«Հրապարակ». Եթե այդ պայմաններում իշխող թիմի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է, դա շատ վատ է իրենց համար

«Հրապարակ». Եթե այդ պայմաններում իշխող թիմի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է, դա շատ վատ է իրենց համար

Sat, 07 Mar 2026 09:45:00 +0400


Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է, Սամվել Կարապետյանինը` 6%, Ռոբերտ Քոչարյանինը` 3%, Գագիկ Ծառուկյանինը` 3%։ Այս վատ պատկերից ՔՊ-ական իշխանությունը ցնծության մեջ է ընկել: Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի հետ:

– Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների` ՔՊ կուսակցությունն այս պահին ունի 18 տոկոս ձայն, սակայն դրանից Փաշինյանի ռեժիմը շատ է ուրախացել: Ըստ Ձեզ` 18 տոկոսը լա՞վ ցուցանիշ է, եւ, առհասարակ, այս հարցման մասին ի՞նչ կարծիք ունեք:

– IRI-ի հարցումները բավականին վստահելի են, նրանք հիմնականում ճշգրիտ ցուցանիշներ են տպագրում, սակայն իրենք պատվիրատուն են, այլ ոչ թե կատարողը։ Սա շատ կարեւոր նրբություն է, նրանք մշտապես դիմում են տեղական ինչ-որ կազմակերպության: Բնական է, որ տեղական կազմակերպությունն էլ այդ աշխատանքն իրականացնում է, խոսքը տեղական սոցիոլոգիական ծառայությունների մասին է։ Սա` մեկ։ Երկրորդ․ ես ինչո՞ւ էլ չեմ համագործակցում նրանց հետ…. ժամանակին համագործակցում էի, իսկ քովիդից հետո, քանի որ նրանք անցան հեռախոսային հարցումների, իսկ ես նախկինում միշտ դեմառդեմ էի անում հարցումներ` այցելելով հարցվողների տները, այն կոչվում է «ֆեյս թու ֆեյս»` դեմառդեմ հարցումներ: Դեռ այդ ժամանակներից սկսվեց հեռախոսային հարցումների պրակտիկան, ճիշտն ասած, ես՝ ինքս, դրան չվստահելով, քանի որ բազմաթիվ մեթոդական նրբություններ կան, որ անգամ չարժե այդ մասին երկար-բարակ խոսել, որոշեցի նրանց հետ ուղղակի չհամագործակցել: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական հարցումները հեռախոսի միջոցով սխալ` ոչ վստահելի են, իրականությունը չարտացոլող: Մարդիկ միշտ էլ կասկածներ ունեն, որ կարող են գաղտնալսել, հետո՝ կա աշխատանքը կորցնելու վտանգ եւ այլն: Խոսքը բացառապես քաղաքական հարցումների մասին է: Իսկ, օրինակ, եթե հարցնեն` առավոտյան կոֆե խմո՞ւմ եք, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ ճաշատեսակներ եք գերադասում, մարդիկ, վստահաբար, անկեղծ կպատասխանեն այդ հարցերին, քանի որ այդ պարագայում վախ չկա, բայց քաղաքական հարցումներն այլ են: Կուսակցություններ, ընտրություններ, առաջնորդներ` հնարավոր չէ հեռախոսի միջոցով մարդկանց իրական կարծիքն իմանալ:

– Այսինքն` IRI-ն հեռախոսո՞վ է հարցումներ անցկացրել:

– Նրանք դիմում են տեղական ինչ-որ մի կազմակերպության, իսկ այդ կազմակերպությունն անցկացնում է հեռախոսազանգի միջոցով: Ես վստահ եմ, որ այս հարցումը եղել է հեռախոսի միջոցով, իսկ նման հարցումները, կրկնում եմ, հայաստանյան պայմաններում անիմաստ են, այն մարդկանց վստահություն չի ներշնչում, մարդիկ վախենում են, եւ հետո` եթե այդ պայմաններում իշխող թիմի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է, դա շատ վատ է իրենց համար, այն սարսափելի ցածր է: Մի կուսակցություն, որն ավելի քան 8 տարի իշխանության է, երկիր է ղեկավարում, իբրեւ թե այս տարիներին հասցրել են ինչ-որ լավ գործեր անել եւ ունեն ընդամենը 18 տոկոս ձայն, դա նշանակում է, որ պատկերը շատ վատ է, սարսափելի է: ՔՊ-ի վարկանիշն առնվազն պետք է լիներ 50-60 տոկոս, ինչից պարզ կդառնար, որ հասարակությունը վստահում է իշխող ուժին, դա կնշանակեր, որ մարդիկ գոհ են Փաշինյանի աշխատանքներից եւ ուզում են, որ Փաշինյանը շարունակի իշխանավարել, սակայն 18 տոկոսը նշանակում է, որ մարդիկ չեն ցանկանում Փաշինյանին, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ հարցումն արվել է հեռախոսազանգի միջոցով: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմությունը եւս չունի բավարար ձայներ` ըստ այս հարցման: Այն թվերը, որ հրապարակվել են ընդդիմության համար, եւս շատ վատ են: Գուցե հետագայում լինեն որոշակի փոփոխություններ, սակայն այս հարցումը ցույց է տալիս, որ կուսակցությունների նկատմամբ մարդկանց վստահությունը մարել է, հանգել է, կարելի է ասել` զրոյացել է, եւ մարդիկ կուսակցություններին ընդհանրապես չեն վստահում: Սա նշանակում է, որ, հասարակության կարծիքով, կուսակցությունները ոչ թե երկրի շահերն են կարեւորում, այլ իրենց անձնական նեղ շահերը: Եթե մեկ նախադասությամբ ասենք` կուսակցություններն անկում են ապրում Հայաստանում:

– Ընդդիմությունը կարող է ինչ-որ բաներ խոստանալ եւ դրա դիմաց վարկանիշ բարձրացնել, սակայն իշխանությունները, փաստացի, ինչ կարողացել են, արդեն արել են` թոշակների բարձրացում, սահմաններին կրակոցներ չկան, ոմանց ներշնչել են, որ վերջապես այդքան բաղձալի խաղաղությունը թակել է Հայաստանի դուռը: Իշխանությունները կարո՞ղ են այլ խոստումներով վարկանիշ բարձրացնել, թե՞ նրանց լիմիտը սպառվել է:

– Հենց դա է ողջ խնդիրը: 8 տարում ինչ կարողացան անել, արեցին, սակայն, ըստ երեւույթին, խոստացածն ամբողջապես չկարողացան անել, քիչ արեցին, եւ դրա համար էլ վարկանիշը ցածր է: Վերջին մի քանի ամսում մի 10 հազարով թոշակ բարձրացնելը մի մեծ բան չէ: Նախքան այդ էլ ասում էին` անիմաստ է, չենք բարձրացնելու թոշակ, փող չկա եւ այլն: Ես կարծում եմ, որ թոշակի բարձրացումը շատ թույլ քայլ էր, իսկ ինչ վերաբերում է խաղաղությանը, 2018-ից առաջ էլ խաղաղ ապրում էինք, խաղաղություն էր տիրում երկրում, դա այն խաղաքարտը չէ, որով կարողանաս մարդկանց գրավել: Իհարկե` մարդիկ խաղաղություն են ուզում, ոչ մի ժողովուրդ էլ պատերազմի մասին չի երազում, բայց հենվել այդ խաղաքարտի վրա՝ անիմաստ է: Հայաստանը 2018-ից առաջ էլ խաղաղ է ապրել, սակայն առանց այսպիսի նվաստացումների: Ո՛չ տարածքներ էինք զիջել, ո՛չ Արցախն էինք հանձնել, ո՛չ էլ այդքան զոհեր էինք տվել, բայց մարդիկ, միեւնույն է, խիստ դժգոհ էին: Եթե դա է խաղաղության գինը, ապա պետք է ֆիքսենք, որ այն մարդկանց չի հրապուրում:

– Այս հարցումներն ուրիշ ինչի՞ մասին են հուշում:

– Առայժմ պատկերն այն է, որ մարդիկ շատ հիասթափված են եւ չեն ուզում գնալ ընտրությունների: Սա է խնդիրը: Մարդիկ հիասթափված են ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ, առհասարակ, բոլոր կուսակցություններից: Չունեն վստահություն, հավատ: Այս ամենի արդյունքում, եթե ընտրողների 30-40 տոկոսը միայն մասնակցի ընտրություններին, ինչը շատ ցածր է, ապա իրավիճակն էլ խիստ անորոշ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են

Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն…

11 րոպե ago

ԲԴԽ-ից այլ պաշտոնի է գնում

ԲԴԽ-ից այլ պաշտոնի է գնում Sat, 07 Mar 2026 12:30:00 +0400 Լիանա Ռաֆայելյանը տեղեկացնում է,…

18 րոպե ago

Ասում է՝ արաբ շեյխերը տեսան պեռաշկի եմ ուտում, իրենք էլ գնացին հաց ուտելու

Ասում է՝ արաբ շեյխերը տեսան պեռաշկի եմ ուտում, իրենք էլ գնացին հաց ուտելու Sat, 07…

26 րոպե ago

Քեն Խաչիկյանի կենտրոնը ֆինանսավորելու է փաստահավաք կազմակերպության աշխատանքը

Քեն Խաչիկյանի կենտրոնը ֆինանսավորելու է փաստահավաք կազմակերպության աշխատանքը Sat, 07 Mar 2026 12:15:00 +0400 Հայաստանում…

33 րոպե ago

Արման Թաթոյանի պնդումը, ցավոք, ճիշտ է

Արման Թաթոյանի պնդումը, ցավոք, ճիշտ է Sat, 07 Mar 2026 12:03:00 +0400 Արման Թաթոյանի պնդումը,…

45 րոպե ago

Սենսացիա․ Իրանը հանձնվու՞մ է․ ոչ մի հրթիռահարում և կրակոց հարևաններին

Սենսացիա․ Իրանը հանձնվու՞մ է․ ոչ մի հրթիռահարում և կրակոց հարևաններին Sat, 07 Mar 2026 12:00:00…

48 րոպե ago