«Հրապարակ». Համատարած դիլետանտիզմ, աբսուրդ ու անգրագիտություն է տիրում
Wed, 18 Mar 2026 09:15:11 +0400
Մինչ ամեն օր մեր աչքի առաջ տարբեր հանցագործություններ՝ դաժան սպանություններ, հրազենային հարձակումներ, ծեծ ու խոշտանգումներ են տեղի ունենում, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հ1-ում հայտարարում է, որ հանցավորությունը երկրում նվազել է 3.2 տոկոսով, եւ մեդիային է մեղադրում, թե դա «միջազգայնորեն հայտնի մեդիա-տեխնոլոգիա է, երբ հանրության շրջանում անհանգստության եւ քաոսի մթնոլորտ ստեղծելու համար տեղեկատվական դաշտում սկսում են ավելի ակտիվորեն գեներացվել նման խոսակցություններ»։
«Քլիքաբեր մեդիա-լուրերը, բնականաբար, տարածվում են։ Այս պահին մեդիայում էլ կան տարբեր ալգորիթմներ, որոնք թույլ են տալիս ավելի մեծ տարածում ունենալ այնպիսի վերնագրերով հրապարակումներին, որոնք կարող են հուզական որոշակի էմոցիաներ առաջացնել մեր քաղաքացիների մոտ»,- ասել է նա եւ ընդգծել, որ սա հատուկ է արվում՝ նախընտրական փուլում իշխանություններին վնասելու համար։
Զրուցել ենք Երեւանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ։
– ՆԳ նախարարը մեղադրում է մեդիային, թե իբր լրագրողներն են ուռճացնում հանցավորության ցուցանիշները, որ թույլ չտան ՔՊ-ի վերընտրությունը։ Սակայն անզեն աչքով երեւում է, որ Հայաստանը փոքրիկ Սիցիլիա է դարձել, որտեղ ամեն օր լսում ենք տարաբնույթ սպանությունների, գողության դեպքերի, ինքնասպանությունների ու ավտոպատահարների մասին։ Ի վերջո, ինչո՞ւ է Արփինե Սարգսյանը փորձում իրականությունը խեղաթյուրել։
– Ակնադիտական եղանակով էլ միայն, առանց իրենց մանիպուլյատիվ վիճակագրական տվյալների, ակնհայտ է, որ Հայաստանում իսկապես կա հանցավորության զգալի աճ։ Թե հիմա նախարարն ինչ կասի եւ ինչպիսի մանիպուլյացիաների կդիմի, էական չէ։ Ես չեմ զարմանում սրանց ոչ մի հայտարարությունից։ Գործ ունենք մի իշխանության ներկայացուցչի հետ, որը պնդում է՝ Արցախը հանձնելով անկախություն ստացանք։ Նման ցնդաբանություններից հետո կարելի է լսել ցանկացած ցնդաբանություն՝ հասկանալով, որ այս իշխանությունների պարագայում լրիվ բնական երեւույթ է ցնդաբանելը։ Այս մարդիկ բոլոր հնարավոր եւ անհնար սահմանները հատել են, ստերի, հորինվածքների ռեկորդակիր են, նախարարը կարող է ինչ ասես խոսել, բայց իրականությունն այլ է։ Այս մարդիկ սուտ ասելու մեջ մասնագիտացել են։ Ստով, շոուներով կարծում են, թե կարող են հասարակությանը խաբել, մանիպուլացնել, ես չգիտեմ, թե այդ մեթոդը դեռ որքան կաշխատի, բայց քանի դեռ այն կենսունակ է, իրենք դրանով են առաջնորդվում։ Յուրաքանչյուր տրամաբանող քաղաքացի ամեն ինչ տեսնում է, տեսնում է, թե օրվա, շաբաթվա, ամսվա կտրվածքով որքան հանցագործություններ են տեղի ունեցել, բոլորս ենք տեսնում, թե իրավապահ մարմիններն ինչ որակի աշխատանք են կատարում։ Իրավապահների աշխատանքը, հատկապես՝ ոստիկանների, խայտառակություն է։ Ոստիկանները հասել են նրան, որ արդեն տուժողներին են ծեծի ենթարկում, որպեսզի բացահայտեն հանցագործությունը։ Այսինքն՝ այն կետին ենք հասել, որ ոստիկանը հանցագործին ու տուժողին իրարից չի տարբերում։ Այ, այսպիսի անհուսալի վիճակում է այդ համակարգը։ Այդ մասին շատ է խոսվում, քանի որ այն առավել, քան երբեւէ, ակնառու է, ուստի նախարարի խոսքերը ոչ մի արժեք չունեն, ոչ մեկին հավատ չեն ներշնչում։ Ինչ վերաբերում է իրենց հրապարակած վիճակագրական ցուցանիշներին, ապա դրանք բնավ ոչ մի ժամանակահատվածում էլ իրականությունը չեն արտացոլել, քանի որ այդտեղ մանիպուլյացիաների դիմելու մի շարք կետեր կան։ Կան հնարքներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում իրական շարժընթացը ցույց տալուց խուսափելը։ Ուղղակի հոգատարություն է պետք այս ոլորտում, ինչպես որ ցանկացած ոլորտում, որպեսզի պատկերը հուսադրող դառնա։
– Ի՞նչն է պատճառը, որ հանցավորությունն այս տեմպերով աճում է, եւ երեկոյան ժամերին քաղաքում միայնակ զբոսնելն արդեն դառնում է վտանգավոր։
– Պատճառը համատարած դիլետանտիզմն է եւ ոչ պատշաճ կադրերի նշանակումը։ Շփվում ենք իրավապահների հետ, տեսնում ենք նրանց աշխատանքը։ Չի կարելի ասել, թե նախկինում բոլորը եղել են տաղանդավոր, չէ, բայց անցյալում կար ե՛ւ լավը, ե՛ւ վատը, բայց հիմա համատարած խայտառակություն, դիլետանտիզմ, աբսուրդ ու անգրագիտություն է տիրում։ Այս ամենի հետեւանքները շատ ծանր են ու ծանր են լինելու։ Ես չգիտեմ, թե այս պատկերն ինչպես պետք է հաղթահարվի։ Ճիշտ, առողջ սերնդափոխություն տեղի չի ունենում, օպերլիազորներն անգամ տարրական գրագիտություն չունեն, ես դեպքեր գիտեմ, որ օպերլիազորը նույնիսկ տեղեկանք կազմել չգիտի։ Նախկինում էլ դժգոհում էինք նրանց աշխատանքից, բայց այն տարիների համեմատությամբ սրանց գրագիտությունն ուղղակի անհամեմատելի է, սրանք բացարձակ անգրագետներ են։ Ես բազմիցս փորձել եմ հասկանալ, թե այս մարդիկ, վերջիվերջո, ինչի են տիրապետում, ինչի են ընդունակ, պարզվել է, որ անգամ մի ձերբակալման արձանագրություն, օրենքի պահանջներին համապատասխան, չեն կարողանում կազմել։ Այս իրավիճակում կա նաեւ մեկ այլ օբյեկտիվ պատճառ՝ իշխանության բացթողումները, օրինակ՝ պարեկային ծառայության ներդրումը։ Երբ այդ համակարգը ներդրեցին, պարեկներին երկու գործառույթ տվեցին՝ հանցագործությունների դեմ պայքար, ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Արդյունքում՝ օպերատիվ բլոկը կրճատվեց, իբրեւ թե պարեկային ծառայությունը կարողանում է զբաղվել երկու գործով էլ, սակայն մենք տեսնում ենք, որ պարեկները եւս գրագետ չեն, դրան էլ գումարած՝ կա քանակի խնդիր։ Այսինքն՝ պարեկային ծառայությունն այժմ չի կարողանում նույնիսկ ճանապարհատրանսպորտային իրավիճակը վերահսկել, էլ ուր մնաց՝ հանցագործություններով զբաղվի։ Հույսները դրել են պարեկների վրա, օպերատիվ բլոկը ոչնչացրել են, ինչն էլ իր հերթին հանգեցրել է այս վիճակին։ Սա էլ իշխանության դիլետանտիզմի արդյունքն է։
– Երբ իքս վայրում սպանություն է տեղի ունենում, դրան հաջորդող շաբաթներին, անգամ ամիսներին, տվյալ վայրում անդադար ոստիկաններ են հսկում-շրջում, ինչը երբեմն զավեշտալի է, քանի որ կանխարգելիչ ոչինչ չի արվում, սակայն դեպքից հետո չգիտես թե ում կամ ինչն են հսկում։ Սա ի՞նչ պայքարի մեթոդ է։
– Այստեղ գուցե կա դեպքի պահպանության խնդիր, ամեն դեպքում, կադրերի սղության պատճառով էլ այսքան սպանություններ են լինում, քանի որ նրանց մեծ գործառույթ է վստահված։ Եթե պարեկային ծառայության վրա է այդ բեռը, դա նշանակում է, որ պարեկների թիվը կրկնակի պետք է ավելանա։ Էլ չենք խոսում պրոֆեսիոնալիզմի մասին, բարձրագույն կրթության անհրաժեշտության մասին։ Այսօր, նախկինի համեմատ, մենք դրսում սովորական բաժնի ոստիկաններ չենք տեսնում, քանի որ թաղային ոստիկաններ եւ այլն համատարած կրճատվել են, լրիվ թողել են պարեկային ծառայության վրա, որն ուղղակի ի վիճակի չէ իր վրա դրված ֆունկցիան կատարել։