Մանկական այգի, ժանգոտած ռելսեր, մոլախոտի մեջ կորած տարածք

Մանկական այգի, ժանգոտած ռելսեր, մոլախոտի մեջ կորած տարածք

Tue, 17 Mar 2026 16:15:37 +0400


Մի քանի շաբաթ առաջ «Հրապարակ» օրաթերթը հարցում էր ուղարկել Լոռու մարզի մի շարք համայնքների ղեկավարներին՝ պարզելու, թե ինչ աշխատանքներ են կատարվում համայնքային զբոսայգիներում՝ ոչ միայն մաքրության ու բարեկարգման, այլեւ քաղաքացիների հանգիստն ու ժամանցը կազմակերպելու ուղղությամբ։ Մենք արդեն անդրադարձել ենք, որ Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի համայնքներից ստացել ենք հիմնականում ձեւական պատասխաններ, որտեղ խոսվում է միայն մաքրման ու ծառատունկի մասին։
Ստացանք նաեւ Վանաձորի համայնքապետարանի պատասխանը։ Ըստ այդմ՝ համայնքում զբոսայգիների եւ պուրակների սպասարկումն իրականացնում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ-ը։

Նշվում է, որ ամենօրյա սանիտարական մաքրման աշխատանքներ են կատարվում Հայքի հրապարակում, Քիմիագործների այգում, Սայաթ-Նովայի անվան եւ մի շարք այլ պուրակներում։ Տարվա ընթացքում իրականացվում են շաբաթօրյակներ, էտվում են ծառերը, տարբեր ծրագրերով բարեկարգվում են որոշ տարածքներ։ Ամռան եւ աշնան ամիսներին այգիներում կազմակերպվում են ցուցահանդեսներ, որոնք ուղեկցվում են երաժշտական կատարումներով, երիտասարդ DJ-ների նախաձեռնությամբ բացօթյա համերգներ են կազմակերպվում, նաեւ՝ բացօթյա կինոդիտումներ, լուսանկարչական ցուցահանդեսներ։ Սակայն չեն նշվում կոնկրետ ծրագրեր, դրանց անցկացման ժամանակացույցը, պատասխանատուները, մեխանիզմները, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն հանդիսատես լինել, այլ նաեւ մասնակցել այդ նախաձեռնություններին։ Մինչդեռ քաղաքային այգին պետք է լինի քաղաքի մշակութային եւ հասարակական կյանքի կենդանի կենտրոններից մեկը։ Մարդիկ պետք է ոչ միայն նստեն նստարաններին կամ քայլեն ծառուղիներով, այլեւ մասնակցեն տարբեր նախաձեռնությունների՝ գրական երեկոների, ասմունքի մրցույթների, մանկական ներկայացումների, բացօթյա համերգների, ֆիլմերի ցուցադրությունների կամ ստեղծագործական հանդիպումների։

Օրերս շրջեցի մի քանի զբոսայգիներում։ Ցավոք, տեսածս մխիթարական չէ։ Քիմիագործների այգին, ինչպես նաեւ նախկին Երկաթուղայինների՝ այժմ Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգին ակնհայտորեն ունեն մաքրության եւ բարեկարգման խնդիրներ։ Այստեղ դեռ մեծ աշխատանք կա կատարելու՝ թե՛ տարածքների մաքրման, թե՛ ընդհանուր տեսքի բարելավման ուղղությամբ։ Ավելի վատ պատկեր է քաղաքի գլխավոր՝ Սայաթ-Նովայի անվան մանկական այգում, որը դեռ անցյալ տարի հիմնանորոգվել է եւ հանդիսավորությամբ բացվել։ Այգու հեռավոր ծայրին, Աբովյան փողոցի հարեւանությամբ մի հսկայական փոս է բացվել։

Ենթադրություններ կան, թե տարածքը տրամադրել են որեւէ շինարարության համար։ Եթե այդպես է, ստացվում է, որ այգու առանց այդ էլ փոքրացած ու փոքրացող տարածքում կարող է հայտնվել եւս մեկ շինություն՝ լրացնելով արդեն գոյություն ունեցող տարբեր ոճերի ու գույների, այգու հետ անհամատեղելի կառույցների շարքը։ Նույն հատվածում կարելի է տեսնել ավերակ մանկական կարուսելներ՝ ժանգոտած մետաղական կառուցվածքներով եւ կոտրված թեւերով։ Մոտակայքում դեռ պահպանվել են մանկական գնացքի ժանգոտած գծերը, վագոններն ու էլեկտրաքարշը։ Այս ամենը՝ մոլախոտի մեջ խեղդված, որն ավելի շուտ հիշեցնում է լքված տարածք, քան վերջերս վերանորոգված մանկական այգի։ Նման վայրերը հաճախ դառնում են թափառող շների ապաստարան։ Այգում կա նաեւ գեղեցիկ լճակ, սակայն անցած ամառ, նույնիսկ շոգ օրերին, այն ջրով չլցվեց։ Ուստի հարց է ծագում․ արդյո՞ք բավարար է միայն մաքրել այգիները եւ երբեմն կազմակերպել մեկ-երկու միջոցառում։

Հիշեցնենք, որ ոչ այնքան հեռավոր անցյալում մեր քաղաքների զբոսայգիները շատ ավելի աշխույժ էին։ Այստեղ կազմակերպվում էին գրական եւ երաժշտական, պարի երեկոներ, ասմունքի մրցույթներ, մանկական ներկայացումներ, ցուցահանդեսներ, բացօթյա կինոդիտումներ։ Մարդիկ ոչ միայն դիտում էին այդ միջոցառումները, այլ նաեւ մասնակցում էին դրանց։ Ձեւավորվում էր համայնքային մշակութային կյանքը։ Ինչո՞ւ չվերականգնել ավանդույթներն ու չվերադառնալ նախկին փորձին։ Քաղաքային այգիները չպետք է պարզապես ծառերի եւ նստարանների հավաքածու լինեն։ Դրանք քաղաքի մշակութային եւ հասարակական կյանքի կարեւոր հայելին են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Sat, 01 Aug 2026 23:45:30 +0400…

3 ժամ ago

Մահացել է Ռենե Օրտիսը

Մահացել է Ռենե Օրտիսը Sat, 01 Aug 2026 23:30:32 +0400 Մահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր…

4 ժամ ago

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա» Sat, 01 Aug…

4 ժամ ago

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին Sat, 01 Aug 2026…

4 ժամ ago

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է Sat, 01 Aug 2026 22:44:54 +0400 Գագիկ Ղազինյանն…

4 ժամ ago

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի Sat, 01 Aug 2026 22:26:08 +0400 8-րդ…

5 ժամ ago