Էլի նախկիներն են մեղավո՞ր. ինչու չեք բաշարել 8 տարում դա անել
Tue, 03 Mar 2026 12:03:19 +0400
Ազգային ժողովում ջրանջատումների թեմայով քննարկումը վերածվեց փոխադարձ մեղադրանքների։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատեց գործող իշխանություններին՝ նշելով, որ ութ տարի կառավարելով՝ նրանք շարունակում են պատասխանատվությունը բարդել նախկինների վրա։
Պատգամավորի խոսքով՝ այդ ժամանակահատվածում հնարավոր էր վերանայել ու փոփոխել խնդիրներ առաջացնող պայմանագրերը։ Նա, որպես օրինակ, հարց բարձրացրեց՝ եթե հնարավոր է փոփոխություններ կատարել ՀԷՑ-ի պայմանագրում, ապա ինչու նույնը չի արվում ջրամատակարարման ոլորտում։
Խաչատրյանը նաև կասկածի տակ դրեց ներկայացվող տվյալները ջրի կորուստների վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ այն հիմնավորումը, թե ջրամատակարարումն ավելացել է, չի պատասխանում հիմնական հարցին՝ ինչ ծավալի կորուստներ են արձանագրվում երրորդային ցանցում և ինչպես են դրանք չափվում։ Պատգամավորը հավելեց, որ ջրի քանակի աճը կարող է պայմանավորված լինել նաև եղանակային գործոններով, օրինակ՝ ավելի առատ տեղումներով։
Նա քննադատեց նաև ծախսերի արդյունավետությունը՝ նշելով, որ զգալի գումարներ են ծախսվում, սակայն, ըստ նրա, դրանք չեն ուղղվում ջրամբարների և ջրանցքների կառուցմանը կամ համակարգի հիմնարար բարելավմանը։