Սրտիկ արեք ու անցեք
Thu, 19 Mar 2026 17:15:34 +0400
Գարուն է։ Լոռիում ձյան տակից դուրս են գալիս առաջին ձնծաղիկները։
Վանաձորում՝ ՔՊ-ի գովազդային պաստառները։ Բնությունն անկեղծ է։ Քաղաքականությունը՝ հնարամիտ։ Բնությունն իր օրենքն ունի։ Քաղաքականությունը՝ իր։ Մինչդեռ ոչ ոք հստակ չի ասել՝ քարոզարշավը սկսվա՞ծ է, թե՝ ոչ։ ՔՊ-ի համար դա մոտավորապես այն նշանակությունն ունի, ինչ լուսացույցի կարմիրը՝ շտապողի։
Վանաձորի կենտրոնում, Թումանյան հրապարակում, մի քանի օր եռուզեռ էր։
Հատուկ համազգեստով մարդիկ, վերամբարձ մեքենա, մետաղական հսկա կառուցվածք։ Ապամոնտաժում էին հին պաստառները։ Սովորական բան։
Թեեւ պաստառների համար գովազդատուները վճարում էին համայնքապետարանին` քաղաքի բյուջեն շահում էր։
Անցորդներն անտարբեր էին։ Հին գովազդը գնում է, նորը` գալիս, ի՞նչ տարբերություն։ Բայց այս անգամ տարբերություն կար։ Աշխատանքների ավարտից հետո վեր խոյացավ հսկայական պաստառը։ Պարզվեց` ՔՊ-ի գովազդային պաստառն է: Պարզ, մաքուր, գրեթե դատարկ, եւ դա, թերեւս, ամենաանկեղծ մասն է։
Որովհետեւ ի՞նչ գրեն։ Գրեն՝ պատերազմ հրահրեցինք, հազարավոր զոհեր տվեցինք, կորուստներ ունեցանք, հայրենի՞ք հանձնեցինք… Չէ՛։ Դա պաստառի վրա չի տեղավորվի, դա մնում է մարդկանց հիշողության մեջ։
Փոխարենը՝ թվեր կան։ Սիրուն թվեր՝ նվազագույն կենսաթոշակը 16 հազարից դարձել է 46 հազար։ Բայց չեն ասում՝ այդ 46 հազարով մարդը քանի՞ օր կարող է ապրել։ Չեն ասում՝ գներն ինչ են եղել այդ ընթացքում։ Պաստառի կենտրոնում «Խաղաղություն» բառն է, որը դարձել է ե՛ւ խոստում, ե՛ւ արդարացում, ե՛ւ թշնամու պահանջների առաջ խղճալի խոնարհման սիմվոլ:
Եվ, իհարկե, սրտիկը։ Փոքրիկ, կլորիկ, անմեղ սրտիկ։ Կարծես հրահանգ են իջեցնում՝ «Անցար՝ սրտիկ արա»։ Ինչպես եկեղեցու դիմաց խաչակնքվելն է սովորություն: Քաղաքական հավատքի նոր ծես է երեւի սրտիկելը:
Ասում են՝ սա դեռ սկիզբն է։ Հարյուրավոր պաստառներ են լինելու ամենուր։ Վահանակներ՝ ամեն քայլափոխի։ Ասում են՝ նույնիսկ Վանաձորի քաղաքային լճի շուրջը, որտեղ գրված է՝ «լողանալն արգելված է», պաստառներ են փակցնելու: «Խաղաղություն»։ «Կենսաթոշակ»։ Սրտիկ։ Լողանալ չի կարելի։ Գովազդել կարելի է։
Իսկ պաստառների համար ո՞վ է վճարում։ Մինչեւ հիմա բիզնեսն էր վճարում քաղաքին։ Իսկ հիմա՞։ Քաղաքապետարանի բյուջեն հարստանալո՞ւ է։ Թե՞ այս անգամ կարելի է պարզապես… չվճարել։ Խնայել, որ ավելի շատ ծախսվի պաստառների վրա։ Խնայել ներկայի վրա, որ ապագան գեղեցիկ թվա։
Քաղաքը՝ իր խնդիրներով։ Մարդիկ՝ իրենց սպասումներով։ Պաստառները՝ իրենց «խաղաղությամբ»։ Եվ ամեն տեղ նույն նշանը՝ սրտիկ։ Մնում է միայն հասկանալ՝ դա սիրո նշա՞ն է, թե՞ սրտի վերջին բաբախյուններն ենք արձանագրում։