«Հրապարակ»․ Քաղհասարակության ներկայացուցիչները հիմա իրենց երկրների ներսում են աշխատանք տանում

«Հրապարակ»․ Քաղհասարակության ներկայացուցիչները հիմա իրենց երկրների ներսում են աշխատանք տանում

Fri, 06 Mar 2026 10:45:46 +0400


«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի եւ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում։ Հանդիպումը կայացել է փետրվարի 28-ից մինչեւ մարտի 1-ը, Դիլիջանում՝ մոտ 40 փորձագետների մասնակցությամբ։

Համաժողովի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, դրա շրջանակում երկու երկրների հանրությունների միջեւ երկխոսության հեռանկարների, առկա մտահոգությունների եւ նոր գաղափարների վերաբերյալ: Նկատենք, որ ֆորումը տեղի է ունեցել գրեթե գաղտագողի, եւ միայն դրա ավարտից հետո է տարածվել տեղեկություն այն մասին, որ նման հավաք է եղել, եւ շատերն անգամ Ֆեյսբուքում միմյանց հարցնում էին` ովքեր են մասնակցել, եւ ենթադրում էին, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներ: Մեր զրուցակիցները` լրագրող Թաթուլ Հակոբյանն ու ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ովքեր ներկա են եղել ֆորումին, մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ հանդիպմանը որեւէ ադրբեջանցի ներկա չի եղել, մասնակցել են բացառապես հայեր:

Թաթուլ Հակոբյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով քննարկման մասին, նկատում է. «Ես հանդիպմանը ներկա եմ եղել մոտավորապես հինգ րոպե, ընտանեկան դեպք պատահեց, եւ ես ստիպված էի լքել դահլիճը ու վերադառնալ տուն: Ես ոչ մի ելույթ չհասցրի լսել, ոչ էլ՝ հարցուպատասխան: Հասա Դիլիջան ու շտապ վերադարձա տուն: Ես հրավեր էի ստացել Նաիրա Սուլթանյանի կողմից: Նամակն Արեգ Քոչինյանի գրասենյակից էի ստացել, սակայն ինձ անձամբ Նաիրա Սուլթանյանն էր հրավիրել: Ես ներգրավված չեմ հայ-ադրբեջանական որեւէ պրոցեսում: Պատերազմի պարտությունից ես ոչ մի հայ-ադրբեջանական հանդիպման, քննարկման չեմ մասնակցում: Տարբեր տեղերից` տարբեր երկրներից հրավերներ եմ ստացել այս ընթացքում, այդ թվում՝ հենց այս շրջանակի կողմից, որի մասին զրուցում ենք, սակայն ես չեմ մասնակցել՝ համարելով, որ այս պահին նման հարթակներում ես անելիք չունեմ: Երկար ժամանակ ներգրավված եմ եղել հայ-ադրբեջանական ֆիլմարտադրություններում, տարբեր ֆորումներում, անգամ Բաքու եմ գնացել, սակայն պատերազմից հետո ես չեմ ցանկանում լինել այդ հարթակներում: Դիլիջանում կայացած քննարկմանն էլ որեւէ ադրբեջանցի ներկա չի եղել, բացառապես հայեր են ներկա եղել, հավաստիացնում եմ, որ մաքուր ներհայկական քննարկում էր, ասեմ ավելին` ներկաներից շատերը երբեք չեն ողջունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, չեմ ուզում պիտակավորել, բայց նրանք հիմնականում ռուսամետ շրջանակներն են, որոնք եւս այդ հանդիպմանը ներկա էին: Բավականին ներկայացուցչական հավաք էր»: Հարցին, թե Իլհամ Ալիեւի վերջին կոշտ հայտարարությունների մասին ինչ կարծիք ունի, Իլհամն օրերս մի քանի կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ, օրինակ՝ ասել է, որ թշնամի հայերին պետք է մշտապես վախի մեջ պահել, վերջապես Ղարաբաղն ազատագրվեց նրանցից եւ այլն, Հակոբյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունը Խոջալուի օրվա հետ էր կապված: Այդ հայտարարությունները հարիր չէին վերջին պրոցեսներին, վերջին շրջանի հռետորաբանությանը: Ադրբեջանական կողմը վերջին շրջանում հակահայ հռետորաբանությունը թուլացրել էր…. բայց ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները բացառապես պայմանավորված էին Խոջալուի հուշարձանի բացման արարողությամբ»:

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ, խոսելով հավաքի մասին, ընդգծեց. «Ինչպես գիտենք, Ծաղկաձորում հայ-ադրբեջանական կողմերի միջեւ հանդիպում էր տեղի ունեցել` քաղհասարակության ներկայացուցիչների հետ, այժմ կողմերն առանձին-առանձին քննարկումներ են կազմակերպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ` երկրների ներսում, խոսում են հանդիպումների, դրանց բովանդակության մասին, հարցերին են պատասխանում, լսում են կարծիքներ եւ այլն: Զուտ ինֆորմացիոն բնույթի գործընթացներ են դրանք, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան, թե ինչի մասին են այդ հանդիպումները եղել: Ինձ համար որեւէ նոր բան չկար: Քաղհասարակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է Ադրբեջանում, սակայն հստակ օր ասել չեմ կարող, չգիտեմ: Այս հանդիպման նպատակն այն է, որ փակ թեմաներ չմնան մարդկանց համար: Գերիների հարց, ճանապարհների հարց, ատելությունը վերացնելու հարց, դասագրքերի մասին հարցեր եւ այլն, այսինքն` հռետորաբանության հետ կապված հարցեր, անվանումներ եւ այլն»: Բայց Ալիեւը հայերի մասին օրեր առաջ ամենաեղկելի հայտարարություններն է արել՝ կրկին ատելության խոսք տարածելով։ «Դե, Ալիեւը դա էլ է ասում, այլ բաներ էլ է ասում: Նա նաեւ ասում է, որ ազերիները չպետք է հայերի հետ հանդիպեն, սակայն, ինչպես տեսանք, նրա ասածը ոչինչ չարժեցավ: Ես չեմ կարծում, որ ինչ-որ քաղաքական գործչի խոսք, հատկապես այն գործիչների խոսքերը, որոնք հաճախ ենթարկվում են փոփոխության, պետք է այդքան լուրջ ընդունել: Հեշտ ճանապարհ չէ սա: Այնպես չէ, որ բոլոր խնդիրները լուծված են, առավել եւս` այսքան զոհերից հետո, սակայն պետք է գնալ այս ճանապարհով: Անցյալի մասին միշտ պետք է հիշել, որպեսզի այն չկրկնվի: Այսօր` մեր ժամանակներում, երաշխիքների մասին խոսելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ նույն Ուկրաինան էլ ուներ մեծ երաշխիքներ, սակայն տեսանք, թե ինչ եղավ: Մեզ ծանր ճանապարհ է սպասվում, կլինեն խոչընդոտներ, 30 տարվա կոնֆլիկտից հետո չի կարող ամեն ինչ միանգամից լավ լինել, սակայն պետք է աշխատել այդ ուղղությամբ, որովհետեւ այն առաջին հերթին մեզ է պետք, պետք է զարգանանք, ճանապարհներ բացվեն: Երբ ինձ հարցնում են` ո՞վ էր այս ամենի մեղավորը, ես միշտ ասում եմ, որ մեղավորն առաջին հերթին ես եմ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե փաստաթուղթը հրապարակվեր, Միքայելն այսօր իր ընտանիքի հետ կլիներ

Եթե փաստաթուղթը հրապարակվեր, Միքայելն այսօր իր ընտանիքի հետ կլիներ Sat, 28 Mar 2026 00:34:13 +0400…

1 ժամ ago

«Վիքիպեդիան» արգելել է արհեստական բանականությամբ հոդվածները

«Վիքիպեդիան» արգելել է արհեստական բանականությամբ հոդվածները Sat, 28 Mar 2026 00:15:14 +0400 «Վիքիպեդիա» օնլայն հանրագիտարանը…

1 ժամ ago

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ Fri, 27 Mar 2026 23:55:46 +0400 Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսել…

2 ժամ ago

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել Fri, 27 Mar 2026 23:45:36 +0400 Ռուսաստանում իրավապահները…

2 ժամ ago

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ…

2 ժամ ago

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ Fri, 27 Mar 2026 23:30:35 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

2 ժամ ago