«Հրապարակ». Արդյո՞ք պատերազմն Իրանում շուտով կավարտվի

«Հրապարակ». Արդյո՞ք պատերազմն Իրանում շուտով կավարտվի

Sat, 07 Mar 2026 10:15:00 +0400


Հակառակ բոլոր խոսակցություններին, թե փետրվարի 28-ից ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջեւ ընթացող պատերազմը կարող է տեւել շաբաթներ, կարծում եմ, որ այն հաջորդ շաբաթ կավարտվի։ Այս ռազմական բախումն էլ օրերի թվով է մնալու պատմության մեջ, ինչպես 2025-ի ամռան բախումը, որտեղ նույնպես Վաշինգտոնը, Թել-Ավիվը եւ Թեհրանն էին ներգրավված։ Ավելի ստույգ` ոչ թե պատերազմը հաջորդ շաբաթ կավարտվի, այլ՝ ռազմական գործողությունների ընթացիկ փուլը։ Տրամաբանական է, որ աշնանը կամ հաջորդ տարի լինի բախումների հաջորդ ռաունդը, որը ծավալվի արդեն հիմնականում Իրանի եւ Իսրայելի միջեւ, եւ որտեղ Իրանի հետ ռազմական դիմակայության մեջ հայտնվի նաեւ Ադրբեջանը։ Սակայն դա՝ ամիսներ հետո։

Բախումների ներկա ռաունդը, մեծ հավանականությամբ, սադրել է Իսրայելի վարչապես Բենիամին Նեթանյահուն, բայց ԱՄՆ ուժերը ռազմական գործողություններից հանելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսկ Թրամփի ընկալումների պղպջակում, որտեղից ինքը նայում է աշխարհին եւ որի մեջ ապրում է, Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար ավարտվում է կամ արդեն ավարտվել է։ 2 օր առաջ Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում, Գերմանիայի կանցլերին ողջունելիս, Թրամփի չվերջացող անդրադարձերն Իրանի պատերազմին, ամեն անգամ համեմատելով եւ նշելով, թե, այ, Վենեսուելայում որքան հարթ, արագ ու արդյունավետ արվեց ամեն ինչ, խոստովանելով, թե վատագույն սցենարն այն կլինի, եթե Իրանի առաջնորդ ընտրվի նույնքան կամ ավելի պահպանողական մեկը, քան այաթոլլա Ալի Խամենեին էր, եւ, վերջապես, զվարճալի հավաստիացումները, թե ԱՄՆ-ն արդեն իսպառ վերացրել է Իրանի նավատորմը, օդային պաշտպանական համակարգերը, տարբեր տրամաչափերի ու հեռահարության հրթիռները, ռազմական ղեկավարությանը, գլխատել է այաթոլլաների իշխանությունը, վերացրել միջուկային զենքի հետ կապված կարողությունները, հրթիռների արձակող սարքավորումները… միով բանիվ, Թրամփի բառերով՝ «ԱՄՆ-ն Իրանում վերացրել է ամեն ինչ», կամա թե ակամա, իրանական արշավանքն ավարտելու մտայնությունն էին մատնում։

Եթե ամենը, ինչ հարկավոր էր վերացնել, այլեւս վերացված է, ապա ԱՄՆ-ն այլեւս ի՞նչ պատճառ ունի մնալու Իրանում, երբ զինուժի ու ռազմական տեխնիկայի ներկա կուտակմամբ յուրաքանչյուր անցնող օրը ԱՄՆ բյուջեին հարյուր միլիոնավոր դոլարներ է արժենում։ Այստեղ փոքր նշանակություն ունի այն, որ իրականում ԱՄՆ-ն Իրանում շատ քիչ բան կարող է վերացրած լինել, էականը՝ Թրամփը հայտարարում է եւ ցանկանում է հավատալ, որ ամեն ինչ վերացրել են՝ այն աստիճան, որ այլեւս անելիք չունեն։ Հոգեբանորեն

Թրամփն այլեւս Իրանից դուրս գալու տրամադրության եւ մտածողության մեջ է։ Ճիշտ՝ ինչպես հունվարին Իրանի դեմ հարձակում սկսելու պահին։

Թրամփի անձնական մոտեցումները եւ ընկալումները որոշիչ գործոն են այն որոշումներում, որոնք կայացնողն ինքն է։ Դա փաստ է։ Սակայն Թրամփի սուբյեկտիվ գործոնից բացի, օբյեկտիվորեն էլ Իրանում ԱՄՆ-ի մնալը եւ անիմաստ աջուձախ ռմբակոծելը տեղում դոփելու ընթացք է։ Ինչ վերաբերում է հրթիռներ, միջուկային ծրագրեր վերցնելուն, դրանք ոչ մի կերպ չչափվող, ոչ մի կերպ չստուգվող հայտարարություններ են։ Երբ ուզեն, կասեն՝ վերացրինք, ավարտեցինք, ինչպես 2025-ի ամռան բախումից հետո Թրամփն ու իր ողջ անտուրաժը հայտարարում, հավատացնում էին, թե Իրանի բոլոր միջուկային կարողությունների ու ծրագրերի վրա շիրմաքար են դրել։ Կես տարի անց նորից Իրանում են նույն գործով՝ Իրանի հրթիռային եւ միջուկային կարողությունների վրա շիրմաքար դնելու։ Այդ թեմայում ոչ մի օբյեկտիվ չափում եւ տեսանելի արտահայտություն չկա։

Օբյեկտիվորեն տեսանելի կամ չափելի կարող էր լինել միայն այաթոլլաների ռեժիմի տապալումը, որը, ի մեծ դժբախտություն Նեթանյահուի, տեսանելի ապագայում՝ մինչեւ Իսրայելի առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ դրանից հետո էլ, չի լինի։ Հետեւաբար, մնում է բավարարվել նրանով, ինչ արվեց՝ Իրանի գերագույն առաջնորդի եւ բարձրաստիճան զինվորականների չեզոքացմամբ եւ երկրի ռազմական կարողություններին հասցված վնասով։ Գոնե ԱՄՆ-ի համար ժամանակն է՝ ռազմական թատերաբեմից դուրս գալու, չարվածը թողնելով Իրանի ժողովրդին։ Անկախ հակասող հայտարարություններով ստեղծվող խառնաշփոթից, ԱՄՆ-ում տեսանելի եւ զգալի է, որ Իրանից դուրս գալն են նախապատրաստում՝ անդադրում կրկնելով, թե ամեն ինչ Իրանում վերացրել են։

Հավանաբար, մի քանի օր էլ Վաշինգտոնում ոտքը կախ կգցեն՝ տեսնելու համար, թե արդյոք Իսրայելին հաջողվո՞ւմ է Իրաքի քրդաբնակ շրջաններից ուժեր մտցնել Իրանի քրդաբնակ շրջաններ եւ խժդժություններ բարձրացնել՝ հաշվարկով, որ այն տարածվի նաեւ Իրանի մնացյալ շրջաններում, բայց սա օրերի ընթացքում կպարզվի։ Հաշվարկի ձախողվելու պարագայում այլեւս մնալն իմաստ չունի։ Իսկ ձախողումը շատ հավանական է, քանի որ, դատելով քրդերի՝ տարբեր երկրներից արվող հայտարարություններից, նրանք այնքան էլ չեն ցանկանում թնդանոթի միս ծառայել ԱՄՆ ցամաքային ռազմական գործողություններում։ Մանավանդ, որ Իրանը ժամանակ չի կորցնում Իրաքի քրդերին մի կողմից նախազգուշացնելու, մյուս կողմից` հարվածելու, սահմանին էլ ցամաքային ուժերի հատուկ գործողություններ է իրականացնում։

Իսկ մարտի 5-ին, երբ քրդերի միջոցով բախումներ սադրելու եւ Իրանում ներքին ապակայունություն ստեղծելու ջանքերում առանձնապես հաջողության չհասնելուց հետո Իսրայելը մի բան էլ Նախիջեւանին էր հարվածել՝ հավանաբար, Բաքու-Թեհրան բախում եւ Իրանի՝ ազերիներով բնակեցված շրջաններում խժդժություններ գեներացնելու հույսով, դա արդեն Իսրայելի ցունգցվանգային վիճակի մատնություն է։ Եթե Թեհրանը լիներ Ադրբեջանին հարվածողը, ինչո՞ւ պետք է հարվածեր Նախիջեւանին եւ ոչ թե Ֆիզուլի, Ջեբրաիլում տեղակայված իսրայելական լրտեսական ցանցին ու կարողություններին։ Ադրբեջանն անպատճառ դառնալու է Իրան-Իսրայել բախման թատերաբեմ, բայց ո՛չ այս ռաունդում, որը գնում է վերջաբանի։

ԱՄՆ-Իսրայել-Իրան բախման ներկա ռաունդում կարող են նոր զոհեր եւ ավերածություններ լինել, բայց ո՛չ նոր որակական զարգացումներ։ Եվ այն, որ Ծոցի երկրները հետզհետե սկսում են վերականգնել օդային թռիչքները, ռազմական գործողությունների վերջաբանի նշան եւ հավանականություն են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սենսացիա․ Իրանը հանձնվու՞մ է․ ոչ մի հրթիռահարում և կրակոց հարևաններին

Սենսացիա․ Իրանը հանձնվու՞մ է․ ոչ մի հրթիռահարում և կրակոց հարևաններին Sat, 07 Mar 2026 12:00:00…

8 րոպե ago

Չփորձեք փոխել թեման. հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար

Չփորձեք փոխել թեման. հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար Sat, 07 Mar…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Իրանում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմի վրա

«Հրապարակ»․ Իրանում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմի վրա Sat, 07 Mar 2026 11:45:00 +0400…

23 րոպե ago

Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի

Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի Sat, 07 Mar 2026 11:30:00 +0400 Վիետնամում…

38 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանը դատախազին առաջարկում է՝ նախկին պաշտոնյաներին հանգիստ թողնել

«Հրապարակ». Փաշինյանը դատախազին առաջարկում է՝ նախկին պաշտոնյաներին հանգիստ թողնել Sat, 07 Mar 2026 11:15:00 +0400…

53 րոպե ago

Փաշինյանը դժգոհեց՝ Աշտարակում ուր շրջում է նույն մարդիկ են

Փաշինյանը դժգոհեց՝ Աշտարակում ուր շրջում է նույն մարդիկ են Sat, 07 Mar 2026 11:09:11 +0400…

59 րոպե ago