Իրանական նոր հակամարտությունն ու Հարավային Կովկասը

Իրանական նոր հակամարտությունն ու Հարավային Կովկասը

Wed, 04 Mar 2026 13:45:45 +0400


Ամերիկա-իսրայելա-իրանական ռազմական նոր բախումը, Ռահբար Ալի Խամենեիի եւ մի շարք բարձրաստիճան իրանցի զինվորականների ու քաղաքական գործիչների նահատակումն Իսլամական Հանրապետությունը դարձրել են գլոբալ քաղաքականության կենտրոն։ Ինչպես գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, «իրանական հարցը» ներկայիս փուլում ունի մի շարք շերտեր։ Առաջին հերթին ներկա բախումը կապված է Վաշինգտոնի գլոբալ հավակնությունների հետ։ Միացյալ Նահանգներ-Իսրայել դաշինքը, որոնք ձգտում են կա՛մ կործանել, կա՛մ թուլացնել Իսլամական Հանրապետությունը Իրանում, ի վիճակի են արմատապես փոխել ուժերի բալանսը Մերձավոր Արեւելքում, ռեգիոն, որն աշխարհի ամենից տուրբուլենտ շրջաններից է։

Իրանի ապամիջուկայնացման հեռանկարների քննարկումը հար­ցականի տակ է դնում, թե որքան պահանջված է այսօր միջուկային զսպումը եւ չի՞ հանդիսանում արդյոք «ուրանի զրոյական հարստացում» թեզիսը, որպես հարմար գործիք՝ ապագա հակառակորդին զինաթափելու համար։ Այս համատեքստում չի կարելի մոռանալ Հարավային Կովկասի մասին։ Բացի մշակութային, լեզվական եւ կրոնական կապերից, որոնք առկա են Իրանի եւ Հարավային Կովկասի միջեւ, Իսլամական Հանրապետությունն ունի, ընդհանուր առմամբ, 800 կմ ձգվածությամբ սահման Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Չնայած Վրաստանն էլ Թեհրանի ուշադրության կենտրոնում է մշտապես եղել։ Ու կարեւոր է հասկանալ, թե Մերձավոր Արեւելքում ներկա էսկալացիան որքանով կարող է հետեւանքներ թողնել Հարավային Կովկասի վրա։

Մի քանի օր, ներկայիս էսկալացիայից առաջ, Թեհրանում էր Հայաստանի Պնախարար Սուրեն Պապիկյանը։ Որքան էլ որ խոսենք Երեւանի արեւմտամետ քաղաքական ընտրության մասին, պարզ է, որ Հայաստանի համար Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են։ Թեհրանը դիտարկվում է կամ գոնե մինչեւ վերջերս դիտարկվել էր որպես ռեգիոնալ որոշակի հավասարակշռող ուժ։ Ամերիկա-իսրայելական այժմյան հարձակման ֆոնին էլ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել, որի հանրային հատվածում խոր ափսոսանք է հայտնել ողբերգական իրադարձությունների համար եւ ընդգծել, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել խաղաղությունը։ Գալով Ադրբեջանին՝ Մարկեդոնովն իր վերլուծականում նշել է, որ Իսրայելն ու Ադրբեջանն առաջին տարին չէ, որ ռազմավարական գործընկերներ են, եւ դա մշտապես նյարդայնացրել է իրանական ղեկավարությանը։ Թեեւ պաշտոնապես Բաքուն շատ զուսպ է արտահայտվում, սակայն շատ հայ վերլուծաբաններ մերձավորարեւելյան իրադրությունը մեկնաբանելիս չեն մոռանում նկատել, որ Բաքուն իրականում պաշտպանում է Իսրայելին։ Բաքուն, սակայն, կոչ է արել հարգել պետությունների տարածքային ամբողջականությունը՝ համահունչ ՄԱԿ սկզբունքներին։ Սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը ոչ վաղ անցյալում շատ սկեպտիկ կերպով էր արտահայտվում միջազգային իրավունքի, ներառյալ՝ նաեւ ՄԱԿ արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու մասին։

Իրեն բավականին զուսպ է պահում նաեւ Վրաստանը, եւ դա հասկանալի է։ Արեւմուտքի հետ Վրաստանի ներկայիս հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն՝ ամենամեղմ գույներով եթե նկարագրենք։ Սակայն Թբիլիսիում զգուշավոր են եւ Վաշինգտոնին քննադատելիս չափը չեն անցնում։ Միաժամանակ, առիթը չեն էլ օգտագործում, որպեսզի ցուցադրականորեն ցույց տան, թե Վաշինգտոնի հետ միակամ են ու միախորհուրդ։ Պարզ է մի բան․ հարավկովկասյան եռյակին անհանգստացնում է էսկալացիայի շարունակականությունը, քանի որ դա նշանակելու է փախստականների հոսք։ Բացի այդ, առանձնապես ուրախ չեն, որ հարցեր լուծելիս մեծ տերություններն ուժային միջամտության են դիմում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմական ծախսերը մոտենում են 29 միլիարդի սահմանին․ Պենտագոն

Պատերազմական ծախսերը մոտենում են 29 միլիարդի սահմանին․ Պենտագոն Thu, 14 May 2026 01:00:47 +0400 Միացյալ…

9 րոպե ago

Ինչ արժի նավթը համաշխարհային շուկայում

Ինչ արժի նավթը համաշխարհային շուկայում Thu, 14 May 2026 00:15:16 +0400 Միջազգային բորսաներում իրականացված սակարկությունների…

54 րոպե ago

Գազի գինը միջազգային բորսայում ընկել է

Գազի գինը միջազգային բորսայում ընկել է Wed, 13 May 2026 23:55:32 +0400 Գազի գինը NYMEX…

1 ժամ ago

Ադեկվատ ու իրենց երկիրը սիրող քաղաքացիներն այս հարցի պատասխանը վաղուց ունեն

Ադեկվատ ու իրենց երկիրը սիրող քաղաքացիներն այս հարցի պատասխանը վաղուց ունեն Wed, 13 May 2026…

1 ժամ ago

Միասնական համաեվրոպական բանակ են ստեղծում

Միասնական համաեվրոպական բանակ են ստեղծում Wed, 13 May 2026 23:45:02 +0400 Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե…

1 ժամ ago

Թեհրանը Վաշինգտոնին 5 նախապայման է առաջարկել

Թեհրանը Վաշինգտոնին 5 նախապայման է առաջարկել Wed, 13 May 2026 23:30:13 +0400 Իրանի իշխանությունները հայտարարել…

2 ժամ ago