Շուրջ 22 մլն դրամ է պահանջում․ ՊՆ-ն խզել է պայմանագիրը Մերգելյանի ինստիտուտի հետ
Tue, 10 Mar 2026 21:15:00 +0400
Մարտի 5-ին Պաշտպանության նախարարությունը միակողմանի լուծարել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Սերգեյ Մերգելյանի ինստիտուտ) հետ 2017թ-ին կնքված պայմանագիրը։ ԵՐՄՄԳՀԻ ՓԲԸ-ն նշված պայմանագրով պետք է կատարեր պետական փորձարկումների անցկացում։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության գնումների համակարգից։
Ըստ ՊՆ-ի՝ պայմանագիրը խզելու պատճառն այն է, որ Մերգելյանի ինստիտուտը բազմիցս խախտել է պայմանագրով սահմանված աշխատանքի կատարման ժամկետները։
ՊՆ-ն միաժամանակ պահանջում է, որ ԵՐՄՄԳՀԻ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում գրեթե 22 մլն դրամ վճարի և վճարումը հավաստող փաստաթղթերը ներկայացնի ՊՆ մինչև ընթացիկ տարվա մարտի 16-ը։ Մասնավորապես 1,986,000 դրամ որպես տույժ, 110,000 դրամ որպես տուգանք, 2,000,000 դրամ որպես կանխավճարի մնացորդ։ ՊՆ-ն պահանջում է նաև վերադարձնել 17,796,000 դրամ, որը պայմանագրի առանձին փուլերով կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարն է։
Նշենք, որ Մերգելյանի ինստիտուտը ՊՆ-ն ներգրավվել է նաև գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։