«Հրապարակ». Ապրիլի 1-ից՝ փոփոխություններ ԱՊՊԱ-ում
Wed, 11 Mar 2026 12:45:55 +0400
Ապրիլի 1-ին ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի 11.12.2025թ․ առաջարկած եւ Կենտրոնական բանկի կողմից հունվարի 30-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանների» կանոնների փոփոխությունները։ Ըստ այդմ, բարձրացվել են ապահովագրական գումարները, հատուցման առավելագույն սահմանաչափ է սահմանվել․ գույքին պատճառված վնասների համար գործող 1 մլն 800 հազարի փոխարեն՝ 2 մլն 500 հազար, անձնական վնասների դեպքում` 3 մլն 300 հազարի փոխարեն` 3 մլն 500 հազար։ Մեկ ապահովագրական պատահարի հետեւանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարը բարձրացվել է՝ համապատասխանաբար 25 մլն եւ 35 մլն դրամ։
«Կատարված փոփոխությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին եւ չեն ծածկում ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը, փոփոխությունները հնարավորություն կընձեռեն՝ առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը»,- նշում են Բյուրոյից։ Վարորդների շրջանում արդեն խոսում են, որ այս որոշման արդյունքում ԱՊՊԱ գումարներն ապրիլի 1-ից կրկին կթանկանան: Փորձեցինք ԱՊՊԱ ընկերություններից ճշտել թանկացումների հարցը: «Նաիրի ինշուրանս» ընկերությունից պատասխանեցին. «Վերջին թանկացումը՝ գումարի մասով, եղել է 2025թ. նոյեմբերին: 6 ամիսը մեկ են կատարում փոփոխությունները, բայց թանկացման հետ կապված՝ դեռ տեղեկություն չունենք: Առհասարակ, լինում են շուկայում փոփոխություններ, բայց հստակ, որ գումարի չափը բարձրացնում են, այս պահին չենք կարող ասել: Մենք էլ գիտենք, որ փոփոխություն է եղել, եւ այն ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի»: «Սիլ ինշուրանս» ընկերությունից փոխանցեցին, որ ապրիլի 1-ից հետո նոր կարող են հստակ տեղեկացնել, թե ինչ փոփոխություններ կլինեն` օրենքը դեռ ուժի մեջ չի մտել:
Փաստաբան Արտակ Խաչատրյանը, որը մասնագիտացած է վարորդների իրավունքների պաշտպանության ոլորտում, մեզ ասաց՝ ապահովագրական բյուրոյի կողմից երաշխավորված չէ, որ գները չեն թանկանա. «Ապահովագրական գումարները վաղուց արդեն թանկացել են 40-60 տոկոսով: Վարորդներն արդարացի մտահոգություն ունեն, որ եթե շեմը բարձրացրին, հատուցումներն ավելի շատ են տալու, բնականաբար, սկսելու են հավաքագրումներն ավելի շատ անել: Սկզբից թանկացրել են ապահովագրական վճարները, հետո նոր սկսել են շեմը բարձրացնել: Դա զուգահեռաբար չարեցին, հետո հասկացան, որ շատ են գումար վաստակում, համահունչ չեն հատուցումների հետ, դրա համար էլ շեմը բարձրացրին: Ապահովագրական բանաձեւերով եւ կանոններով սահմանափակում չեն տվել վճարների չափի մասով, ասենք՝ իքս գումարից ավել իրավունք չունեին թանկացնելու կամ գին որոշելու, իսկ քանի որ հիմա ազատ շուկայական հարաբերություններ են ԱՊՊԱ գնի որոշման շրջանակներում, դրա համար թանկացումը բերեց շեմի բարձրացման, շեմի բարձրացումն էլ հետագայում կարող է բերել ապահովագրական գումարի թանկացման, եւ այսպես շարունակ»: Վերահսկող, զսպող մեխանիզմ չկա՞։ «Գնորոշման ոլորտում բեսպրեդել է, չկա սահմանաչափ, չկան հստակ կանոններ: Այնքան այս թանկացումը կշարունակվի, մինչեւ քաղաքացիները համատարած բողոքեն, բողոքների հիման վրա հնարավոր է որոշումը վերանայել»:
Իսկ ապրիլի 1-ից առաջ կնքված պայմանագրերի վրա դա կազդի՞։ «Եթե չոր կանոններով նայենք, իհարկե, չէր ազդելու, բայց քանի որ ԱՊՊԱ կանոնները տարածվում են բոլորի վրա ու պարտադիր են բոլորի համար` ինչպես վարորդների, այնպես էլ՝ ապահովագրական ընկերությունների, հետեւաբար, բոլորի վրա դա կտարածվի: Լավն այն է` շատ դեպքեր կան, որ վնասի չափը լինում է 2 մլն 200 հազար դրամ, վնասը՝ 1 մլն 800 հազարը, ԱՊՊԱ-ն տրամադրում է, 400 հազարի համար մարդիկ պետք է դիմեն դատական պաշտպանության ու բավականին ծախսեր անեն` երկար սպասեն, այս դեպքում կհատուցվի առանց դատարան դիմելու»: