Ափսոս է Հայաստանը
Sun, 15 Mar 2026 18:45:00 +0400
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Սիրելի տիտղոսային ընդդիմությու՛ն
Ձեզ ուղղված քննադատության ու հորդորների, զգուշացումների ու հուշումների միակ և անշահախնդիր պատճառը ո՞րն է:
Պատճառն այն է, որ դուք նախ ձախողել եք Նիկոլին հեռացնելու ձեր ՄԻԱԿ առաքելությունը, ու հիմա կա թափանցիկ վտանգ, որ նորովի անելու եք նույնը՝ վտանգելով արդեն բուն Հայաստանի վաղվա գոյությունը:
Ձեր ամենամեծ սխալը, եթե ամեն ինչ հատուկ դիտավորությամբ չեք անում, նրանում է, որ դուք չեք հասկանում կամ անգամ Հայաստանը վարի տալու գնով չեք ուզում համակերպվել օբյեկտիվ իրականության հետ: Որ աշխարհն ու ժամանակները փոխվել են, որ երկրում հեղափոխություն է եղել՝ ինքնության, իմաստների, արժեքների, հերոսների, հաղորդակցության հեղափոխություն:
Կոմպլեքսավորվելու կարիք չկա՝ ձեր համառ չիմացությունն արատ չէ, դա տգիտության արդյունք չէ: Ոչ մի իշխանություն պատմության մեջ, ի հեճուկս սեփական կամքի, երբեք չէր կորցնի այն, եթե թույլ չտար միևնույն սխալը՝ հասկանար ժամանակների փոփոխությունը:
Սա լավի ու վատի, արժանիի ու անարժանի հարց չէ: Վոլգան էլ իր ժամանակին շատ լավ մեքենա էր, բայց էլեկտրոմոբիլների մեր ժամանակներում այն պահանջարկված չէ: Ու մեղավորը հեչ Վոլգան չէ:
Էլ ո՞նց կարելի է արտահայտվել: Էլ ո՞նց:
Հ.Գ. Դուք, իրոք, ոչ թե ընթացող կինոն եք սխալ հասկանում, այլ դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում: Քայլ արեք, քանի դրա սուղ ժամանակը կա: Հետո ո՛չ ձեզ ուղղված նման քննադատությունները ու ո՛չ էլ ձեր արդարացումները գրոշ չեն արժենալու:
Ափսոս է Հայաստանը»: