«Հրապարակ»․ Որոշել են այս հարցում էլ ԱՄՆ-ին կրկնօրինակել

«Հրապարակ»․ Որոշել են այս հարցում էլ ԱՄՆ-ին կրկնօրինակել

Wed, 04 Mar 2026 10:45:19 +0400


«Օրհներգի կատարումը պարտադիր է դարձրել պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը, եւ սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել եւս՝ արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես պլանավորել եւ ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը»,- փետրվարի 12-ին, կառավարության նիստում հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ օրհներգի կատարման կարգի փոփոխությունները եւ կառավարության որոշման նախագիծը։

«Կարգավորվում են նաեւ բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է»,- ասել է նախարարը՝ ուշադրություն հրավիրելով նաեւ ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, քանի որ օրենքում սահմանվել է, որ մանկապարտեզներում, դպրոցներում եւ քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգ պետք է հնչի: «Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաեւ բոլոր անձանց, ովքեր ներգրավված են»,- ասել նա՝ հավելելով, որ օրհներգի տարբերակները հրապարակված են կառավարության կայքում, «Հայաստան» բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները: Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նույն օրը ընդգծել է` բոլոր միջոցառումներին, որտեղ պետք է հնչի ՀՀ օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ: «Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր եւ երգչախմբեր, որպեսզի դա կատարեն»,- ասել է նա: Փաշինյանը պարզաբանել է՝ ինչ վերաբերում է այլ կառույցներին, այս դեպքում ստանդարտ է սահմանվում, այսինքն` պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում: Դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելն արգելվում է: Այս համատեքստում Փաշինյանը հիշեց նաեւ 7 տարի առաջ տեղի ունեցած՝ պետական դրոշի հետ կապված դեպքը, երբ գետնին դրված դրոշի համար ՊԵԿ աշխատակցին աշխատանքից ազատեց, ապա որոշ ժամանակ հետո կարգադրեց հետ ընդունել: Ասել էր, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւս փոփոխություններ են կատարվել՝ պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար: «Երբ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է: Էական չէ, թե որտեղ է հնչում, ինչ առիթով է հնչում»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պետք է խնդրել նաեւ Հանրային հեռուստաընկերությանը՝ փոխել ՀՀ օրհներգի «հնամաշ» հոլովակը:

Այսինքն, ինչքան երկրի ինքնիշխանությունն իջնում է, ինչքան շատ են մեր թշնամի երկրների ղեկավարները տրորում մեր արժանապատվությունը եւ մեր հասցեին վայրահաչում, այնքան ձեւական արարողակարգային էժան տրյուկներով այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե հարգում է մեր պետության սիմվոլները` օրհներգի նոր կարգ է ընդունում, դրոշներ է տեղադրում այստեղ-այնտեղ:

Վերջին շրջանում մարդիկ նկատում են նաեւ, որ օրհներգի ժամանակ ՔՊ-ականները շարքով կանգնում են ու ձեռքները դնում կրծքին` սրտի մասում, ինչն իբրեւ թե հարգանք է երկրի հիմնի նկատմամբ, այլ երկրներից ընդօրինակված: Լավ կլիներ, որ այլ երկրներից նաեւ պետություն պահելու, արժանապատվություն ունենալու, թշնամու առաջ գլուխ չխոնարհելու մյուս որակներն ընդօրինակեին:

Իշխանության եկած օրվանից պետության սիմվոլներն ու պետության հանդեպ հարգանքը խարխլած ՔՊ-ական իշխանությունը չի գիտակցում, որ երբ Արարատ սարի դեմ է պայքարում, երբ ասում է` Արեւմտյան Հայաստանը Թալինն է ու Արմավիրը, իսկ Արցախը երբեք մերը չի եղել, պետության հանդեպ հարգանքը ոչնչացնում է, նրա ատրիբուտները հողին է հավասարեցնում: Երբ հայկական եկեղեցու դեմ է պայքարում, մեր ազգի հիմքերին ու ազգային արժեքներին է հարվածում: Իսկ այդ դերասանությունը` ձեռքը կրծքին դնելը, առնվազն ծիծաղ է առաջացնում:

ՀՀ երրորդ նախագահի արարողակարգի պատասխանատու Արմեն Գիչյանին «Հրապարակը» հարցրեց` արարողակարգի տեսանկյունից որքանո՞վ է այդ ժեստն անհրաժեշտ, ո՞րն է դրա նպատակը: Գիչյանն ասաց. «Անկեղծ ասած, ինձ էլ հետաքրքրեց, թե ինչու են օրհներգի ժամանակ ձեռքը սրտին դնում, ես հետաքրքրվեցի, պարզվեց՝ համապատասխան որոշում է կայացվել, կարծես հենց կառավարության կողմից, որ պետք է պետական օրհներգի կատարման ժամանակ ձեռքը դնել կրծքին` սրտի մոտ: Կա համապատասխան որոշում: Որոշման մեջ նաեւ ասվում է, որ պետք է օրհներգը հնչի ակապելլա կամ լայվ, միեւնույն ժամանակ ձեռքը պետք է դրվի սրտին: Դե, ամեն դեպքում, ճաշակին ընկեր չկա, չեմ կարող հստակ ասել` գեղեցի՞կ է այն նայվում, թե՞ ոչ, ամեն դեպքում, կան էլի որոշ երկրներ, որտեղ պետական միջոցառումների ժամանակ, երբ հնչում է պետության օրհներգը, ձեռքն անպայման պետք է տանել դեպի սիրտը: Պետական օրհներգի հանդեպ եթե կա հարգանք, անկախ այն բանից՝ այն կենդանի կատարումով է հնչում, թե ոչ, հարգանքն առաջին հերթին ոտքի կանգնելն է` հստակ կեցվածքով, առանց ձեռքերը խաչելու կամ այս ու այն կողմ տանելու: Զինվորականներն օրհներգի ժամանակ պատվի էին առնում, իսկ այս որոշումը նոր բան է, մեկ ամիս առաջ է ուժի մեջ մտել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էկվադորը և ԱՄՆ-ն ռազմական գործողություն են սկսել

Էկվադորը և ԱՄՆ-ն ռազմական գործողություն են սկսել Wed, 04 Mar 2026 12:30:20 +0400 ԱՄՆ-ն ռազմական…

3 րոպե ago

Կանանց վրա ծախսե՞րն էլ են վարկով անում

Կանանց վրա ծախսե՞րն էլ են վարկով անում Wed, 04 Mar 2026 12:30:11 +0400 Latest news…

3 րոպե ago

«Եկեղեցիների օտարման» մասին օրենքի նախագիծը ընդունվել է

«Եկեղեցիների օտարման» մասին օրենքի նախագիծը ընդունվել է Wed, 04 Mar 2026 12:24:35 +0400 ՀՀ Ազգային…

9 րոպե ago

Մարդը դիակը Ճամբարակից բերում Սևանում է հերձում

Մարդը դիակը Ճամբարակից բերում Սևանում է հերձում Wed, 04 Mar 2026 12:17:02 +0400 Ազգային ժողովում…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Այդ փողը եթե Դեբեդի մեջ լցնեին, լիճ կգոյանար, գոնե ձուկ կբռնեինք

«Հրապարակ»․ Այդ փողը եթե Դեբեդի մեջ լցնեին, լիճ կգոյանար, գոնե ձուկ կբռնեինք Wed, 04 Mar…

18 րոպե ago

Նոր ներխուժումներ են եղել ՀՀ, որոնք թաքցրել են

Նոր ներխուժումներ են եղել ՀՀ, որոնք թաքցրել են Wed, 04 Mar 2026 12:07:29 +0400 Հայաստանում…

26 րոպե ago