«Հրապարակ». ԵՄ-ն Վրաստանում էլ էր ինչ-որ բան ուզում փրկել, բայց չստացվեց
Wed, 18 Mar 2026 08:45:52 +0400
Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, իշխանության խուճապն ու անհանգստությունը` իշխանությունը կորցնելու հետ կապված, այլեւս հնարավոր չէ քողարկել, եւ այս նպատակով Փաշինյանը ձեռքերը ծալած չի նստում։ Երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման խումբ է պատրաստվում ուղարկել Հայաստան՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ սպառնալիքներին դիմակայելու համար։ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն է այս մասին հայտարարել՝ նշելով, որ ԵՄ-ն դրանով ընդառաջել է Հայաստանի խնդրանքին։ «Հարեւանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարեւոր: Մենք Հայաստանին մենակ չենք թողնի՝ բախվելու արտաքին միջամտության հետ: Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- ասել է նա։ Որոշ տեղեկություններով, արտգործնախարար Արարատ Միրզոյանն է Բրյուսելին խնդրել՝ արագ արձագանքման խումբ ուղարկել Երեւան։
Հիշեցնենք․ անցած դեկտեմբերին Բրյուսելից հայտնել էին նաեւ, որ պատրաստվում են 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Երեւանին, որ օգնեն՝ «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվությանը»։ Հիմա, փաստորեն, Երեւանն է դիմել աջակցության խնդրանքով, ինչը մեկ բանի մասին է միայն վկայում․ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ չունի հանրային աջակցություն, եւ փորձում է վերարտադրվել կեղծ վտանգներ բեմականացնելով եւ այդ հողի վրա Արեւմուտքի աջակցությունը ստանալով: Այսինքն, Հայաստանում փորձում են մոլդովական սցենարը կիրառել։
ԵՄ խումբը Հայաստան գալու դեպքում հիմնականում ԿԸՀ-ի հետ կաշխատի, կփորձեն կեղծ փաստարկներով կասեցնել այս կամ այն ուժի մասնակցությունն ընտրություններին։ Զուգահեռ, նաեւ ՀՀ իրավապահներին «քսի կտան» ընդդիմադիրների վրա, որի «հրահանգը» Փաշինյանը տվեց օրերս՝ Կապանում ներկուսակցական քարոզարշավի ընթացքում։ «Էսօր ձեւավորվող, կոնսոլիդացվող ընդդիմությունը, ըստ էության, հարյուր տոկոսով օտարերկրյա էմիսարներ են, մարդիկ եկել են՝ իրենց հայրենիքում ներկայանում են որպես օտար շահերի ներկայացուցիչ ու խոսում են արժանապատվությունից»,- մարտի 15-ին Կապանում քաղաքացիների հետ ունեցած զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչպե՞ս են արտաքին ուժերը միջամտում Հայաստանում ընտրություններին։ Սա ծանր մեղադրանք է, որն առաջին անգամ չի հնչում իշխանականների շուրթերից, եւ իրավական նորմալ պետություններում նման հայտարարություններից հետո պետք է հաջորդեր իրավական գործընթաց, բացահայտվեր կամ ժխտվեր օտար պետությունների գործակալների գոյությունը։ Գուցե հիմա՝ ընտրություններին ընդառաջ, ականատես լինենք իրավապահների գործողություններին եւ բռնաճնշումներին, եւ այդ սցենարը չեն բացառում նաեւ իշխանականները։
Ի վերջո, ի՞նչ զարգացումներ են սպասվում նախընտրական շրջանում ԵՄ աջակցության ֆոնին, եւ արդյոք Հայաստանում հնարավո՞ր է կիրառել մոլդովական սցենարը։ Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ճանապարհով է շարժվում․ «Ինձ համար պարզ է այն սցենարը, որ խաղարկվելու է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ ես ասել եմ եւ պնդում եմ իմ տեսակետը, որ եթե Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում մարդ էլ ուտի ուղիղ եթերում, Արեւմուտքը դա համարելու է ժողովրդավարությունը փրկելու անձնազոհ քայլ ու զոհաբերություն, եւ դեռ մի բան էլ դատապարտելու ենք այն քաղաքական գործչին կամ ուժին, որ այս ռեժիմը փորձելու է ուտել։ Իրենք կրկնելու են Մոլդովայի սցենարը, եւ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կարող են ալտերնատիվ ներկայացնել այս ռեժիմին, վերջին պահին, որ քաղաքական դաշտը չհասցնի վերադասավորվել, հանվելու են ընտրական ցուցակից, եւ որեւէ արձագանք, որեւէ դատապարտող ձայն ոչ միայն Արեւմուտքից չի լինելու, այլեւ չի լինելու իբր Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ սանձազերծած Ռուսաստանից, որի դեմ պայքարելու համար ԵՄ-ն պատրաստվում է դեսանտ իջեցնել Հայաստանում։ Ի վերջո, հիշենք Փաշինյանի վերջին ելույթը ԵԽԽՎ-ում, որով դաբրո խնդրեց, եւ ծափահարությունները փաստեցին, որ այդ դաբրոն կա»։
Զոհրաբյանը միեւնույն ժամանակ հիշեց, որ Արեւմուտքը նույնն էր փորձում անել նաեւ Վրաստանում, որը չստացվեց։ «ԵՄ-ն նույնկերպ ինչ-որ բաներ ուզում էր փրկել նաեւ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ ԵՄ-ն Վրաստանում ինչ-որ բաներ փրկելու համար ծախսել է 50 մլն դոլար, բնականաբար, Իվանիշվիլու ուժին հաջողվել է թույլ չտալ, որ սրանք ինչ-որ բան փրկեն»,- ասում է, նաեւ հավելում՝ մեզ մոտ էլ կա փրկության մի ճանապարհ։ «Դա համաժողովրդական ընդվզումն է, որ հարյուր հազարավոր հոգի լինեն փողոցում, բայց ես չեմ տեսնում այդ ուժը, որն աշխատում է այդ ուղղությամբ, որը մտածում է այդ ուղղությամբ, կամ որին հետաքրքրում է այդ ուղին։ Փոխարենը՝ ես տեսնում եմ քաղաքական ուժեր, որոնց նպատակն առ այս պահը ընդամենը ապագա՝ Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան խորհրդարանում ընդդիմություն աշխատելն է»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխության նպատակ չունի, եւ որ նրան ընդամենը ռուսական ուժեր են պետք՝ խորհրդարանում բալանս ապահովելու համար։