«Հրապարակ»․ Ո՞վ մեր ազնվազարմ ազգին վարժեցրեց պղտոր ջուր խմելուն

«Հրապարակ»․ Ո՞վ մեր ազնվազարմ ազգին վարժեցրեց պղտոր ջուր խմելուն

Thu, 05 Mar 2026 13:15:19 +0400


Գրող Մերուժան Տեր- Գուլանյանի հետ զրուցել ենք` անդրադառնալով մեզ պարտադրված ժամանակի խնդիրներին, որը երբեմն փակուղի է թվում, բայց որից միշտ ելք կա:

– Մեր զրույցն սկսեմ հռետորական հարցով. ի՞նչ ժամանակներում ենք ապրում:

– Տպավորություն ունեմ, որ ժամանակից դուրս ենք ապրում մենք: Ինչքան էլ տարօրինակ է, մեր շուրջբոլորը կրակ է վառվում, մենք դա չենք տեսնում: Մենք ղեկավարվում ենք ինչ-որ մարդկանց կողմից, որոնք ո՛չ ժամանակն են զգում, ո՛չ տարածությունն են զգում, ո՛չ շրջապատն են զգում: Մենք ժամանակից դուրս ենք ապրում, մենք դուրս ենք ընկել ժամանակից: Սայթաքել ու դուրս ենք ընկել ժամանակից: Ո՞վ հրեց մեզ: Ո՞վ հրեց այս հրաշալի ազգին, որ դուրս ընկնի ժամանակից: Այս ժամանակը մերը չէ: Մենք պետք է վերադառնանք մեր ժամանակին: Ոչ թե ուրիշի թելադրած ժամանակի մեջ ապրենք, այլ՝ մեր թելադրած ժամանակի:

– Ունեինք երկու հայկական հանրապետություն՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները: Վերջինս թեպետ չճանաչված, սակայն իր բոլոր գործառույթներով լիարժեք հանրապետություն էր: Իսկ այսօր Արցախում գեթ մեկ հայ չի ապրում՝ անգամ որպես թանգարանային նմուշ…

– Ցավոք, գիտեմ մարդիկ, որ այս իշխանական խմբակի մտերիմներն են, քարոզիչները, ասում են` գիտե՞ք ինչ, մենք վաղուց էինք Արցախը տվել (իրենք Ղարաբաղ են ասում), դուք տեղյակ չէիք: Բայց առաջ ես գնում էի Արցախ: Այսօր չեմ կարող գնալ Արցախ, որն իմ հոգու հայրենիքը լինի կարծես: Եվ կար ժամանակ, որ մեր՝ բոլորիս հոգու հայրենիքն էր: Ինչպե՞ս եղավ, որ սկսեցին տակից դանդաղ, չերեւացող սեպ խրել Հայաստանի եւ Արցախի միջեւ: Եվ հաջողվեց իրենց: Հաջողվեց մեր աչքի առաջ: Մենք՝ բոլորս, մտածում էինք, որ սա ժամանակավոր է, կանցնի: Ինչպե՞ս կարող է այդպես լինել, բայց եղավ: Եվ հիմա ես սարսափով մտածում եմ, որ էլի բաներ, որոնք մենք կարծում ենք՝ հնարավոր չէ, կարող են լինել, ինչպես աշխարհի պարագայում է: Եվ հանկարծ պարզվի, որ դա արվել է արդեն, որին մենք տեղյակ չէինք: Իմ սարսափը դրա շուրջ է այսօր: Բայց, գիտե՞ս, ցեղական ձին պղտոր ջուր չի խմում. այդ ո՞վ էր, որ մեր ժողովրդին սովորեցրեց պղտոր ջուր խմելուն: Մեր ազնվացեղ ազգին, որն Աստծու դեմ մենակ է կանգնած՝ մենակ, եւ մարդկության հիշողությունն է: Այն բոլոր ժողովուրդները, որ մեզ հետ ապրում էին երկրի վրա, վերացան կամ ձեւախեղվեցին, բայց մենք մնացինք նույնը եւ մնացինք մենակ: Ու ես փնտրում եմ հավերժական հային, այն հային, որի հոգին ավելի մեծ է, քան իր մարմինը, որը, եթե գալիս է իշխանության, պետք է մոռանա իր մարմինը, ինքն ազգի մարմինը պետք է ճանաչի եւ ծառայի դրան: Հավերժական հայն այդ մարդն է, եւ ես հիմա փնտրում եմ:
– Արցախը ենթարկվեց էթնիկ զտման, ոչնչացվում է հազարամյակների հայկական մշակութային ժառանգությունը: Լուռ է աշխարհը, լուռ է ՀՀ կառավարությունը: Այս ուրացո՞ւմն էր մեր վերջնագիծը, որ հատեցինք:
– Միամիտ չլինենք, աշխարհ չկա: Որ կգա եւ կպաշտպանի մեզ՝ այդ իմաստով չկա: Ամեն մեկը մեզ քաշում է իր կողմը, եւ հին գառան մորթու նման պատառոտում են այս պստիկ երկիրը: Հույսդ դնես ա՞յդ տերությունների վրա: Երբ Արցախը շրջափակված էր, ի՞նչ արեց քրիստոնյա եւ մարդու իրավունքներն ու ազատությունը թմբկահարող Եվրոպան, Արեւմուտքը. ոչ մի բան: Ոչ մեկի պետքը չէր, որ Արցախում մի ամբողջ ժողովուրդ բանտարկված է: Հույսդ կտրիր աշխարհից, մենք պիտի մեզ վրա մեր հույսը դնենք: Ամբողջ ողբերգությունն այն էր, որ մենք էլ, լուռ նստած՝ սպասում էինք, ո՞ւմ էինք սպասում: Վերջին հաշվով, կարելի էր ճեղքել ու մտնել, հանել ժողովրդին կամ թույլ չտալ, որ ժողովուրդը դուրս գա, հաց տանեինք: Բայց չարեցինք: Ո՛չ ընդդիմություն, ո՛չ դիմություն, ո՛չ քաղաքական կուսակցություններ, ոչ մեկս չարեցինք: Ժամանակին կարողացավ այդ բանն անել մի տղա` Հաց բերողը, մենք էլ կարող էինք, չէ՞: Իսկ եթե այդ մշակույթը ստեղծող ժողովուրդը չկա, այդ մշակույթի հետ ինչ ասես՝ կարող են անել: Ժողովուրդն իր տանը չէ, իր ստեղծած մշակույթի կողքին չէ, եւ ինչ ասես կարող է պատահել: Ի՞նչ պատահեց Արեւմտյան Հայաստանում: Թուրքիան ի՞նչ արեց. հայերը չկային, եւ ինչ ուզեց, արեց: Տաճարներ ոչնչացրեց, որոնք եղել էին կրթական ու մշակութային կենտրոններ, որոնցից հետք չի մնացել: Ինչպես մենք չենք ներում մեր պապերին՝ Արեւմտյան Հայաստանը թողնելու համար, այնպես էլ մեր թոռները մեզ չեն ներելու՝ Արցախը թողնելու համար: Մենք՝ բոլորս, մեղավոր ենք եւ պատասխան չունենք:

– Պատմության մեջ կա՞ խաղաղության գնալու այսպիսի գործընթաց, երբ թշնամին մեզ ֆաշիստական երկիր է համարում եւ դատում է մեր ռազմագերիներին որպես նացիստների, թե՞ այդպես է լինում կապիտուլյացիան:

– Այդպիսի նախադասությամբ պատերազմ է սկսվում, ոչ թե՝ խաղաղություն: Այսօր մենք պատերազմի մեջ ենք, բայց անտեղյակ ենք, մեզ վրա խաբար չկա` կոպիտ ասած: Այստեղ ժողովրդին հանդարտեցնում են, թե սահմանի վրա չեն կրակում, բայց ահռելի պատերազմի մեջ ենք: Եթե այդ նախադասությունը հնչեցնում է՝ անվանելով մեզ ֆաշիստական երկիր, նշանակում է՝ պատերազմ է հայտարարում քեզ: Չե՞ք տեսնում, որ Ալիեւի հրահրմամբ՝ երկրները մեդալներ են տալիս մեր ղեկավարությանը: Սա սահմռկեցուցիչ է: Սա տարրական բան է, որ ամեն մարդ պիտի հասկանա, եւ սա լրջագույն պատերազմ է: Այս պատերազմը, որ վարվում է մեր դեմ, ավելի վատ է, քան իրական պատերազմը, որտեղ կարող ես կանգնել եւ քո արժանապատվությունը պաշտպանել: Իսկ մենք ցույց ենք տալիս, թե խաղաղության ենք գնում:

– Ո՞ւր է տանելու «Արեւմտյան Ադրբեջան» պետականորեն հովանավորվող գործընթացը: Հայաստանը դառնալու է երկրորդ Արցա՞խ:

– Դրա դեմն առնելու տարրական միջոց կա: Գանձակը հայկական քաղաք էր, Կիրակոս Գանձակեցին էլ՝ վկա: Էլ չեմ ասում ամբողջ Արցախի մասին` Խաչենով, հայկական մելիքություններով: Այսօր ոչ ոք չի հիշում այդ մասին, ոչ ոքի պետքը չէ: Վերջերս քայլում էի փողոցներով եւ Երեւանը չճանաչեցի: Ամեն քայլափոխի սրճարաններ ու ռեստորաններ էին: Եվ ամեն տեղ՝ երկիրն այս վիճակում, կուշտ ուտում էին: Ես չեմ հիշում, որ առաջ Երեւանում այդպես ուտեին: Մարդիկ նստած զրուցում էին, եւ ուտել-խմելը նրա համար էր, որ զրուցեն: Չտեսության պես ինչ-որ բան է հայտնվել. ուտում են, ուտում են, ուտում են… Ինչպե՞ս խմեցինք մենք այդ պղտոր ջուրը եւ մեր ազնվացեղ տեսակն իջեցրինք այդ գետնաքարշ վիճակին: Ես էլ Արեւելյան Հայաստանն եմ ուզում, որ հիմա Ադրբեջան է: Արցախը` Գանձակով, Խաչենով եւ այլնով, որ Արեւելյան Հայաստան է: Ինչո՞ւ մեզնից ոչ մեկը, մեր պետական այրերից ոչ մեկը դա չի հնչեցնում: Գոնե ձայն հանեն, խոսքով դիմադրեն: Այսօր խորհրդարանական ընդդիմությունը լավ է զգում իրեն, որ շատ լավ հարց է տվել իշխանություններին, բայց ես տխրում եմ: Ըստ էության, ընդդիմությունն արմատական հարց չունի, իշխանություններն էլ` պատասխան: Չկա արմատական հարցը, որը բերում է գործողության: Ինչ-որ ներքին հավասարության պես մի բան կա, եւ ինձ տխրեցնում է դա:

– Երբեւէ հայ գործիչների կողմից Հայ եկեղեցին այսպես հալածվե՞լ է: Ինչո՞ւ հիմա, եւ ի՞նչ կա խորքում դրված:

– Հայոց եկեղեցին մեր ազգի սրբությունն է, մեր որբ, անթագավոր տարիներին մեր տերն ու թագավորն է եղել, մեզ պահողն է եղել: Բոլոր հայ թագավորները խոնարհ են եղել կաթողիկոսի առջեւ, գնացել են աջը համբուրելու: Դու պետություն չունես, եթե եկեղեցի չունես: Երբ իշխանությունը բարոյալքվում է, հարձակվում է իր սրբությունների վրա: Իսկ բարոյալքված մարդու ձին երկար չի կարող վազել: Որեւէ պարագայում երբեւէ ոչ մեկը չի կարողացել մազաչափ վնասել Հայոց եկեղեցուն: Երբ Լենկ Թեմուրը գրավեց ամբողջ Հայաստանը, իր բարբարոս զինվորներին արգելեց մտնել Էջմիածնի տաճար, ինքն էլ չմտավ: Այսօր պայքարը ոչ թե կաթողիկոսի դեմ է, այլ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Խնդիր է դրված, եւ արդեն հայտնի է, թե ովքեր են այդ խնդիրը դրել. Սփյուռքն անջատել Հայաստանից: Հրաժարական պահանջել կաթողիկոսից՝ նշանակում է, որ այլեւս Ամենայն հայոց կաթողիկոս չի լինելու: Լինելու է Հայաստանի Հանրապետության կաթողիկոս: Սփյուռքն անջատվելու է. սա է ամենակարեւոր խնդիրը, եւ այս խնդիրն է դրված:

– Եթե հունիսի 8-ին Փաշինյանը մնա վարչապետ, ի՞նչ է սպասվում մեզ:

– Ես չեմ ուզում իրենց մասին խոսել ընդհանրապես: Ինձ թվում է՝ իրենց համար լավ կլինի, որ ես իրենց մասին չխոսեմ: Իսկ ինչ որ դու ինձ ասում ես` մնալը, անհնարին է: Իսկ իրենց մասին ես չեմ ուզում խոսել:

– Զրույցն ավարտեմ կրկին հռետորական հարցով. ի՞նչ պետք է անենք մենք:

– Փոխանակ ասեն այս մարդկանց` վեր կացեք, թողեք գնացեք տուն, եւ թող գան մարդիկ, որոնք կարող են անել, դուք չկարողացաք: Մենք հնարավորություն տվեցինք, իսկ դուք չկարողացաք անել: Դե, գնացեք հիմա: Փոխանակ միավորվեն քաղաքական ուժերը, կուսակցությունները եւ ասեն դա, անմիջապես հարցնում են` ո՞վ է լինելու վարչապետը: Ի՞նչ կապ ունի, թե ով է լինելու վարչապետը: Ամեն մեկն ուզում է լինել վարչապետ: Այդ ցավը հնուց է մեր մեջ: Չկա մեկը, որ ասի` ես չեմ ուզում լինել վարչապետ, բայց ես ուզում եմ վարչապետ ունենալ: Այս հավերժական ժողովուրդը՝ Աստծու դեմ մենակ կանգնած եւ Աստծու հետ խոսող ժողովուրդը, զարմանալիորեն չի կարողանում մեկ հարցում համաձայնության գալ. որ հավաքվում ենք, ընտրում ենք մեկին եւ լսում ենք իրեն: Բայց ընտրում ենք ո՞ւմ՝ ով ասելիք ունի եւ ունի ծրագիր, ով ասում է, թե վաղն ինչ է անելու, մյուս օրն ինչ է անելու: Այդպիսի մեկին պիտի ընտրել, որին ես հավերժական հայ եմ անվանում, այսինքն` հայ, որ հավերժից գալիս է, եւ ինքն ունի այն, որը մյուս ցանկացողները չունեն: Ով տեղից ելնում է, ուզում է վարչապետ դառնալ: Այս երկրում էլի պաշտոններ կան, ինչո՞ւ եք ուզում բոլորդ վարչապետ դառնալ: Սա ի՞նչ մղձավանջ է: Դուք դժգո՞հ եք այս իշխանություններից. ասեք` գնացեք տուն, դուք չկարողացաք անել, մենք կգանք-կանենք: Եվ ասեք, թե ինչ եք անելու, որ այս ժողովուրդը կողմնորոշվի:
Ովքեր ո՛չ պապ են սպանել, ո՛չ տերտեր, ովքեր իրենց ձեռքերի տխրությունը լվանալու կարիք չունեն՝ այդ ձեռքերը մաքուր են, այդ մարդկանց հետեւից պիտի գնալ այսօր: Մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ այսօր շեշտակի փոխվեց ժամանակը․ հարձակվեցին երկու տերություն՝ ԱՄՆ-ն եւ Իսրայելը Իրանի վրա, ապրելու եւ մեռնելու պատերազմ է, երբ ընդամենը 3 օր առաջ խաղաղության բանակցություններ էին ընթանում։ Իսկ Իրանը Հին Պարսկաստանն է եւ մեր հազարամյակների հարեւանը։ Մի՞թե մենք այնքան անտարբեր ենք, որ չենք լսում պայթող ռումբերի ձայնը՝ Իրանի մեր հայրենակիցների եւ Բեյրութի մեր հայրենակիցների։

Հուսիկ Արա

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պոպուլիզմ եւ ընտրակաշառք՝ բոլոր աններելի սխալների դիմաց

Պոպուլիզմ եւ ընտրակաշառք՝ բոլոր աններելի սխալների դիմաց Thu, 05 Mar 2026 17:15:14 +0400 Այսօր կառավարությունը…

11 րոպե ago

Թրամփը մարտի 7-ին կհյուրընկալի մի քանի երկրների ղեկավարների

Թրամփը մարտի 7-ին կհյուրընկալի մի քանի երկրների ղեկավարների Thu, 05 Mar 2026 17:00:41 +0400 Շաբաթ…

26 րոպե ago

Որևէ համագործակցություն Թաթոյանի հետ չունեմ և չեմ ունեցել

Որևէ համագործակցություն Թաթոյանի հետ չունեմ և չեմ ունեցել Thu, 05 Mar 2026 16:50:01 +0400 Latest…

36 րոպե ago

Եկեք փորձենք, մենք կարծում ենք` իմպիչմենթը ճգնաժամը հանգուցալուծելու գործիք է. Սարգսյան

Եկեք փորձենք, մենք կարծում ենք` իմպիչմենթը ճգնաժամը հանգուցալուծելու գործիք է. Սարգսյան Thu, 05 Mar 2026…

37 րոպե ago

Փաշինյանի ուժը և ջանքերը բավարար չէին, որ իշխանափոխություն աներ

Փաշինյանի ուժը և ջանքերը բավարար չէին, որ իշխանափոխություն աներ Thu, 05 Mar 2026 16:47:43 +0400…

39 րոպե ago

Երբ Արշակ սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի

Երբ Արշակ սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի Thu, 05 Mar 2026 16:45:24 +0400 Արշակ Սրբազանը…

41 րոպե ago