«Հրապարակ»․ Վրաստանը չպետք է փորձի խաղալ «մեծ միջնորդի» դեր

«Հրապարակ»․ Վրաստանը չպետք է փորձի խաղալ «մեծ միջնորդի» դեր

Fri, 13 Mar 2026 11:45:54 +0400


«Հրապարակի» զրուցակիցը վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն է։

– Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարեւոր է Վրաստանի համար, եւ որ Թբիլիսին պատրաստ է նպաստել խաղաղությանը: Ի՞նչ ձեւաչափով կարող են ձեր երկրի միջնորդական ջանքերը լինել առավել արդյունավետ։

– Ես կսկսեի շատ պարզ բանից: Վրաստանը չպետք է փորձի խաղալ «մեծ միջնորդի» դեր: Դա ո՛չ մեր գործառույթն է, ո՛չ էլ մեր խնդիրը: Սակայն Վրաստանն ունի մեկ այլ, շատ ավելի արժեքավոր առավելություն. մենք Հարավային Կովկասի բնական մասն ենք կազմում։ Հարավային Կովկասում խաղաղությունը կկառուցվի ոչ այնքան դիվանագետների, որքան տնտեսության եւ ենթակառուցվածքների միջոցով: Եվ այստեղ Վրաստանի դերը համագործակցության, լոգիստիկայի եւ առեւտրի համար պայմաններ ստեղծելն է: Երբ երկրները սկսում են միասին գումար վաստակել, հակամարտություններն աստիճանաբար կորցնում են իրենց իմաստը։

– Կոբախիձեն նաեւ ընդգծել է Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ ռազմավարական գործընկերությունը: Ձեր կարծիքով, հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ ներուժ դեռեւս չի իրացվել։

– Ներուժը հսկայական է: Եվ այն շատ ավելի լայն է, քան այսօրվա առեւտուրը կամ զբոսաշրջությունը։ Նախ, կա տրանսպորտ եւ լոգիստիկա: Հայաստանի համար վրացական ենթակառուցվածքները՝ նավահանգիստները, երկաթուղիները, տրանսպորտային միջանցքները, օբյեկտիվորեն կենսական նշանակություն ունեն: Եվ Վրաստանի համար Հայաստանը տարածաշրջանային տարանցիկ համակարգի մաս է կազմում։ Երկրորդ․ կա էներգետիկա։ Այստեղ կան համատեղ նախագծերի հնարավորություններ՝ էլեկտրաէներգիայից մինչեւ տարածաշրջանային էներգետիկ ցանցեր։ Երրորդ․ կան տեխնոլոգիաներ եւ կրթություն։ Հայաստանն այսօր ունի ուժեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, մինչդեռ Վրաստանն ունի բարենպաստ բիզնես միջավայր եւ միջազգային բացություն։ Եթե այս գործոնները համակցվեն, կարող է ի հայտ գալ իսկապես նշանակալի տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ Վերջապես, կան մարդկային կապեր։ Երկրների միջեւ միլիոնավոր ուղեւորությունները միայն զբոսաշրջություն չեն։ Դրանք տարածաշրջանի սոցիալական կառուցվածքն են, որոնք հարաբերություններն ավելի դիմացկուն են դարձնում։

– Վրաստանը վերջերս խոր­հրդանշական գին սահմանեց՝ Ադրբեջանից Հայաստան իր տարածքով մատակարարումների համար։ Ի՞նչ է նշանակում դա լայն իմաստով։ Երեւանում այս քայլը ողջունել են, իսկ Բաքուն այդ թեմայով, նախքան Վրաստանի այդ որոշումը, որոշակի նեղացածություն եւ դժգոհություն ուներ Թբիլիսիից։

– Իրականում, այստեղ կարեւորը ոչ թե սակագինն է, այլ՝ քաղաքական ազդանշանը։ Վրաստանը ցույց է տալիս, որ եթե Բաքուն եւ Երեւանը պատրաստ են համագործակցել, Թբիլիսին տարանցումը չի վերածի ճնշման կամ քաղաքական խաղերի գործիքի։ Խորհրդանշական գինը, ըստ էության, ցույց է տալիս, որ տարածաշրջանային լոգիստիկան պետք է գործի որքան հնարավոր է ազատ։ Ինչ վերաբերում է միանվագ անվճար օգտագործման հնարավորությանը, սա մի տեսակ փորձնական աշխատանք է, փորձ՝ ցույց տալու, որ նման երթուղիները կարող են գործել առանց ավելորդ խոչընդոտների։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շատ զգույշ է նման հարցերի նկատմամբ։ Բաքվի համար տարանցումը ռազմավարական հարց է։ Հետեւաբար, արձագանքը զգույշ է, եւ սա լիովին նորմալ է։

– Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Եթե հակամարտությունը ձգձգվի, ի՞նչ հետեւանքներ կարող են լինել Վրաստանի համար։

– Վրաստանի համար այստեղ հիմնական վտանգը ռազմական չէ, այլ՝ աշխարհատնտեսական։ Հարավային Կովկասը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տրանսպորտային համակարգի կարեւոր մասն է։ Իրանի շուրջ ցանկացած խոշոր անկայունություն անխուսափելիորեն ազդում է առեւտրային ուղիների, լոգիստիկայի եւ էներգետիկայի վրա։ Երկրորդ խնդիրն աշխարհաքաղաքական անկայունության աճն է։ Եթե հակամարտությունը երկարաձգվի, տարածաշրջանն անխուսափելիորեն կդառնա խոշոր տերությունների ակտիվ ներկայության տարածք։ Եվ երրորդ խնդիրը մարդասիրական է։ Մերձավոր Արեւելքում ցանկացած խոշոր պատերազմ հանգեցնում է մարդկանց տեղահանության եւ տնտեսական ու սոցիալական հետեւանքների հարեւան տարածաշրջանների համար։ Հետեւաբար, Հարավային Կովկասի բոլոր երկրների համար այսօր գլխավոր խնդիրը տարածաշրջանային կայունության առավելագույն պահպանումն է։ Իրանի շուրջ երկարատեւ անկայունությունը կարող է ազդել տարածաշրջանի ողջ զարգացման ճարտարապետության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

3 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

4 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

4 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

4 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

4 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

4 ժամ ago