Թրամփի հետ կամ Թրամփի վրա

Թրամփի հետ կամ Թրամփի վրա

Tue, 10 Mar 2026 18:45:40 +0400


Ես չեմ զարմանա, եթե ամերիկա-իրանական այս պատերազմից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարի, որ իրեն հաջողվեց եւս մեկ պատերազմ դադարեցնել: Խաղաղարար մարդու մասնագիտությունն է՝ դադարեցնել պատերազմները: Իսկ եթե պատերազմ չկա, ի՞նչ անի այդ մարդը, հո անգործ չի՞ մնալու: Եղածը երկու հրթիռ չի՞… Արձակում ես, օրինակ, Վենեսուելայի վրա, այդ երկրի նախագահին գողանում ու հայտարարում, որ պատերազմը դադարեցրիր: Այս իմաստով Կանադան եւ Գրենլանդիան ուղղակի հիասթափեցրին Թրամփին: Ոչ մի մարտական գործողություն, ոչ մի դիմադրություն… Այլապես ԱՄՆ նախագահը կարող էր իր ակտիվում եւս երկու խաղաղարար գործողություն գրանցել:

Ինչեւէ, հերթն Իրանի հետ պատերազմինն է: Թրամփն արդեն հայտարարել է, որ Իրանի հետ կարող է համագործակցել նավթային հարցում: Մնում է՝ մի հատ էլ Նեթանյահուին համոզի, որ Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ նպատակներ է հետապնդում: Նա ուղղակի չէր հաշվարկել, որ Իրանի դեմ պատերազմն այնքան կխորանար, որ անգամ Հյուսիսային Կորեան կխառնվեր: Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել՝ միջմայրցամաքային հրթիռներով օգնել Իրանին, եթե այդ երկրի ղեկավարությունը դիմի իրեն: Իսկ սա արդեն լուրջ է, եւ Թրամփը, որպես ԱՄՆ ժողովրդի անվտանգության երաշխավոր, պետք է շտապի դադարեցնել Իրանի դեմ պատերազմը, քանի դեռ հյուսիսկորեական հրթիռները չեն պայթել Ազատության արձանի մոտակայքում:

Թրամփի խաղաղարար առաքելությանը Նեթանյահուից ոչ պակաս խոչընդոտում է նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Սա անընդհատ բզբզում, ձգձգում է Պուտինի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի հիմքում ԱՄՆ-ի առաջարկներն են. տարածքային զիջումներ Ռուսաստանին՝ հանուն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հանքավայրերի շահագործման: Ու այնպես էլ չէ, որ Զելենսկին հերոսաբար է դիմադրում: Նա հանքերն արդեն հանձնել է ԱՄՆ-ին, պարզապես ուկրաինացիներն են դեմ տարածքները Ռուսաստանին հանձնելուն: Մնում է մի քիչ էլ սպասել, որ Թրամփն ամերիկա-իրանական պատերազմը դադարեցնի եւ անցնի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելուն:

Մեր բախտը, կարելի է ասել, բերեց: Այն, ինչ տասնամյակներ շարունակ չէր հաջողվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, Թրամփը միանգամից գլուխ բերեց: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը Թրամփի խաղաղարար գործունեության մարգարիտը կարելի էր համարել, եթե չլիներ «Մադուրո» կայծակնային օպերացիան: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, առանց ձեռնաշղթաների, 2025թ․ օգոստոսի 7-ին հասան Վաշինգտոն, իսկ 8-ին արդեն ստորագրեցին (նախաստորագրեցին) Թրամփի թուղթը: Ինչպես ասում են՝ շնորհքի հարց է: Բայց Թրամփը Թրամփ չէր լինի, եթե բավարարվեր Հայաստանի հաշվին Ադրբեջանի երկու մասերն իրար կապող միջանցքի անվանումով միայն (TRIPP): Գործարարի հոտառությունը նրան այնքան հեռու տարավ, որ, նախ, 80 տոկոս մտավ Հայաստանի շահի մեջ, ապա՝ միջանցքի կառուցման ծախսերը դրեց Ադրբեջանի վրա: Այսքանից հետո, խաղաղության հարթակում, Թրամփին մնում էր հայտարարել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն այլեւս եղբայրներ են:

Որ Հայաստանի եւ Ադրբեջանի գործող ղեկավարները եղբայրներ են, դա ճիշտ է, բայց ես խիստ կասկածում եմ, որ նրանց եղբայրությամբ ավարտվում է հայ-ադրբեջանական պատերազմը: Թնդանոթները, այո, միառժամանակ լռեցին, բայց դրանք արդյոք կշարունակե՞ն լռել, եթե Իսրայելը չդադարեցնի Իրանի դեմ չավարտված պատերազմին նոր մասնակիցներ ներգրավելու փորձերը: Իսկ եթե Նախիջեւանից հետո, Աստված չանի, ռումբեր պայթեն նաեւ Սյունիքում, եւ հայտարարվի, որ դա իրանական անօդաչուներն են արել, ո՞վ է պարզելու, ո՞վ է ապացուցելու, որ դա Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաների գործը չէ: Բայրամովի մեկ հատիկ զանգը Միրզոյան Արոյին բավարա՞ր է՝ մեզ համոզելու, որ հարձակումն Ադրբեջանի կողմից չի եղել: Էլ չեմ խոսում այն մասին, որ Թուրքիան էլ այն կողմից կարող է «օգնության» հասնել Ալիեւին ու նրա «հարազատ եղբորը»՝ վերջնականապես փակելով Իրանի հյուսիսում «բուֆերային» գոտի ստեղծելու հարցը (Սիրիան՝ մեզ օրինակ):

Եվ ահա թե ինչ եմ առաջարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Պարոն Թրամփ, քանի դեռ ուշ չէ, ամեն ինչ արեք՝ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու համար: Այլապես ստիպված կլինեք խաչ քաշել խաղաղարարի Ձեր «մասնագիտության» վրա եւ դառնալ աշխարհի երեսից Արցախի ու Հայաստանի վերացման թիվ 1 մեղավորը: Ի դեպ, պարոն Թրամփ, Ալիեւի «եղբայրը», որին Դուք այնքան սիրում եք, ժամանակին հայտարարել է, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Դուք կուզենայի՞ք դառնալ նրա հրեշավոր ծրագիրն իրականացրած ձեռքը…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վաղը Միջինք է. «Միջինքի» ավանդույթները կամ ինչու են հայկական գաթայի մեջ մետաղադրամ դնում

Վաղը Միջինք է. «Միջինքի» ավանդույթները կամ ինչու են հայկական գաթայի մեջ մետաղադրամ դնում Tue, 10…

4 ժամ ago

Վարորդը մահացել է

Վարորդը մահացել է Tue, 10 Mar 2026 23:45:00 +0400 Մարտի 10-ին, ժամը 14։30-ին Արարատի մարզային…

4 ժամ ago

Արման Հարությունյանը մեդալ է նվաճել

Արման Հարությունյանը մեդալ է նվաճել Tue, 10 Mar 2026 23:30:00 +0400 57 կգ քաշային Արման…

5 ժամ ago

Կրկին ձյուն կգա

Կրկին ձյուն կգա Tue, 10 Mar 2026 23:21:00 +0400 Երևան քաղաքում՝ մարտի 11-13-ին սպասվում է…

5 ժամ ago

Լուսանկարներն ապացուցում են հայկական սրբավայրերի ավերումը. ԱՄՆ զեկույցի մանրամասները

Լուսանկարներն ապացուցում են հայկական սրբավայրերի ավերումը. ԱՄՆ զեկույցի մանրամասները Tue, 10 Mar 2026 23:15:00 +0400…

5 ժամ ago

Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»

Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Tue, 10 Mar 2026 23:08:04 +0400 Մարտի…

5 ժամ ago