«Հրապարակ»․ Քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու պոպուլիզմն այլեւս չի աշխատում

«Հրապարակ»․ Քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու պոպուլիզմն այլեւս չի աշխատում

Thu, 05 Mar 2026 10:15:32 +0400


Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ ակտիվ քարոզարշավի փուլ է մտել: Շաբաթ-կիրակի օրերին նրանք այցելեցին մարզեր, կարկանդակ ու եգիպտացորեն կերան, քաղաքացիներին բազմաթիվ խոստումներ տվեցին: Ակտիվ քարոզարշավից անմասն չէ նաեւ ընդդիմությունը, որը նույնպես այցելում է մարզեր, համախոհների հետ է հանդիպում, տարաբնույթ խոստումներ տալիս: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

– Ի՞նչ պրոցեսներ են ընթանում ներքաղաքական կյանքում: Փաշինյանը, որը մի քանի ամիս առաջ պնդում էր, թե իբր թոշակառուն գումար ծախսելու տեղ չունի, այժմ թոշակ է բարձրացնում, Ջրային կոմիտեն 70 միլիոն եվրոյի վարկ է վերցնում, որ ջրամատակարարման հարց լուծի, մարզեր են այցելում, հասարակ երեւալու համար կարկանդակ են ուտում եւ այլն:

– Դասական նախընտրական շրջան է այժմ, երբ բոլորը միայն խոստումներ են տալիս, որոնք շատ հաճախ թվում են անիրականանալի, մեծ խոստումներ, սիրո խոստովանություն եւ այլն: Պոպուլիզմի ժամանակաշրջանում ենք ապրում, եւ շատ ցավալի է, որ հենց այս փուլում տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է, իսկ Հայաստանը, կարեւոր հարցերը թողած, առաջնորդվում է պեռաշկի ուտելու եւ ասֆալտ անելու օրակարգերով: Սա շատ ցավալի իրավիճակ է, ամեն դեպքում՝ նախընտրական իրական քարոզարշավը դեռ չի սկսվել: Իրականում, մեր ժողովրդին ավելի շատ հետաքրքրում են ոչ թե թոշակներն ու կարկանդակները, այլ` արտաքին քաղաքական հարցերը, քանի որ բոլորս էլ լավ հասկանում ենք, որ առաջիկա ընտրությունները լինելու են ճամփաբաժանային, եւ կարեւոր է լինելու հասկանալ, թե որ ուղղությամբ է առաջ շարժվելու Հայաստանը, որ վեկտորով: Թոշակների բարձրացում եւ այլն․ այդ հարցերը թեպետ որոշակի առումով մարդկանց հետաքրքրում են, սակայն մարդիկ հասկանում են, որ դրանք չեն առաջնային ու կարեւորագույն հարցերը: Ամենակարեւոր հարցերը կապված են անվտանգության հետ, մեր ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է, թե այս բուռն ժամանակաշրջանում Հայաստանը որ ուղղության վրա է գտնվելու եւ որքանով է լինելու անվտանգ եւ այլն:

– Բայց Փաշինյանն ու իր պատգամավորներն ասում են, թե հասել են այնպիսի խաղաղության, որ սահմաններին անգամ մի կրակոց չի հնչում: Սա բավարար չէ՞, որպեսզի հանրության ոչ այնքան գրագետ զանգվածը, որը սարսափում է պատերազմից, հավատա, որ խաղաղությունը եկել է:

– Բավարար է, բայց, ինչպես ասացիք` ոչ գրագետ զանգվածի համար, իսկ գրագետ զանգվածը հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում, հիշում է Ադրբեջանի այն խոսքերը, որ ՀՀ իշխանություններին տալիս են նախընտրական առավելություններ, եւ առնվազն գիտակից զանգվածը հասկանում է, թե իրականում ինչ է տեղի ունենում: Ես հույս ունեմ, որ մեր հասարակության գերակշռող զանգվածը գրագետ է:

– Ի՞նչ կասեք «թափառող ձայներ» ասվածի մասին: Օրինակ` թոշակների բարձրացումը կարո՞ղ է ազդել այն մարդկանց վրա, որոնք չեն կողմնորոշվել, տատանվում են:

– Նախ, պետք է հասկանալ մի բան` այդ թոշակները Փաշինյանն իր գրպանից չի տալիս: Տալիս է հարկատուների գրպանից: Չեմ կարծում, թե այդ հանգամանքը մեծ ազդեցություն կարող է թողնել` որպես ընտրակաշառք: Որքան էլ որ մարդկանց սոցիալական վիճակը վատ է, միեւնույն է` մարդիկ գիտակցում են, որ հիմնական խնդիրը կապված է անվտանգության հետ: Մարդիկ վերլուծում են Իրանում տեղի ունեցող պրոցեսները եւ հասկանում, որ Իրանը եւս կատարեց ԱՄՆ-ի պահանջները, զիջեց, սակայն, միեւնույն է, պատերազմն անխուսափելի եղավ: Բոլորն էլ հասկանում են, որ անվերջ զիջելը եւ տալը խաղաղության երաշխիք չեն: Մեծ հաշվով, իշխանությունների արտաքին քաղաքական ուղղվածությունը խոցելի է, եւ դա մարդիկ հասկանում ու տեսնում են, սակայն այդ ամենի դեմ ոչինչ չեն կարող անել: Ջուրը, թոշակը, մեծ հաշվով, մարդկանց համար առաջնային հարցեր չեն: Մենք այդ փուլն անցել ենք վաղուց: Հասարակությունը հասկացել է, թե ինչ հետեւանքներ կարող է կրել, եթե հավատա պոպուլիզմին, եթե առաջնորդվի այն խոստումներով, որ քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձնել պետությանը, եւ այլն: Դա էժան պոպուլիզմ է, որը երկրորդ անգամ չի աշխատելու:

– Իսկ ի՞նչ կասեք ընդդիմության մասին:

– Կարծում եմ, որ ընդդիմությունն առայժմ իր քարոզարշավներում առաջնորդվում է իշխանությունների թելադրած օրակարգով` թոշակ, աշխատավարձ, հարկեր եւ այլն, սակայն ընդդիմությունը խոցելի է այն առումով, որ դեռեւս արտաքին քաղաքական ուղղվածության մասին հստակ չի խոսել: Այն, ինչ ասում է ընդդիմությունը, կարեւոր է, սակայն, քանի որ հիմնական խնդիրները կապված են անվտանգության հետ, պետք է անպայման խոսել արտաքին վեկտորի մասին:

– Ինչպե՞ս դա անեն:

– Դա իրենք պետք է ասեն, ես ենթադրում եմ, որ ունեն նման ռազմավարություն՝ մշակված: Իրենց խնդիրն այն է, թե ինչպես այդ ամենը հասարակության համար ընկալելի ներկայացնել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյեց քաղաքացուն

Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյեց քաղաքացուն Thu, 26 Mar 2026 18:38:57 +0400 Latest news from Secure…

12 րոպե ago

Վարչապետի սոցցանցային ակտիվության շահառուները, ի վերջո բոտե՞ր թե՞ իրական մարդիկ

Վարչապետի սոցցանցային ակտիվության շահառուները, ի վերջո բոտե՞ր թե՞ իրական մարդիկ Thu, 26 Mar 2026 18:30:42…

20 րոպե ago

Որտեղից Փաշինյանը գիտի սեպտեմբերին սպասվող պատերազմի մասին

Որտեղից Փաշինյանը գիտի սեպտեմբերին սպասվող պատերազմի մասին Thu, 26 Mar 2026 18:15:35 +0400 Նիկոլ Փաշինյանը…

35 րոպե ago

ՔՊ-ն օգտագործում է անօրինական «համատիրություները»

ՔՊ-ն օգտագործում է անօրինական «համատիրություները» Thu, 26 Mar 2026 18:05:24 +0400 Այս ՔՊ-ի ընտրական պաստառները…

45 րոպե ago

Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարական է տվել

Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարական է տվել Thu, 26 Mar 2026 18:00:59 +0400 Հրաժարական է տվել…

50 րոպե ago

ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ է հայտնաբերվել խուզարկության արդյունքում․ կան ձերբակալվածներ․ նոր մանրամասներ

ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ է հայտնաբերվել խուզարկության արդյունքում․ կան ձերբակալվածներ․ նոր մանրամասներ Thu, 26 Mar…

58 րոպե ago