Նույնիսկ ոչ բոլոր կենդանիներն այդպես կվարվեին
Wed, 04 Mar 2026 16:45:11 +0400
Նիկոլ Փաշինյանն իր հանրային արարքներում, կեցվածքում, արտահայտություններում այնքան վաղուց եւ այնքան հաճախ է անմեղսունակություն ու խեղկատակություն ի ցույց դրել (իսկ 2018-ի մայիսին ՀՀ վարչապետի պաշտոնը գրավելուց ի վեր հազիվ թե որեւէ մեկը Փաշինյանից այլ որակ է տեսել ու ակնկալել), որ ինչ խելագարություն էլ անի, այլեւս չի զարմացնի։ Խեղկատակ վարքը, թուլամիտ արարքները Փաշինյանի վարքագծային constant-ն ու նորմալն են։
Անձամբ ինձ իր արարքներում համարյա երբեւէ ոչինչ չի զարմացրել, բացի 2020-ի նոյեմբերի 9-ին չգիտես ինչ շինության բունկերից, խելագարի հայացքով, փաթ ընկնող լեզվով, աստված գիտի՝ ալկոհոլի, քնաբերի, թե թմրանյութի ազդեցության տակ ժամերով անհոդաբաշխ բարբաջելը։ Համոզված եմ` Սենայի գետնախորշերի ամենաետին հարբեցողն էլ լիներ, անհարմար կզգար նման վիճակում մարդկանց առջեւ երեւալ։ Իսկ սա կանգնել ու բարբաջում էր։
Այժմ էլ, փետրվարի 28-ին Փաշինյանի՝ ցուցադրաբար ու հրապարակային փողոցներում քարշ գալն ու пирожки (Փաշինյանի բառապաշարում երեւի` перашки) ծամել-кукуруза կրծելն այն ժամանակ, երբ սահմանակից երկրում լայնամասշտաբ պատերազմ էր սկսվել, ինձ 2020-ի բունկերային բարբաջանքի չափ զարմացրեց։ Ոչ միայն եւ ոչ այնքան տարածաշրջանում ծագած անվտանգային խնդրին ՀՀ վարչապետի ոչ ադեկվատ եւ ոչ գիտակից արձագանքի տեսակետից, ինչի մասին, համոզված եմ, հազարավոր մարդիկ արդեն արտահայտվել, խոսել, գրել են, այլ Փաշինյանի՝ մարդկային դեգրադացիայի տեսակետից։
Ինչի՞ էր նման նրա՝ փետրվարի 28-ին փողոցներում ցուցադրական սնունդ որոճալը։ Նման էր նրան, որ մեկն առավոտյան արթնանա եւ տեղեկանա կամ երեկոյան տուն վերադառնալիս տեսնի, որ հարեւան բակում դագաղ է դրված՝ սուգ է, վիշտ է, մարդիկ են հավաքված։ Եվ ի՞նչ անի… Ոչ թե, ինչպես մարդկային վարվեցողությունը կպահանջեր, ծանոթ լինելու պարագայում մոտենա՝ ցավակցի կամ անծանոթ լինելու պարագայում ուղղակի լուռ անցնի, այլ դիտավորությամբ գնա կանգնի դագաղի կողքերը, մի տեղ, որպեսզի բոլորին երեւա, հատուկ մի առլեկինի ցիլինդր էլ դնի գլխին եւ սկսի ցուցադրաբար կարկանդակ ծամել՝ ներկաներին հատուկ ցույց տալու համար, թե որքան անհոգ է ինքը եւ կատարելապես անհաղորդ նրանց վշտին։ Լավ, ամենաետին մարդն անգամ իրեն նման վարք թույլ կտա՞։ Վախենամ, նույնիսկ ոչ բոլոր կենդանիներն այդպես կվարվեն։ Դիցուք, շները կամ ձիերը թաղման թափոր տեսնելիս հազիվ թե խրխնջան կամ թռչկոտեն։
Իսկ Փաշինյանի՝ փետրվարի 28-ին, փողոցներում ցուցադրաբար թրեւ գալն ու пирожок որոճալը խորքում հենց այդպիսի խրխնջոց էր ու թռչկոտում։ Եվ այդտեղ Իրանի Իսլամական Հանրապետության կամ այնտեղ գործող օրվա իշխանության հանդեպ վերաբերմունքի հարցը չէ։ Թեոկրատիկ թե աշխարհիկ, Պարսից պետությունը մեր հարեւանն է շուրջ 2500 տարի, Կյուրոս Մեծի ժամանակներից մինչ այսօր։ Այդ հազարամյակների ընթացքում մենք հարեւան Իրանի հետ ունեցել ենք ե՛ւ պատերազմներ, ե՛ւ հաշտություններ, ե՛ւ թշնամանք, ե՛ւ բարեկամություն, բայց վերջնահաշվում` հազարամյակների հարաբերություններ եւ ներկայիս տեւական բարիդրացիություն։ Այժմ այդ պետությունն իր պատմության երեւի ամենադժնդակ պատերազմներից մեկի մեջ է հայտնվել, եւ սպանվել է երկրի առաջնորդը։ Այդքանը քիչ էր` սպանված այդ առաջնորդը նաեւ երկրագնդի 250-300 միլիոն շիա մահմեդականների հոգեւոր առաջնորդն է, ինչը նրան վերածում է համաշխարհային հոգեւոր առաջնորդներից մեկի։ Հետեւաբար, տարրական քաղաքավարությունը, չասելու համար՝ ուղղակի մարդկային վարքը, Փաշինյանից պահանջում էր Իրանում սկսված պատերազմական գործողությունների եւ հաղորդվող զոհերի կապակցությամբ այդ օրը կա՛մ ցավակցական ու պատշաճ խոսքով հանդես գալ, կա՛մ լռել եւ ասպարեզում չերեւալ։
Սակայն ցավակցելու կամ լռել-չերեւալու փոխարեն այդպես ցուցադրաբար տեսախցիկները ետեւից գցած փողոցներում թրեւ գալն ու որոճալը կենդանական արարք էր՝ ի տես աշխարհի, որ բացահայտում է Փաշինյանի ոչ ադեկվատության ու անմեղսունակության աստիճանը։ Եվ այդ անսքողելի հոգեկան խանգարվածությամբ էլ դեռ պատրաստվում է ընտրությունների մասնակցել՝ օր առաջ ասպարեզից հեռանալու փոխարեն։
ՀԳ․ Միայն մարտի 2-ին Փաշինյանի անունից բարեհաճել են ցավակցության տեքստ տարածել։ Դա էլ՝ ակնհայտորեն ծամելու ընթացքում գրված տեքստ. «Ձերդ գերազանցություն, մեծ անհանգստությամբ ենք հետեւում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք, խնդրեմ, իմ ցավակցությունները՝ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արեւելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ համբերություն, իսկ բարեկամ եւ հարեւան Իրանի ժողովրդին՝ խաղաղություն եւ տոկունություն»: Որեւէ մեկն այս տեքստից ընկալե՞ց, թե ինչ է պատահել Իրանում։ Օրինակ, կարելի է ենթադրել, որ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել, կամ Իրանի գերագույն առաջնորդը ծանր վնասվածք է ստացել։ Բացի այդ, Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնը ճշգրիտ կոչվում է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդող իշխանություն, ավելի գործածական՝ Իրանի գերագույն առաջնորդ: «Անձնական դեր» չեն ունենում, անձնական ներդրում են ունենում կամ դերակատարում, հույս չեն «փայփայում», հույս են տածում, խաղաղության հաստատման հույս չէ, այլ՝ վերահաստատման, քանի որ խաղաղությունը նոր է խաթարվել, ոչ թե «օգտվելով առիթից՝ մաղթում եմ», այլ՝ «Փորձության այս ծանր ժամին թույլ տվեք Ձեզ մաղթել»: Նման անգրագետ տեքստ գրելու համար պետք է նաեւ մի լավ կոնծած կամ էլ` նորաձեւ կրթված տգետ լինել։