Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն ավելի է մեծացել
Mon, 09 Mar 2026 20:45:00 +0400
Իրանում թեժ պատերազմը շարունակվում է: Օրեր առաջ տեղեկացել էինք, որ Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Իրանի ճանապարհով բեռնատար մեքենաների երթևեկությունը։ Ադրբեջանը 12 ժամով փակել էր Իրանի հետ օդային սահմանը։ Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մարտի 5-ին Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։ Ալիևը Իրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ահաբեկչական ակտ իրականացնելու մեջ և շեշտել, որ դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ Իրանը պետք է Ադրբեջանին պարզաբանումներ ներկայացնի։ Ալիևը նաև հայտարարել է, որ զինված ուժերին հանձնարարված է նախապատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների գրոհին։ Իրանագետ Ժաննա Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով Իրանում կատարվող պրոցեսների, ինչպես նաև Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների մասին, ասաց. «Ադրբեջանի հետ լարվածությունը որոշակիորեն թուլանում է: Ադրբեջանական կողմից հայտնում են, որ բեռնափոխադրումների գործընթացը վերականգնվում է, ինչպես նաև վերականգնվում են թռիչքները: Այս առումով առայժմ լարվածության թուլացման մասին է խոսվում: Հռետորաբանական մակարդակով ևս նկատվում է լարվածության թուլացում, այսօրվա հռետորաբանությունն անհամեմատելի է առաջին օրվա հռետորաբանության հետ, գործողությունների համատեքստում ևս: Տեղի է ունեցել Ալիև-Փեզեշքիան հեռախոսազրույցը, այս պայմաններում կողմերի երկխոսությունը ստացվում է: Ինչ վերաբերում է Իրանում տիրող իրավիճակին, ապա պատերազմը շարունակվում է: Արդեն տասը օր է նույն իրավիճակն է և դեռևս տեսանելի չէ, որ առնվազն առաջիկա օրերին պրոցեսները կարող են մեղմվել, հակառակը` հավանական է, որ պրոցեսները կարող են շաբաթներ տևել, գուցե ավելի երկար: Փաստացի այս պահի դրությամբ, եթե դիտարկում ենք ԱՄՆ-Իսրայել հարվածների բնույթը, ապա վերջին օրերին Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված թիրախավորումն էլ ավելի է մեծացել: Օրինակ` էներգետիկ ենթակառուցվածքներ, տնտեսական և այլն: Սրանք քայլեր են, որոնք ևս միտված են ներքին անկայունություն հրահրելուն: Սրանք ոչ միայն Իրանի ներսում զուտ էներգետիկ խնդիրներ կարող են առաջացնել, այլև` խնդիրներ կապված շրջակա միջավայրի հետ: Թեհրանում նավթաբազաների հրթիռակոծությունից հետո երկինքը սևացել է, խոսք է գնում թթվային անձրևների մասին և այլն: Բնականաբար երկարաժամկետ հեռանկարում այս կոլապսը ժողովրդական մեծ դժգոհության առիթ է դառնալու: Իրանին ուղղված հարվածները բազմաշերտ են, բոլոր տեսակի ենթակառուցվածքները թիրախի տակ են, իսկ նպատակը` ճգնաժամ հարցուցելն է: Ինչ վերաբերում է իրանական հարվածներին, ապա դրանք որոշակիորեն թուլացել են, սակայն դրանք շարունակվում են, թե արաբական երկրների ուղղությամբ, թե Իսրայելի ուղղությամբ: Դիմադրությունը շարունակվում է, Իրանում հայտարարվել է գերագույն առաջնորդի ընտրության հարցը, բայց շատ կարևոր է, թե այս իմաստով ինչ կլինի: ԱՄՆ-ն մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Մուսթաֆա Խամենեին իրենց համար ցանկալի թեկնածու չէ և չենք կարող բացառել, որ նրան ևս կարող են թիրախավորել: Իսկ եթե դա տեղի ունենա, լուրջ խնդիրներ կառաջանան տարբեր ոլորտներում, ինչպես նաև ներքին կայունության տեսանկյունից»: