«Երաշխավորված խաղաղություն»․ Նպատա՞կ, թե՞ կարգախոս

«Երաշխավորված խաղաղություն»․ Նպատա՞կ, թե՞ կարգախոս

Tue, 03 Mar 2026 17:15:02 +0400


«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հեղինակներն իրենց նախընտրական ծրագրի առանցքային դրույթ են հռչակել «երաշխավորված խաղաղությունը»՝ որպես «միջազգային իրավական եւ իրատեսական մեխանիզմներով ամրագրված եւ վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ»։

Ակնհայտ է, որ հեղինակները պատկերացնում են «երաշխավորված խաղաղություն» կոչվող երազանքի հաստատման ճանապարհին առկա բարդագույն խնդիրները։ Սակայն նվիրական այդ գաղափարի իրականացման համար անհրաժեշտ գործիքների եւ մեխանիզմների թեկուզ նախնական ուրվագծի բացակայությունը՝ ներկայացված մտահղացմանը հաղորդում է ակնհայտորեն դեկլարատիվ բնույթ։ Այս զգացողությունն ավելի է սրվում՝ հետեւելով գործնականում մեկնարկած քարոզարշավին, որն աչքի է ընկնում պոպուլիստական կարգախոսների առատությամբ։
Միջազգային հարաբերությունների տեսության մեջ նորմատիվ գաղափարների շարքին դասվող «երաշխավորված խաղաղության» գաղափարը ենթադրում է ռազմաքաղաքական մեխանիզմների եւ դրանց գործառնությունն ապահովող արտաքին դերակատարների մի բարդ համակարգ, որը կոչված է երաշխավորել խաղաղության համաձայնագրի իրականացման արդյունավետ վերահսկողություն եւ դրա խախտման դեպքում խաղաղության անվերապահ պարտադրում։

Պատահական չէ, որ Ուկրաինայի շուրջ ընթացող բանակցություններում խաղաղության երաշխիքների հարցը դարձել է ամենաբարդերից մեկը․ Կիեւին չի բավարարում կայուն եւ երկարատեւ հրադադարի հաստատման հեռանկարը՝ ուկրաինական կողմը պահանջում է երաշխավորել երկրի կայուն անվտանգության ռեժիմը ոչ թե քաղաքական հավաստիացումների, այլ երրորդ կողմերի ստանձնած հանձնառությունների հաշվին՝ համարժեք ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով սահմանված կոլեկտիվ պաշտպանության պարտավորություններին։ Ու քանի որ դրանք թե քաղաքական, թե՛ ռեսուրսային առումով վիճահարույց են եւ թանկ, այսպես կոչված՝ «կամավորների կոալիցիայի» անդամ-երկրները դեռ վարանում են (հնարավոր է, սա է պատճառը, որ ուկրաինական կողմից «երաշխավորված խաղաղության» հաստատման նպատակով օրերս կրկին կոչեր հնչեցին՝ վերամիջուկայնացնել երկրի ռազմական ներուժը)։

Այստեղից հետեւություն․ «երաշխավորված խաղաղության» գաղափարն առաջ մղելու համար անհրաժեշտ է պարզաբանել հաջորդ հարցադրումները։

Առաջինը, կապված վերահսկողություն հետ. ո՞վ, ինչպե՞ս եւ ի՞նչ մանդատով է իրականացնելու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կատարման մոնիթորինգը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դիտորդներին եւ սահմանի վերահսկման առաքելություններին, խախտումների արձանագրման ընթացակարգերին, փաստերի անկախ վերիֆիկացմանը։

Հաջորդը, կապված պար­տադրանքի հետ. ո՞ւմ կողմից, ի՞նչ հերթականությամբ եւ ի՞նչ գործողություններ կձեռնարկվեն, եթե խաղաղությունը խախտվում է։ Խոսքը, մասնավորապես, այն համաձայնեցված գործառույթների մասին է, որոնք թույլ կտան երաշխավոր երկրներին կամ Հայաստանի դաշնակիցներին՝ իրենց ստանձնած պարտավորությունների շրջանակներում ցուցաբերել անհապաղ արտաքին ռազմական եւ քաղաքական աջակցություն՝ ագրեսորին զսպելու եւ երկրի անվտանգությունն ու տարածքային ինքնիշխանությունն ապահովելու նպատակով։

Ուստի, «երաշխավորված խաղաղության» գաղափարն առաջ մղելու նպատակով, ՀՀ ընտրողին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը ներգրավված ուժային կենտրոններին անհրաժեշտ է ներկայացնել հեղինակների պատկերացումներն այն մասին, թե․
1. որ երկրները կամ միջպետական կազմակերպություններն են դիտարկվում որպես Հայաստանի հնարավոր երաշխավորներ
2. որն է երաշխիքների ռազմավարական գինը Հայաստանի համար․ արտաքին երաշխիքները չեզոք չեն եւ ունեն գին՝ քաղաքական մանեւրի ազատության սահմանափակումների, ռեսուրսների եւ պարտավորությունների տեսքով։
Առանց նշված հարցերի պարզաբանման, «երաշխավորված խաղաղության» նորմատիվ գաղափարը վերածվում է հերթական պոպուլիստական կարգախոսի եւ խարխլում է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության քաղաքական ծրագիրը։ Ավելին, այն ստեղծում է չափազանցված սպասումներ եւ հղի է հերթական դառը հիասթափությամբ։

Արմեն Մարտիրոսյան
ԳԽ պատգամավոր (1990-95թթ.)
Աժ պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում

Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Mon, 31 Aug 2026 15:05:12 +0400…

9 րոպե ago

Ավելի քան 5200 մահ՝ անտանելի շոգից․ Իսպանիայում աղետ է

Ավելի քան 5200 մահ՝ անտանելի շոգից․ Իսպանիայում աղետ է Mon, 31 Aug 2026 15:00:55 +0400…

13 րոպե ago

Քարերով ոստիկանության մեքենայի ապակին կոտրողին ոստիկանություն են տարել․ քրգործ կհարուցվի՞

Քարերով ոստիկանության մեքենայի ապակին կոտրողին ոստիկանություն են տարել․ քրգործ կհարուցվի՞ Mon, 31 Aug 2026 14:39:17…

35 րոպե ago

Ուկրաինան հարձակվել է Եկատերինբուրգի վրա․ ինչ է հայտնի

Ուկրաինան հարձակվել է Եկատերինբուրգի վրա․ ինչ է հայտնի Mon, 31 Aug 2026 14:30:31 +0400 Ուկրաինական…

44 րոպե ago

Բաքվից եկող պատվե՞ր

Բաքվից եկող պատվե՞ր Mon, 31 Aug 2026 14:20:19 +0400 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար…

54 րոպե ago

Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը»

Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը» Mon, 31 Aug 2026 14:15:47 +0400…

59 րոպե ago