«Հրապարակ»․ 70 նախկին քաղբանտարկյալների արդարացման գործընթացը կասեցրել են
Tue, 03 Mar 2026 10:45:41 +0400
Կիրակի օրը մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 18-րդ տարին էր։ Իշխանական եռյակը ծաղիկներ խոնարհեց Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Դեռեւս 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, հետագայում ԱԺ ամբիոնից կրկնեց` այդ գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է, սակայն սպանություններից 18 տարի անց էլ 10 զոհերից եւ ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ, գոնե, թե ում կրակոցից են նրանք սպանվել, եւ ում անմիջական հրամանով են այդ կրակոցները հնչել, մեզ հայտնի չէ։
8 տարվա քննությունից հետո, վերջին օրերին հանկարծ այս գործով նոր կալանավորումներ եղան: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը ձերբակալվեց, սակայն դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը: Մեղադրանքներ են առաջադրվել Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները Մարտի 1-ի գործով 4 տարի առաջ արդարացվեցին, սակայն մեկ տարի առաջ գործը վերաբացվեց, հունվարին էլ Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցած տարվա սեպտեմբերին հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն այս կիրակի՝ մարտի 1-ին, եկեղեցի չայցելեցին եւ գոնե մարտի 1-ի զոհերի հիշատակը չհարգեցին եկեղեցում` պատարագի չմասնակցեցին, մինչդեռ նախորդ բոլոր շաբաթներին` երկար ամիսներ, Փաշինյանը, թափառաշրջիկ կրկես հիշեցնող իր շքախմբով, այցելում էր տարբեր եկեղեցիներ, մասնակցում պատարագների, քահանաներին էլ հրամայում էր պատարագի տեքստից զեղչել Վեհափառի անունը։ Ակնհայտ է․ նա արդեն գիտակցում է, որ իր հակաեկեղեցական արշավը, որն ի սկզբանե էլ չուներ հեռանկար, տապալված է, այն աստիճան տապալված, որ արդեն, եկեղեցի գնալու փոխարեն, ավտոբուսի մեջ կարկանդակ եւ եգիպտացորեն են ուտում եւ ամուսնալուծության դրամա դնում շրջանառության մեջ։ Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։
– Նիկոլ Փաշինյանը՝ իր թիմակիցների հետ, գրեթե ամեն կիրակի տարբեր եկեղեցիներ էր այցելում եւ իրեն մոլի հավատացյալ երեւակայելով` պատարագների մասնակցում, սակայն մարտի 1-ին եկեղեցի չգնաց ու զոհերի հիշատակին հարգանքի տուրք չմատուցեց։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը։
– Իրենց համար մարտի 1-ի դեպքերի բացահայտումը բացարձակ խնդիր չէ։ Այս ընթացքում օրվա իշխանությունը բացառապես զբաղված է եղել այդ գործը պարտակելով, թաքցնելով եւ մոռացության տալով։ Դա սկսվեց այն Սահմանադրական դատարանի որոշումով, երբ միաձայն արդարացվեց Ռոբերտ Քոչարյանը, դրանից հետո ոչ մի հանցագործություն չի բացահայտվել, դեռ հակառակը՝ մարտի 1-ի գործով կային տուժածների դիմումներ, որոնք ներկայացվել էին դատախազություն։ Խոսքը շուրջ 70 հոգու արդարացման գործընթացի մասին է, որը նրանք մերժել են, եւ այդ գործն այդպես էլ առաջ չգնաց։ 70 նախկին քաղաքական բանտարկյալների գործեր որոշումով կասեցվել են, եւ կանգնել են արդարացման գործընթացները։ Այս մարդկանց ողջ նպատակն իրական հանցագործությունը թաքցնելն է։ Բոլորս էլ գիտենք, որ ոչ մի հանցագործ մինչ այս պահը պատժված չէ, ոչ մի գործ բացված չէ, եւ ոչ մի հրաման տվողի անուն հրապարակված չէ։ Նրանք այդ գործընթացը կասեցնելով՝ իրենց համար «բոբո» ընդդիմադիր բեւեռ են ստեղծել եւ այդ «բոբո»-ով անդադար վախեցնում են ժողովրդին, որ եթե մենք չլինենք, «բոբո»-ն կգա իշխանության։ 2021 թվականին էլ ժողովուրդն այդ տրամաբանությամբ քվեարկեց, եւ եղավ այն, ինչ եղավ։ Այս մեխանիզմով փորձում են մոռացության տալ ամեն բան։ Այն ամենը, ինչ եղել է 2018-ից առաջ՝ քաղաքական, պատմական եւ այլն, Ղարաբաղի հետ կապված խնդիրները․․․․ փորձում են ամեն ինչ մոռացության տալ։ Նրանց նպատակը լրիվ այլ է։
– Իսկ ո՞րն է մարտի 1-ը մոռացության տալու Փաշինյանի շահը։
– Որովհետեւ նա ստեղծել է «բոբո» ընդդիմություն, եւ ՍԴ-ի որոշումից սկսած, ամեն բան օգնում է իրենց, որպեսզի «բոբո»-ին չքվեարկեն եւ իրենց քվեարկեն։ Ակնհայտ է, որ իշխանությունը մարտի 1-ը դիտավորյալ պարտակել է եւ որեւէ ցանկություն չունի այն բացահայտելու։
– Գուցե իսկապես գլխավոր մեղավորներից մեկը հենց ինքը՝ Փաշինյա՞նն է եւ այդ պատճառով էլ չի ուզում իրականությունը բացահայտել։
– Չգիտեմ, ես հիմնական էլեմենտների մասին խոսեցի։ Ի դեպ, անդրադառնալով առաջին հարցին՝ հարգանքի տուրք մատուցելուն, եթե մարտի 1-ը մոռացության են տալիս, ինչո՞ւ պետք է զոհերի հիշատակը հարգեն։