Ինչպես հայրենասերին տարբերել վախկոտ պոռոտախոսից
Thu, 12 Mar 2026 18:15:40 +0400
Արդեն երեք օր է՝ իշխանության եւ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ հրապարակային հարձակում են կազմակերպել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ, միայն այն բանի համար, որ նա համարձակություն է ունեցել ասելու, որ Հայաստանի փրկությունը միութենական պետության կազմ մտնելն է` մի կազմավորում, որը դե յուրե գոյություն չունի, միջազգային իրավունքի սուբյեկտ չէ։ Բոլորը նրան մեղադրում են Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ կատարած ոտնձգության համար, մեկը ջեբկիր է անվանում, մեկը` Փաշինյանի գործակալ, մյուսը նրա ասածը որակում է ցնդաբանություն։ Ընդ որում, սա ասում են մի մարդու հասցեին, որն իր կյանքը նվիրել է Արցախի ու Հայաստանի պաշտպանությանը, մասնակցել հայրենիքի համար մղված բոլոր պատերազմներին, եւ ասում են մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ ոչ թե մարտական գործողություններին չեն մասնակցել, այլ երեւի իրենց տան դռնից դուրս չեն եկել` շառից-փորձանքից հեռու լինելու նկատառումներից ելնելով։ Շատ ժամանակ հայրենասիրության մասին խոսելը ոչ թե հայրենասիրության, այլ դեմագոգիայի դրսեւորում է, որովհետեւ բառերը ոչ մի արժեք չունեն, երբ չեն ամրապնդվում կոնկրետ գործողություններով։
Արդյո՞ք Բալասանյանին քննադատողները նրանից ավելի հայրենասեր են կամ ավելի շատ են մտածում Հայաստանի անկախության կամ ինքնիշխանության մասին, արդյո՞ք Բալասանյանն իրոք ստրկամիտ մեկն է, որը չի ուզում Հայաստանը տեսնել անկախ եւ ինքնիշխան, այլ ինչ-որ միութենական կազմավորման մեջ։ Ինչպես արդեն ասացինք` Բալասանյանին հայրենասիրության կամ արժանապատվության բացակայության մեջ մեղադրողները նրա արածի նույնիսկ մեկ տոկոսը չեն արել հայրենիքի պաշտպանության համար, իսկ ամենակախյալ երկիրը համարվում է անպաշտպան երկիրը։ Այդ դեպքում ինչո՞ւ է Բալասանյանը նման հայտարարություն արել։ Կա երկու պատճառ՝ անցյալի փորձը եւ ապագայի նկատմամբ ունեցած մտավախությունը։
Անցյալի փորձ։ Բալասանյանը երկար տարիներ եղել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, պատերազմների՝ թշնամու կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական գործողությունների ժամանակ եղել է առաջնագծում, կազմակերպել է իրեն վստահված ռազմաճակատի պաշտպանական, մարտական գործողությունները։ 2020-2023 թվականների փորձը Բալասանյանին հանգեցրել են այն եզրակացության, որ Հայաստանն ընդունակ չէ ինքնուրույն պաշտպանել ոչ միայն Արցախի անվտանգությունը, որի երաշխավորն էր իրեն հռչակել, այլեւ հենց իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների պաշտպանությունը։ Այս դեպքում Արցախի եւ Հայաստանի տարանջատումն արհեստական է, որովհետեւ եթե Հայաստանը կարողանար պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, ապա կարող էր պաշտպանել նաեւ Արցախի անվտանգությունը, թշնամին երկու դեպքում էլ նույնն է։ Այնպես չէ, որ Հայաստանն ուժ չուներ՝ Արցախը պաշտպանելու, բայց ուժ ունի Սյունիքը կամ Գեղարքունիքը պաշտպանելու համար։ Երբ որեւէ երկիր չի կարող, ընդունակ չէ ինքնուրույն պաշտպանել իր անվտանգությունը, ունի երկու տարբերակ՝ կա՛մ հանձնվել թշնամու ողորմածությանը, կա՛մ փնտրել որեւէ այլ՝ ավելի ուժեղ արտաքին հովանավոր կամ անվտանգության երաշխավոր, որն ընդունակ կլինի պաշտպանել իրեն թշնամու ագրեսիայից։ Երկու դեպքում էլ երկիրը կորցնում է իր անկախության եւ ինքնիշխանության մի մասը, հարցն այն է, թե որքանով։ Բալասանյանը տեսնում է, որ Փաշինյանի իշխանությունն ընտրել է առաջին տարբերակը՝ հանձնվել թշնամու ողորմածությանը, եւ ըստ էության դեմ է դրան։
Ապագայի հանդեպ ունեցած մտահոգություն։ Բալասանյանն իր հարցազրույցում ասում է, որ աշխարհը փոխվում է՝ համաշխարհային պատերազմ է սկսվել, աշխարհի քարտեզը փոխվում է, եւ դա վերաբերելու է նաեւ Հայաստանին, եւ եթե մենք ճիշտ չկողմնորոշվենք, չենք փրկվի։ Ըստ Բալասանյանի, Իրանը հաղթելու է Միացյալ Նահանգներին կամ առնվազն չի պարտվելու, այն հույսերը, թե ԱՄՆ-ն հանուն ԹՐԻՓՓԻ կապահովի Հայաստանի անվտանգությունը, անիրական են, որովհետեւ Իրանին չհաղթելու դեպքում ԱՄՆ-ն կորցնելու է հետաքրքրությունն այս տարածաշրջանի նկատմամբ։ Չունենալով արտաքին երաշխավոր՝ Հայաստանն անմիջապես կդառնա Ադրբեջանի եւ Թուրքիայի համար գայթակղիչ պատառ։ Դրանից խուսափելու համար Բալասանյանն առաջարկում է շարունակել հարյուր տարի իրեն արդարացրած քաղաքականությունը եւ դառնալ միութենական կազմավորման անդամ, ավելի պարզ` շարունակել Ռուսաստանին դիտարկել որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։
Հնարավոր է, որ Վիտալի Բալասանյանը սխալվում է, հնարավոր է, որ նա մեզ սխալ ընտրություն է առաջարկում, հնարավոր է, որ Ռուսաստանը չցանկանա կամ չկարողանա դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Բայց այդ դեպքում նրան «ջեբկիր», «Նիկոլի գործակալ» կամ «ցնդած» անվանողները, վիրավորելու կամ անվանարկելու փոխարեն, ճիշտ կանեն՝ պատասխանեն երկու հարցի․ արդյո՞ք իրենք կարող են երաշխավորել Հայաստանի արտաքին անվտանգությունը, եւ եթե թշնամին հարձակվի Հայաստանի վրա, պատրա՞ստ են զենք վերցնել, գնալ ու կռվել թշնամու դեմ: Եթե իրենք պատրաստ չեն կամ բավարար ուժ չունեն դա անելու, իրենց փոխարեն ո՞վ է դա անելու, ո՞ւմ են տեսնում այդ երաշխավորի դերում: Ո՞րն է այլընտրանքը: Մյուս խոսակցությունները` անկախության, ինքնիշխանության եւ այլնի մասին, միայն ծիծաղ, ավելի ճիշտ` խղճահարություն են առաջացնում։