Մերժելի են Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Մերժելի են Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Fri, 13 Mar 2026 16:04:53 +0400


Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
_______
Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին գումարված եպիսկոպոսական հավաքի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։

ԳՀԽ-ն գոհունակությամբ արձանագրեց, որ հավաքին մասնակից եպիսկոպոսները աղոթական միության մեջ քննարկել են Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր և ձևակերպել են մի շարք առաջարկություններ՝ ի նպաստ Եկեղեցու կյանքի կազմակերպման ու առկա խնդիրների հաղթահարման։ ԳՀԽ-ը որոշեց կարելին ի գործ դնել հետամուտ լինելու խնդիրների կարգավորմանը՝ ընդգծելով, որ եկեղեցական կյանքում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինական ու եկեղեցական-կանոնական ճանապարհով։

Մասյացոտնի թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նշվեց, որ կարգալույծ եղած Արման Սարոյանը իշխանության մարմինների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։ Միաժամանակ արձանագրվեց, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է հովվական ծառայությունը՝ հավատարիմ մնալով եկեղեցական կարգաց և կանոնաց։
Եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ապօրինի ազատազրկված և այլ խափանման միջոցների ենթարկված եկեղեցականների նկատմամբ նախաձեռնված քրեական, վարչական, քաղաքացիական գործերի ընթացքի, կայացված դատական ակտերի և դրանց վիճակագրության վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին ի․գ․դ. տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորելով Եկեղեցու իրավունքների և ինքնավարության, արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների հարգման ու պահպանության հրամայականը՝ դատապարտեց ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեության արհեստական խոչնդոտների ստեղծման, սահմանափակման և եկեղեցական կյանքին ապօրինի միջամտությունների փորձերը։

Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց արծարծումը դիտվում է իբրև հարմար պատրվակ հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար։ Արձանագրվեց, որ նման նախաձեռնությունները խաթարում են Եկեղեցի-պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը, մասնավորապես՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը։

ԳՀԽ-ն մերժելի նկատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026թ. մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։
2026թ․ սեպտեմբեր ամսին նախատեսվող Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման, օրակարգի և կազմակերպչական հանձնախմբի ձևավորման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Վերջինս ժողովականներին ներկայացրեց կատարված նախապատրաստական աշխատանքները և ժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն ու առաջարկությունները։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների, առաջացած խնդիրների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։ ԳՀԽ հաստատեց, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը, որոնցով ամրագրված է հոգևոր սպասավորների ծառայությունը ԶՈՒ-ում։ Կարևորելով գնդերեցների ծառայության նշանակությունը բանակի հոգևոր և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում՝ անհրաժեշտ նկատվեց, որ քննարկվեն ծառայության նոր կարգավորումները և դրանք օրինական հարթություն վերադարձնելու ուղիները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատություններում ուսումնակրթական կյանքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։

Ժողովականները շնորհակալությամբ ունկնդրեցին զեկույցը։ Կարևորելով հոգևորականների պատրաստության ու հոգևոր կրթության զորացմանն ուղղված աշխատանքները՝ թելադրեցին շարունակել հետևողական քայլեր ձեռնարկել ուսումնական ծրագրերի բարելավման և նոր ուսանողների ներգրավման ուղղությամբ։

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան, Մայր Տաճարի շինարարության ավարտական հաշվետվությունները և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Ներկայացվեցին նաև 2025թ․ Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացված հոգևոր-քարոզչական, մշակութային, կրթական և սոցիալական ծրագրերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին

Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին Tue, 21 Apr 2026 03:00:21 +0400 Հունգարիան կկատարի…

1 ժամ ago

Ինտրիգը մնում է․ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում դեռ չունի

Ինտրիգը մնում է․ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում դեռ չունի Tue, 21 Apr 2026 02:00:17…

2 ժամ ago

Նոր գործ են հարոցել․ արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս

Նոր գործ են հարոցել․ արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս Tue, 21 Apr 2026 01:02:34 +0400…

3 ժամ ago

Պատերազմից 52 օր անց․ Իրանը վերսկսում է քաղաքացիական չվերթները

Պատերազմից 52 օր անց․ Իրանը վերսկսում է քաղաքացիական չվերթները Tue, 21 Apr 2026 01:00:59 +0400…

3 ժամ ago

Հորմուզը պետք է բացվի՛․ Ծինփինի դիրքորոշումը հայտնի է

Հորմուզը պետք է բացվի՛․ Ծինփինի դիրքորոշումը հայտնի է Tue, 21 Apr 2026 00:00:52 +0400 Հորմուզի…

4 ժամ ago

Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում

Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում Mon, 20 Apr 2026 23:55:09 +0400 Գերմանիայում հատուկ նշանակության…

4 ժամ ago