Ո՞վ է ղեկավարում Հայաստանի արտաքին հետախուզությունը

Ո՞վ է ղեկավարում Հայաստանի արտաքին հետախուզությունը

Fri, 13 Mar 2026 18:15:14 +0400


Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կառավարման մարմինները, առանց բացառության, վերածել է նախընտրական պայքարի գործիքների, դրանց գործունեությունն ուղղված է միայն ռեժիմի վերարտադրությանը: Նույնիսկ այնպիսի կառույց, ինչպիսին Արտաքին հետախուզության ծառայությունն է, օգտագործվում է քաղաքական հակառակորդների դեմ պայքարում, թերեւս նաեւ այն պատճառով, որ այլ նպատակի չի էլ կարող ծառայել:
Մարտի 11-ին ԱՀԾ-ն մի հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «ԱՀԾ-ն հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»:

Հայտարարությունը հնարավորինս անորոշ է` ո՛չ երկրի անունն է հայտնի, ո՛չ հատուկ ծառայության, ո՛չ էլ կոնկրետ անձանց, թե ով ում վրա է ճնշում գործադրում, հանուն որ ուժի: Բայց բոլորը հասկացան, թե Փաշինյանի ասածն ինչ է:
ԱՀԾ հաղորդագրությունը լրացրեց` մանրամասնեց փաշինյանական ռեժիմի հաստիքային քարոզիչ Դանիել Իոաննիսյանը, որը հարցազրույց տալով հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է իշխանափոխություն իրականացնել եւ այդ նպատակով ФСБ-ի` Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության միջոցով ճնշում գործադրելով հայ գործարարների վրա` փորձում է Ռուսաստանից շուրջ 80 հազար ընտրող բերել Հայաստան, հոգալով նրանց տեղափոխման ծախսերը, եւ յուրաքանչյուրին 100 հազար ռուբլի ընտրակաշառք է խոստանում: Իոաննիսյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են դատախազություն` ընդդեմ Ռուսաստանի ФСБ-ի քրեական գործ հարուցելու համար: Լրագրողի հարցին, թե ինչ կարող է անել դատախազությունն օտար երկրի հատուկ ծառայության դեմ, Իոաննիսյանը հուշեց կամ հրահանգեց, որ կարող են Հայաստանում ФСБ-ի գործողություններին աջակցողներին քրեական հետապնդման ենթարկել, Հայաստանի տարածքում հանցագործության խափանմանն ուղղված քայլեր անել` ընտրություններին ապօրինի միջամտությունը կանխել: Ստացվում է, որ գործը հարուցվելու է ոչ թե ՌԴ ԱԴԾ-ի, այլ դրա գործունեությանն աջակցողների դեմ, իսկ այդպիսին կարող է հռչակվել ռեժիմի ցանկացած քաղաքական հակառակորդ կամ մրցակից:

Բացի դատախազությունից, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու մասին հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ Քննչական կոմիտեն: ՔԿ հաղորդագրությունից էլ պարզ դարձավ, որ Կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում կա ընտրական հանցագործությունների քննության վարչություն: Երեւի աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ կա ընտրական հանցագործությունների քննության վարչություն, որի միակ գործունեությունն իշխանության քաղաքական հակառակորդների դեմ քրեական գործեր սարքելն ու վերջիններիս չեզոքացնելն է: Այս քրեական վարույթի իմաստն էլ այն է, որ իբրեւ թե փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների ղեկավարները, համագործակցելով այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող գործարարների հետ, նպատակ ունեն խոչընդոտել քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը:

Եթե մի կողմ դնենք իրավական ձեւակերպումները, այս թատոնի իմաստը հետեւյալն է. ՌԴ հատուկ ծառայությունները Ռուսաստանում ապրող հայ գործարարների միջոցով փորձում են կաշառել ՌԴ-ում ապրող՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 80 հազար ընտրողներին, նրանց ցամաքային եւ օդային ճանապարհով ուղարկել Հայաստան, որ նրանք մասնակցեն ընտրություններին, քվեարկեն ընդդիմադիր կուսակցության օգտին, դրանով նպաստեն Փաշինյանի պաշտոնազրկմանը:

Իրականում, այս ամենը Նիկոլ Փաշինյանի եւ նրա ռեժիմի վախերի արդյունք է, ուրիշ ոչինչ: Փաշինյանը եւ իր թիմը վախենում են իշխանությունը կորցնելուց, դրա հետեւանքներից եւ փորձում են ամեն կերպ կանխել ընտրությունները կամ դրանց օրինական ընթացքը: Դատեք ինքներդ․ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների թիվը եղել է 2 միլիոն 595 հազար, 80 հազար ընտրողը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 3 տոկոսը: Եթե անգամ վերցնենք ընտրության մասնակիցների թիվը` 2021-ին եղել է 1 միլիոն 282 հազար, այդ թվի մեջ էլ 80 հազարը կազմում է մոտ 6 տոկոս: Եթե անգամ հավատալու լինենք Իոաննիսյանի եւ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայություն կոչվող մարմնի տեղեկություններին, եթե հավատալու լինենք, որ ռուսահայ գործարարները կարող են մոբիլիզացնել 80 հազար հայ ընտրողի եւ նրանց ուղարկել Հայաստան, եւ եթե հավատանք, որ նրանք՝ բոլորն էլ կքվեարկեն ըստ իրենց տրված ցուցումի, ապա, միեւնույն է, ստացվում է, որ Հայաստանի իշխանության ճակատագիրը կախված է ընտրական իրավունք ունեցողների 3 տոկոսից, այդ 3 տոկոսն է որոշելու ընտրության արդյունքը, այդ 80 հազարը եւ ոչ թե մնացած 2,5 միլիոն ՀՀ ընտրողներն են որոշելու Հայաստանի իշխանության հարցը:

Ինչո՞ւ է իշխանությունը գնում նման ավանտյուրայի, եւ ի՞նչ հետեւանքների կարող է դա հանգեցնել: Իշխանությունը կարող է ընտրություններին նախորդող մեկ ամիսը փակել Հայաստան-Ռուսաստան օդային եւ ցամաքային սահմանը եւ ՀՀ քաղաքացիներին ու օտարերկրացիներին զրկել ազատ տեղաշարժի իրավունքից: Կարող է այդ հիմքով` օտարերկրյա պետության կամ նրա հատուկ ծառայության կողմից Հայաստանի ընտրական պրոցեսին միջամտության հիմքով կասեցնել որեւէ կուսակցության կամ կուսակցությունների գրանցումը կամ արգելել մասնակցությունն ընտրություններին, անգամ կարող է չեղարկել ընտրությունները` հայտարարելով, որ մտավախություն ունեն, թե օտար պետությունը եւ նրա հատուկ ծառայությունը պատրաստվում են ընտրությունների քողի տակ կամ ընտրություններն օգտագործելով, Հայաստանում հեղաշրջում իրականացնել: Կարող են այս մանիպուլյացիան օգտագործել երկրում տեռոր եւ ապօրինություններ իրականացնելու համար` կալանավորել հարյուր, հազարավոր մարդկանց, ինչպես Իոաննիսյանն է ասում` ԱԴԾ գործունեությանն օժանդակելու մեղադրանքով:
Մի բան պարզ է. Փաշինյանը եւ նրա ռեժիմը հասկացել են, որ արդար եւ մրցակցային ընտրություններով իրենք հաղթելու եւ իշխանություն պահելու ոչ մի շանս չունեն, միակ հույսը մնացել են կեղծիքը, բռնությունը եւ ապօրինությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուր են տարել Կարապետյանի աջակիցներին

Ուր են տարել Կարապետյանի աջակիցներին Fri, 13 Mar 2026 20:01:20 +0400 Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում…

5 րոպե ago

Ալի Խամենեիի այրին ողջ է մնացել

Ալի Խամենեիի այրին ողջ է մնացել Fri, 13 Mar 2026 20:00:41 +0400 Ամերիկա-իսրայելական հարձակման հետեւանքով…

5 րոպե ago

Սփյուռքը գալիս է կարոտով, իշխանությունը դիմավորում է կասկածով

Սփյուռքը գալիս է կարոտով, իշխանությունը դիմավորում է կասկածով Fri, 13 Mar 2026 19:45:03 +0400 Իշխանական…

21 րոպե ago

Կարևոր տեղեկատվություն՝ ընտրողների համար

Կարևոր տեղեկատվություն՝ ընտրողների համար Fri, 13 Mar 2026 19:37:40 +0400 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի…

28 րոպե ago

Կիեւին մատակարարումները կատարվում են խափանումներով

Կիեւին մատակարարումները կատարվում են խափանումներով Fri, 13 Mar 2026 19:30:39 +0400 Միացյալ Նահանգները առաջիկայում առաջնահերթ…

35 րոպե ago

Քաշքշուկ, լարված իրավիճակ. ինչպես են բերման ենթարկում Սամվել Կարապետյանի աջակիցներին

Քաշքշուկ, լարված իրավիճակ. ինչպես են բերման ենթարկում Սամվել Կարապետյանի աջակիցներին Fri, 13 Mar 2026 19:25:14…

41 րոպե ago