Այս իշխանության քաղաքական շրջանը մոտենում է ավարտին
Fri, 13 Mar 2026 12:21:33 +0400
Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ հաջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։ Կառավարության շենքի մոտ անցկացված ակցիայի ընթացքում կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հայտարարեց, որ Հայաստանի բանտերում, իրենց գնահատմամբ, գտնվում են բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, իսկ որոշ անձինք էլ պահվում են տնային կալանքի տակ։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ և նրա վախերով։
Միքայելյանը նշեց, որ գործող վարչապետը, ըստ իրենց գնահատականի, վախենում է հասարակությունից և իր պաշտոնը կորցնելու հավանականությունից, ինչի պատճառով փորձում է սահմանափակել մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորությունը։ Նա վստահեցրեց, որ մոտ ժամանակներում Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չեն լինելու և երկրում պետք է հաստատվի այնպիսի համակարգ, որտեղ կպաշտպանվեն քաղաքացիների հիմնարար իրավունքները, իսկ մարդիկ չեն ենթարկվի հետապնդման իրենց կարծիքը արտահայտելու համար։
Նա նաև ընդգծեց, որ իրենց պատկերացմամբ ապագա Հայաստանում պետք է հարգվի Հայ Առաքելական եկեղեցին և հոգևորականների արժանապատվությունը։ Միքայելյանի խոսքով՝ ներկայիս իշխանության քաղաքական շրջանը մոտենում է ավարտին։