարել է բժշկական կենտրոններին դուրս գրել նրանց, ովքեր անհապաղ հոսպիտալացման կարիք չունեն: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները ժամանակավորապես կդադարեցնեն թռիչքները դեպի Իսրայել և Իրան: Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր հայտարարել է, որ «կանխարգելիչ» հարված է հասցվել Իրանին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը մասնակցում է Իրանի դեմ գործողությանը։

Իրանագետ Ժաննա Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով պրոցեսների մասին, նկատում է․ «Ըստ էության մենք այժմ ականատես ենք լինում Իրանի դեմ հերթական հարձակմանը, այս անգամ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, նախորդ հարձակումը տեղի էր ունեցել 2025 թվականի հունիսին։ Եթե նախորդ անգամ թիրախավորել էին միջուկային օբյեկտները և տեղի բարձրաստիճան զինվորականներին, ապա այս անգամ հարձակումն ավելի ընդգրկուն է։ Այժմ թիրախում են Իրանի հրթիռային օբյեկտները, ինչպես նաև Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարները։ Տարբեր տեղեկություններ կան, որ մահափորձ է կատարվել Գերագույն առաջնորդի, նախագահի ու այլ քաղաքական պաշտոնյաների դեմ, որոնք մինչ այս պահը առայժմ հերքվում են։ Շատ են շրջանառվող անունները, հատկապես ռազմավական ոլորտին առնչվող պաշտոնյաների մասով։ Մեր ունեցած տեղեկություններն այս մասով դեռևս հստակ չեն, գուցե առաջիկա ժամերին պատկերը ավելի հստակեցվի։ Ընդհանուր առմամբ Իրանն արդեն իսկ մեկնարկել է պատասխան գործողությունները և ի տարբերություն նախորդ տարվա պատերազմի, այս անգամ հարվածներ են հասցվում Իսրայելի ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք երկրների, Կատարից բացի՝ Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանան, Քուվեյթ և այլն՝ ամերիկյան բազաների ուղղությամբ, փաստացի սա ավելի ընդգրկուն է, քան նախորդ տարվա պատերազմը։ Ընդհանուր առմամբ եթե դիտարկում ենք ամերիկյան և իսրայելական կողմերի գործողություններն ու հռետորաբանությունը, ապա նրանք մի քանի նպատակ են հետապնդում։ Իրանում՝ համակարգի տապալում, ընդ որում այն կլինի մահափորձի միջոցով, թե այլ եղանակով, ինչպես նաև Իրանի ռազմական պաշտպանական պոտենցիալի սահմանափակումն է նրանց նպատակներից մեկը, որպեսզի Իրանը չկարողանա պատասխան հարվածներ հասցնել և առհասարակ նրանք ցանկանում են Իրանում ստեղծել մի իրավիճակ, որ այդ երկիրը չկարողանա լուրջ մարտահրավերներ ներկայացնել ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին», – ասում է իրանագետը։

Իսկ ի՞նչ ազդեցություն կթողնեն պրոցեսները տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա․«Հայաստանի դեպքում մի քանի ուղղություններ կան՝ փախստականների հոսք, խոսքը ոչ միայն իրանահայերի մասին է, այլև՝ իրանցիների, սա կախված է այն բանից, թե որքան կտևեն ռազմական գործողությունները։ Հատկանշական է, որ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդն է հորդորել ժողովրդին հեռանալ Թեհրանից և այն քաղաքներից, որոնք ենթարկվում են հարձակման։ Նման դեպքերում իրանցիները գնում են դեպի հյուսիսային շրջաններ՝ Կասպից ծովին հարող, բայց այս համատեքստում ոմանք կարող են նախընտրել Հայաստան, նաև Թուրքիա և այլն։ Այս գործողությունները կարող են ազդել նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա, կախված նրանից, թե որքան կտևեն պրոցեսները։ Կարող են խնդիրներ առաջանալ արտահանման, ներմուծման հետ կապված, ինչպես նաև ենթակառուցվածքային, տարանցիկ ճանապարհներից օգտվելու հնարավորություններիի հետ, և այլն, ամեն բան կախված է պրոցեսների ընթացքից»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինֆորմացիայի պահման գերժամանակակից նոր կրիչ են ստեղծել

Ինֆորմացիայի պահման գերժամանակակից նոր կրիչ են ստեղծել Sat, 28 Feb 2026 23:30:07 +0400 Microsoft ընկերության…

12 րոպե ago

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին Sat, 28 Feb 2026 23:15:47 +0400 Իրանը հայտնել…

26 րոպե ago

Հայտնի են «ամենից անառիկ» ֆուտբոլային դարպասապահները

Հայտնի են «ամենից անառիկ» ֆուտբոլային դարպասապահները Sat, 28 Feb 2026 23:00:52 +0400 IFFHS-ը՝ Ֆուտբոլի պատմության…

41 րոպե ago

Политических объединений, которые полностью соответствовали бы «нашим и вашим желаниям», в Армении быть не может

Политических объединений, которые полностью соответствовали бы «нашим и вашим желаниям», в Армении быть не может…

57 րոպե ago

Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի`յոթ երկրներում գտնվող ռազմաբազաների վրա

Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի`յոթ երկրներում գտնվող ռազմաբազաների վրա Sat, 28 Feb 2026 22:13:13 +0400 Իրանը…

1 ժամ ago

Արհեստական բանականության ցուցմամբ՝ աշխատակցին ազատելը համարվել է օրինական

Արհեստական բանականության ցուցմամբ՝ աշխատակցին ազատելը համարվել է օրինական Sat, 28 Feb 2026 22:00:28 +0400 Իտալիայում…

2 ժամ ago