Թրամփի հետ կամ Թրամփի վրա
Tue, 10 Mar 2026 18:45:40 +0400
Ես չեմ զարմանա, եթե ամերիկա-իրանական այս պատերազմից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարի, որ իրեն հաջողվեց եւս մեկ պատերազմ դադարեցնել: Խաղաղարար մարդու մասնագիտությունն է՝ դադարեցնել պատերազմները: Իսկ եթե պատերազմ չկա, ի՞նչ անի այդ մարդը, հո անգործ չի՞ մնալու: Եղածը երկու հրթիռ չի՞… Արձակում ես, օրինակ, Վենեսուելայի վրա, այդ երկրի նախագահին գողանում ու հայտարարում, որ պատերազմը դադարեցրիր: Այս իմաստով Կանադան եւ Գրենլանդիան ուղղակի հիասթափեցրին Թրամփին: Ոչ մի մարտական գործողություն, ոչ մի դիմադրություն… Այլապես ԱՄՆ նախագահը կարող էր իր ակտիվում եւս երկու խաղաղարար գործողություն գրանցել:
Ինչեւէ, հերթն Իրանի հետ պատերազմինն է: Թրամփն արդեն հայտարարել է, որ Իրանի հետ կարող է համագործակցել նավթային հարցում: Մնում է՝ մի հատ էլ Նեթանյահուին համոզի, որ Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ նպատակներ է հետապնդում: Նա ուղղակի չէր հաշվարկել, որ Իրանի դեմ պատերազմն այնքան կխորանար, որ անգամ Հյուսիսային Կորեան կխառնվեր: Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել՝ միջմայրցամաքային հրթիռներով օգնել Իրանին, եթե այդ երկրի ղեկավարությունը դիմի իրեն: Իսկ սա արդեն լուրջ է, եւ Թրամփը, որպես ԱՄՆ ժողովրդի անվտանգության երաշխավոր, պետք է շտապի դադարեցնել Իրանի դեմ պատերազմը, քանի դեռ հյուսիսկորեական հրթիռները չեն պայթել Ազատության արձանի մոտակայքում:
Թրամփի խաղաղարար առաքելությանը Նեթանյահուից ոչ պակաս խոչընդոտում է նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Սա անընդհատ բզբզում, ձգձգում է Պուտինի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի հիմքում ԱՄՆ-ի առաջարկներն են. տարածքային զիջումներ Ռուսաստանին՝ հանուն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հանքավայրերի շահագործման: Ու այնպես էլ չէ, որ Զելենսկին հերոսաբար է դիմադրում: Նա հանքերն արդեն հանձնել է ԱՄՆ-ին, պարզապես ուկրաինացիներն են դեմ տարածքները Ռուսաստանին հանձնելուն: Մնում է մի քիչ էլ սպասել, որ Թրամփն ամերիկա-իրանական պատերազմը դադարեցնի եւ անցնի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելուն:
Մեր բախտը, կարելի է ասել, բերեց: Այն, ինչ տասնամյակներ շարունակ չէր հաջողվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, Թրամփը միանգամից գլուխ բերեց: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը Թրամփի խաղաղարար գործունեության մարգարիտը կարելի էր համարել, եթե չլիներ «Մադուրո» կայծակնային օպերացիան: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, առանց ձեռնաշղթաների, 2025թ․ օգոստոսի 7-ին հասան Վաշինգտոն, իսկ 8-ին արդեն ստորագրեցին (նախաստորագրեցին) Թրամփի թուղթը: Ինչպես ասում են՝ շնորհքի հարց է: Բայց Թրամփը Թրամփ չէր լինի, եթե բավարարվեր Հայաստանի հաշվին Ադրբեջանի երկու մասերն իրար կապող միջանցքի անվանումով միայն (TRIPP): Գործարարի հոտառությունը նրան այնքան հեռու տարավ, որ, նախ, 80 տոկոս մտավ Հայաստանի շահի մեջ, ապա՝ միջանցքի կառուցման ծախսերը դրեց Ադրբեջանի վրա: Այսքանից հետո, խաղաղության հարթակում, Թրամփին մնում էր հայտարարել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն այլեւս եղբայրներ են:
Որ Հայաստանի եւ Ադրբեջանի գործող ղեկավարները եղբայրներ են, դա ճիշտ է, բայց ես խիստ կասկածում եմ, որ նրանց եղբայրությամբ ավարտվում է հայ-ադրբեջանական պատերազմը: Թնդանոթները, այո, միառժամանակ լռեցին, բայց դրանք արդյոք կշարունակե՞ն լռել, եթե Իսրայելը չդադարեցնի Իրանի դեմ չավարտված պատերազմին նոր մասնակիցներ ներգրավելու փորձերը: Իսկ եթե Նախիջեւանից հետո, Աստված չանի, ռումբեր պայթեն նաեւ Սյունիքում, եւ հայտարարվի, որ դա իրանական անօդաչուներն են արել, ո՞վ է պարզելու, ո՞վ է ապացուցելու, որ դա Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաների գործը չէ: Բայրամովի մեկ հատիկ զանգը Միրզոյան Արոյին բավարա՞ր է՝ մեզ համոզելու, որ հարձակումն Ադրբեջանի կողմից չի եղել: Էլ չեմ խոսում այն մասին, որ Թուրքիան էլ այն կողմից կարող է «օգնության» հասնել Ալիեւին ու նրա «հարազատ եղբորը»՝ վերջնականապես փակելով Իրանի հյուսիսում «բուֆերային» գոտի ստեղծելու հարցը (Սիրիան՝ մեզ օրինակ):
Եվ ահա թե ինչ եմ առաջարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Պարոն Թրամփ, քանի դեռ ուշ չէ, ամեն ինչ արեք՝ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու համար: Այլապես ստիպված կլինեք խաչ քաշել խաղաղարարի Ձեր «մասնագիտության» վրա եւ դառնալ աշխարհի երեսից Արցախի ու Հայաստանի վերացման թիվ 1 մեղավորը: Ի դեպ, պարոն Թրամփ, Ալիեւի «եղբայրը», որին Դուք այնքան սիրում եք, ժամանակին հայտարարել է, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Դուք կուզենայի՞ք դառնալ նրա հրեշավոր ծրագիրն իրականացրած ձեռքը…