«Հրապարակ». ՔՊ-ի ներսում դաժան նախընտրական պայքար է

«Հրապարակ». ՔՊ-ի ներսում դաժան նախընտրական պայքար է

Sat, 07 Mar 2026 08:45:00 +0400


Իշխող կուսակցությունում զեղծարարների փնտրտուքն ու չեզոքացման գործընթացը շարունակվում են։ Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական ցուցակը ձեւավորելու նպատակով, ինչպես հայտնի է, ՔՊ-ում նախորդ շաբաթ ներկուսակցական ընտրություններ անցկացվեցին, պատգամավորի թեկնածության հայտ ներկայացրած 276 թեկնածուներին ավելի քան 1000 պատվիրակ իր ընտրությամբ «դասավորեց» ցուցակում: Բայց ցուցակի կազմման երկրորդ փուլ է նախատեսված: Այդ 1000 ՔՊ-ականները մի հատ էլ առաջին տեղերը զբաղեցրած 50 հոգու միջեւ պետք է ընտրություն կատարեն, որոշեն նաեւ վարչապետի թեկնածուին։

Եվ քանի որ առաջին փուլի ընտրություններից առաջ արգելված էր քարոզչություն անելը, սակայն ոմանց ստացած ձայները կասկածի տեղիք են տվել, որ նրանք, չնայած արգելքին, քարոզչություն են արել պատվիրակների շրջանում, ուստի ՔՊ-ում սկսվել է «ռազբիրատների» եւ զտումների շրջանը: Մենք մի քանի հրապարակում ենք ունեցել այս մասին, գրել ենք, որ նախկին պատգամավոր Կարեն Գրիգորյանին հեռացրել են ցուցակից՝ պարզելով, որ նա արգելված քարոզչություն է արել․ պատվիրակներին խնդրել է իրեն ընտրել, նախօրեին էլ ՔՊ վարչությունը պատգամավոր Դավիթ Դանիելյանին հեռացրեց՝ դարձյալ նույն պատճառով։

Խնդրահարույց են նաեւ 50-րդ տեղը զբաղեցրած, Վայքի տարածքային կառույցի ներկայացուցիչ Հայկ Ավագյանի ձայները։ Երեկ տեղեկացանք, որ կասկածյալների ցանկն օրեցօր ավելանում է, ՔՊ վարչությունը դիտարկում է այլ թեկնածուների եւս հանել ցուցակից, որոնց ձայները խիստ կասկածելի են թվում։ Նրանցից մեկն Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն է, որը 52-րդ հորիզոնականում է` հետեւում թողնելով ՔՊ-ական ակտիվ կանանց՝ Լուլուին եւ Արփի Դավոյանին, սակայն կանանց պարտադիր քվոտան լրացնելու համար նա, ըստ էության, անցնում է 50-յակ, բայց մեզ ասացին, որ նրա հարցը դեռ պետք է քննարկեն։

Վերադառնալով ՔՊ վարչության նախորդ օրվա նիստին, որի ընթացքում քննարկել են Դավիթ Դանիելյանի հարցը, մեզ պատմեցին, որ վարչության բոլոր անդամները, առանց բացառության, կողմ են քվեարկել Դանիելյանին ընդհանրապես ցուցակից հանելու առաջարկին, անգամ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որի հովանավորյալն է Դավիթ Դանիելյանը: Ըստ մեր աղբյուրի՝ Հարությունյանը, հասկանալով, որ ամեն բան ջրի երես է դուրս եկել, որոշել է ձեռքերը լվանալ ու առանց պաշտպանության թողել իր մտերիմին․ բանն այն է, որ, մեր աղբյուրի խոսքով, Դանիելյանի նկատմամբ բացասական վերաբերմունքը ոչ միայն ներկուսակցական ընտրություններում զեղծարարություններով է պայմանավորված եղել, այլեւ, որ սկսել է հարցեր լուծել ինչ-ինչ շրջանակների համար, գուցե՝ նաեւ իր հովանավորի միջոցով, ինչն էլ զայրացրել է Փաշինյանին, ու, բնականաբար, թիմում նման վերաբերմունք է ձեւավորվել։ Օրինակ, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի միջնորդն է եղել կառավարությունում եւ աջակցել է ինչ-ինչ հարցերում։ Նշենք, որ Փարամազյանի կինն «Աժդանակ» ՍՊԸ-ի բաժնետերերից է, որը զբաղվում է նաեւ հանքերի շահագործմամբ։

Իսկ բուն քվեարկությունների զեղծարարության մասով Դավիթ Դանիելյանի առաջ են դրել sms հաղորդագրությունների պատճեններ՝ ուղարկված պատվիրակներին, որոնցով խնդրել է իրեն ընտրել: Նաեւ պարզել են, որ ոմանց հետ էլ հեռախոսային զրույցներ է ունեցել, ընդ որում՝ այս ամենը սկսել է դեռ տարեսկզբին, երբ շարքերին, կարելի է ասել, հայտնի չի եղել, թե ինչ սկզբունքով է ձեւավորվելու ցուցակը, եւ միայն Փաշինյանի նեղ շրջապատում կարող էին այդ մասին իմանալ։ Դավիթ Դանիելյանն ընդունել է մեղքը եւ վարչության որոշումը՝ իրեն հեռացնելու վերաբերյալ։ Սակայն, ասում են, բավական ծանր է տարել, երեկվանից ոչ մեկի հետ չի շփվում, նիստին էլ գնացել է` հույս ունենալով, որ ՔՊ վերնախավից ոմանք իրեն կաջակցեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մելանյա Թրամփի միջնորդությամբ տեղային հրադադար է հաստատվել

Մելանյա Թրամփի միջնորդությամբ տեղային հրադադար է հաստատվել Fri, 23 Oct 2026 18:23:26 +0400 ԱՄՆ առաջին…

11 րոպե ago

Արման Աբովյանը նոր պաշտոնի է նշանակվել

Արման Աբովյանը նոր պաշտոնի է նշանակվել Fri, 23 Oct 2026 18:20:32 +0400 Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում…

14 րոպե ago

COP17 կամ՝ բուսաբանական այգու վախճանը

COP17 կամ՝ բուսաբանական այգու վախճանը Fri, 23 Oct 2026 18:15:39 +0400 Այսօր կխոսենք COP17-ի՝ Երեւանի…

19 րոպե ago

Որն է բանակցությունները վերսկսելու պայմանը

Որն է բանակցությունները վերսկսելու պայմանը Fri, 23 Oct 2026 18:00:43 +0400 Իրանը պատրաստ է դիտարկել…

34 րոպե ago

Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան

Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Fri, 23 Oct 2026 17:48:40 +0400…

46 րոպե ago

Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի

Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի Fri, 23 Oct…

49 րոպե ago