Ինչու՞ ազատել Էդիտային, որտեղ էր նա թերացել

Ինչու՞ ազատել Էդիտային, որտեղ էր նա թերացել

Wed, 11 Mar 2026 19:34:36 +0400


Երկար պիտի գրեմ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի ստիպողական «փոփոխության» վերաբերյալ շրջանառվող ասեկոսեները հաստատվեցին։ Հիմա կարելի է այս մասին ուղիղ գրել։ Ասել, որ այս ամենում կա անարդարության ու վիրավորականության խիստ մեծ չափաբաժին, նշանակում է ոչինչ չասել։ Գիտական անաչառության ու ազատության մասին խոսելն այս պարագայում ինքնին դառնում է ավելորդություն։

Ես ինքս ՀՑԹԻ-ում որոշ ընդմիջումներով աշխատել եմ 2006-2014 թթ․, դրանից հետո էլ շարունակել ակտիվ համագործակցությունը՝ վերջին ութ տարիներին նաև ինստիտուցիոնալ կերպով՝ որպես Լեփսիուսհաուզ Պոտսդամի գիտաշխատող (արխիվային նյութերի և գրականության տրամադրում, համատեղ ձեռնարկներ ևն)։ Այժմ էլ ՀՑԹԻ հանդեսի խմբագրակազմի անդամ եմ։
Էդիտան ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց երկու տարի առաջ։ Ըստ ամենայնի, այս երկու տարիները եղել են ՀՑԹԻ պատմության ամենաարդյունավետ տարիները բազմաթիվ ոլորտներում․ գիտական հոդվածների աննախադեպ քանակ միջազգային ու վարկանիշ ունեցող հանդեսներում, International Journal of Armenian Genocide Studies-ը երկարատև ու համառ ջանքերից հետո անցած տարի հայտնվեց Հայաստանում այդքան բաղձալի Scopus-ի գիտական պարբերականների շարքում (այս ոլորտում միակը Հայաստանում), արտասահմանյան գործընկերների հետ կազմակերպվեցին միջազգային կոնֆերանսներ, միջոցառումներ, ներդրվեց աուդիոգիդերի համակարգը ու հասանելի դարձավ բազմաթիվ լեզուներով, արժևորվեցին ու խրախուսվեցին բոլոր աշխատակիցների ջանքերը, և ոչ թե միայն ընտրյալներինը, ակտիվացավ կապը սփյուռքահայ գիտնականների հետ ու նրանց ներդրումը ՀՑԹԻ աշխատանքներում,։ Բոլոր ձեռքբերումները հնարավոր չէ թվել։

Ինչու՞ ազատել Էդիտային, որտեղ էր նա թերացել։

Դիտարկեք գիտականը՝ Էդիտայի լույս ընծայած աշխատություններն ու հոդվածները վերջին երկու տարիներին՝ անգամ գործակից ունեցող միջազգային հանդեսներում։ Քանի՞ հոգու կարող եք նշել, որ ունեն ավելի շատ հոդվածներ մեր ոլորտում։ Վերցրեք սփյուռքահայ գիտնականների հետ ակտիվ համագործակցությունը։ Ամենավառ ապացույցը նրանց՝ այս որոշման հետ անհամաձայնության այն է, որ հոգաբարձուների խորհորդում գտնվող երկու սփյուռքահայ գիտնականներն էլ (Ռայմունդ Գևորգյան և Ստեփան Աստուրյան) լքել են խորհուրդը՝ Հայաստանից երկու այլ գիտնականների (Հրանուշ Խառատյան, Հարություն Մարության) հետ միասին։ Վերցրեք մենեջմենթի հատվածը․ դրա վառ ապացույցը ՀՑԹԻ բոլոր 74 աշխատակիցների համատեղ նամակ-խնդրանքն է (թեև պարզ է, որ չէր արվելու)՝ կանխելու տնօրենի փոփոխությունը։ Որպես ՀՑԹԻ-ում ոչ քիչ տարիներ անցկացրած ու շատ անցքերից տեղյակ մարդ ձեզ վստահեցնում եմ, որ նման միասնականություն ու դրական մթնոլորտ ՀՑԹԻ-ում երբեք չի եղել, ով-ով, ես հո դա լավ գիտեմ։

Ըստ ամենայնի ճիշտ են պնդումները, որ նրանց հեռացնելը կապված է Վենսի այցի ու տնօրենի՝ իշխանությունների համար այդքան անցանկալի Արցախի թեմայի շուրջ զրույցով։ Ավելին, վիդեոներից դատելով նա անգամ «հանդգնություն» էր ունեցել Վենսին ուղեկցելու Ադրբեջանում հայերի կոտորածները ոգեկոչող խաչքարերի մոտ ու պատմել դրանց մասին, գիրք նվիրել (էստեղ ես սիրով կներկայացնեի Լայպցիգի մի ազդեցիկ պրոֆեսորին՝ հենց այս թեմայով ավելի բարդ իրավիճակում «համոզելու» փորձն ու հարգարժան պրոֆեսորի «գեղեցիկ» ու «մատչելի» պատասխանը, բայց չեմ կարող հանրայնացնել)։ Անձամբ ես կարծում եմ, որ Վենսի այցը ուղղակի եղել է վերջին շտրիխը, քանի որ Էդիտան ի պատիվ իրեն, միշտ բարձրաձայնել է Արցախի թեման, այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, Հայոց ցեղասպանության համատեքստում «կառուցողական» իշխանությունների համար անցանկալի այլ թեմաներ է բարձրաձայնել։ Էդիտային ազատելու պատճառը վստահաբար հուշահամալիրի շինարարությունը չի, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Նախ, շինարարությունը առաջին հերթին նախարարության վերահսկողության տակ է, բացի այդ եթե դա լիներ պատճառը, տնօրենին ազատած կլինեին դեռ անցած տարի, երբ շինարարության շուրջ աղմուկն իր գագաթնակետին էր հասել։ Ի վերջո, եթե շինարարությունը լիներ պատճառը, կարելի էր «արտակարգ և լիազոր պռարաբ» նշանակել մինչև շինարարական աշխատանքների ավարտը։ Կամ հռետորական հարց է առաջանում, շինարարության ավարտից հետո շինարարական գիտելիքներով ապագա տնօրենը լքելու՞ է իր պաշտոնը։

Էդիտան կարող է հեռանալ գլուխը բարձր։ Ավաղ, վիրավորվածության, հիասթափության ու անարդարության սարսափելի մեծ չափը դրանից հազիվ թե նվազի։

Դե ինչ, կեցցե՛ «գիտական ազատությունը», կեցցե՛ «արդյունավետ» կառավարումը, կեցցե՛ սփյուռքահայ գինտականների «արժևորումը», կեցցե՛ ՀՑԹԻ աշխատանքների ու հայաստանյան գիտության միջազգայնացման ուղղված ջանքերի «գնահատումը», կեցցե՛ ՀՑԹԻ աշխատակիցների կարծիքը «հաշվի առնելու» ձեր ձիրքը, և ի վերջո, կեցցե՛ «արդարությունը»։
Հիմա նշանակեք «արհեստավարժ» մեկի, որի միակ արժանիքը պիտի լինի «ճկունությունը» և հարմարվողականությունը։ Հակառակ դեպքում «Վենսյան սինդրոմը» կրկնվելու հատկություն ունի։

Հայկ Մարտիրոսյան ի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

2 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

3 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

3 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

3 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

3 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

3 ժամ ago